Ես լսել եմ Քոչարյանի և ռուսական «Ալֆա»-ի ղեկավարի խոսակցությունը հոկտեմբերի 27-ին

Ես լսել եմ Քոչարյանի և ռուսական «Ալֆա»-ի ղեկավարի խոսակցությունը հոկտեմբերի 27-ին

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, ով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի չարաբաստիկ օրը պատգամավոր էր և խորհրդարանում է եղել, բայց միջանցքներում՝ ոչ դահլիճում, սխալ է համարում 27-ի ոճրագործության հետևում ռուսական հետք փնտրելը։ Ըստ նրա՝ այդ ամենը ՄԻՏ-ի՝ թուրքական հետախուզության կազմակերպածն է։ Նա նաև կարծում է, որ Հոկտեմբերի 27-ը տասնամյակներ հետ շպրտեց մեր երկիրը զարգացումից։



«Ես շատ մոտ հարաբերությունների մեջ եմ գտնվել Կարեն Դեմիրճյանի հետ, ծանոթ էի նրա ծրագրերին և ավելի քան համոզված եմ, որ մեր երկիրը ոչ թե ավելի դրական ճանապարհով կգնար, այլ մենք այս փոսի միջից դուրս եկած կլինեինք շատ վաղուց՝ դեռ 2000 թվականից»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Գ․ Եղիազարյանը։



Իսկ թե ինչու է նա համոզված պնդում, որ անիմաստ է այնտեղ փնտրել ռուսական հետքը, և, որ ռուսները որևէ կապ չունեն այդ ամենի հետ, Եղիազարյանն ասաց․ «Ասեմ, որ Կարեն Դեմիրճյանը Ռուսաստանի մեծ բարեկամն էր, օրինակ, և ոչ մի դեպքում էդպես չէին վարվի կոնկրետ ռուսները։ Ես գիշերը եղել եմ այնտեղ, երբ հրավիրվել էր «Ալֆա» ջոկատը, որպեսզի մասնակցեր ահաբեկիչներին վնասազերծելու գործողությանը, և լսել եմ խոսակցությունը «Ալֆա»-ի հրամանատարի և Ռոբերտ Քոչարյանի միջև։ Երբ որ Քոչարյանն ասաց՝ ձեր մտնելուց հետո զոհեր կլինեն, ռուսները պատասխանեցին, որ փոքր տարածության մեջ մարդիկ բավականին խիտ նստած են, և բնական է, որ ինչպես պատանդների, այնպես էլ ահաբեկիչների կողմից զոհեր կարող են լինել, և թե՛ ռուս հրամանատարը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը հանգեցին նրան, որ հարկավոր չէ գրոհել դահլիճը, քանզի ահաբեկիչները նրանց ողջ էին պետք՝ հետագայում ցուցմունք տալու համար»։
Ահա այստեղ Եղիազարյանը տրամաբանում է հետևյալ կերպ, որ եթե ռուսական հետքն ենք փնտրում, ապա այս դեպքում ռուսական «Ալֆա»-ն կմտներ և նրանց կոչնչացներ։



Մեր այն հարցին, թե թիրախը կոնկրետ ովքեր էին՝ հենց կոնկրետ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյա՞նը, թե՞ նրանցից միայն մեկը, և մյուսներն ուղղակի պատահական զոհեր են եղել, Գ․ Եղիազարյանն ասաց․ «Իմ կարծիքով՝ թիրախը հենց երկուսն էին՝ ԱԺ նախագահն ու վարչապետը»։



 Վահե ՄԱԿԱՐՅԱՆ