«Հուշերի երեկո»՝ Անաստաս Միկոյանի պատվին

«Հուշերի երեկո»՝ Անաստաս Միկոյանի պատվին

Գիտությունների ազգային ակադեմիայում երեկ կարծես հուշերի երեկո լիներ: Հիշում եւ երկրպագում էին հայ հասարակության համար հակասական կերպար հանդիսացող Անաստաս Միկոյանին: Այս օրերին Ռուսաստանում լույս է տեսել Անաստաս Միկոյանի հուշերի գիրքը՝ «Մտորումներ անցյալից»: Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը նշեց, որ երիտասարդների համար օգտակար կլիներ այն կարդալը. «Ես կարծում եմ, որ այս գիրքը մեծ նշանակություն կունենա երիտասարդության համար: Հատկապես այս վերջերս ծավալված հակասական կարծիքների մասին եթե երիտասարդությունը ծանոթանա, պարզ կճանաչի Անաստաս Միկոյանին, որն իրոք հայ ժողովրդի արժանի զավակն է հանդիսանում»:



Ինքը՝ Միկոյանը, իր հուշագրերի մեջ ընթերցողին նախապես հիշեցրել է, որ ինքը գրող չէ. «Ես գրել եմ այն հուշերը իմ տեսածի, զգացածի եւ իմ ապրումների մասին: Հուշերն ընդհանրապես սուբյեկտիվ վերաբերմունք են երբեմն կրում: Ես բացառություն չեմ կազմում»:
Անաստաս Միկոյանի մասին ջերմ խոսում էր Ռուսաստանի հայերի միության մյուս փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցը, ով երեք տարի աշխատել է նրա հետ. «Ադրբեջանցի կեղծարարները Ստեփան Շահումյանի մասին էլ են գրում, թե նա Ադրբեջանին օգտակար բաներ է արել, մենք էլ կրկնօրինակում ենք նրանց: Մինչդեռ Ստեփան Շահումյանն առաջիններից է եղել, ով բարձրացրել է Հայաստանի անկախության հարցը»:



Վերջում գիրքը ներկայացրեց պատմական գիտությունների թեկնածու Վլադիմիր Գասպարյանը. «Շատ խորհրդանշական է, որ մենք այսօր քննարկում ենք Անաստաս Միկոյանի գիրքը, մի մարդու, ով կրել է մեր ժողովրդի լավագույն զավակների ավանդույթը»:
Ի դեպ, երեկ սոցցանցերում արդեն սկսվել էր հակամիկոյանական ալիքը, եւ այս անգամ թիրախը Գիտությունների ազգային ակադեմիան էր: Հայ երիտասարդ հասարակությունը երեւի թե երբեք չի ընդունի սովետական դեմքերին, որոնք ավագ սերնդի համար եղել են օրինակելի կերպարներ, սակայն մեր օրերում համարվում են ազգի դավաճաններ: