Սերժ Սարգսյանը «գրողի ծոցից» գերադասեց փոխզիջումը

Սերժ Սարգսյանը «գրողի ծոցից» գերադասեց փոխզիջումը

Դեռեւս հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանություններին իրենց հետ բանակցելու շանս ընձեռեց՝ հետեւյալ ձեւակերպմամբ. «Վարչախմբից այլեւս սպասելիք չունենալով, այսուհետեւ մենք նրան պահանջներ կամ փոխզիջումային առաջարկներ, առավել եւս վերջնագրեր չենք ներկայացնելու: Մեր ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի երկխոսության եւ փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից: Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք, իսկ եթե ոչ, ապա, գործող նախագահի օրինակով, դրանք կուղարկենք գրողի ծոցը»: Թերեւս այս առաջարկի շրջանակներում է պետք դիտարկել մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունները՝ կապված 12 կետի եւ դրանց առնչությամբ իրենց անելիքների հետ:



Նախօրեին քառյակի անդամ ՀՅԴ-ն էր հայտարարել, թե պատրաստ է մասնակցել 12 կետի հետ կապված քննարկումներին, իսկ երեկ, եռյակի նիստից հետո, հնարավոր երկխոսության մասին խոսել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ասելով, որ եռյակը նիստում քննարկել եւ որոշել է՝ մինչեւ չհամոզվեն, որ իշխանությունները, Սերժ Սարգսյանն անկեղծ են իրենց հայտարարությունների կամ առաջարկի մեջ, նրանց հետ քննարկումների չեն գնա: Իշխանության անկեղծության բանաձեւը, ըստ եռյակի, 10-րդ կետից սկսելն է. «Ընտրական օրենսգրքի փոփոխություն՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու եւ ընտրություններից հետո ընտրողների ցուցակները հրապարակելու քայլը»: Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ սկսվեց սակարկումը: Արդյոք իշխանություն եւ ոչ իշխանություն հարաբերությունները թեւակոխեցին նոր՝ երկխոսությա՞ն փուլ՝ «12 կետ» օրակարգով: Հարցին ոգեւորությամբ արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը. «Նախ ասեմ, որ երկխոսությունը մշտապես ինչ-որ ձեւով արտահայտվել է, այնպես չէ, որ նոր պրոցես է, բայց այս դեպքում, երբ ամբողջ ոչ իշխանական ուժերը ոչ հաճելի լեքսիկոնով ու բառապաշարով քննադատում, հայհոյում են, որ հենց էս պահին իրականացվում է իշխանափոխություն, ու մոտ ապագայի խնդիր է, նախագահը հանգիստ իր ոճի մեջ հանդես եկավ կառուցողական առաջարկով, եւ ես ըմբռնումով եմ գնահատում ընդդիմության մոտեցումը, որ քննարկում են հարցը»: Նիկոյանը հիշեցնում է, որ վերջին շրջանում ընդդիմությունը շատ արագ շրջել էր 12 կետի էջը, արձանագրել՝ բան չի փոխվել, ու պայքարը տեղափոխել էր իշխանափոխության դաշտ. «Ո՞վ ասեց, որ 12 կետերը վերջնական են ու բովանդակության մեջ կատարյալ, իհարկե ոչ: Բայց ուշադրություն դարձրեք, որ այդ կետերից որոշները կատարման ընթացքի մեջ են: Յուրաքանչյուր հարց քննարկելի է»:



Իսկ որ 10-րդ կետից են ուզում սկսել, մինչդեռ Սերժ Սարգսյանն առաջարկում է առաջին կետից, դա խանգարո՞ղ հանգամանք է: «Խոսքն այդ պահանջագրի հարցերի քննարկմանն է վերաբերում, որի համար պատրաստակամություն է հայտնել Սերժ Սարգսյանը: Ես չեմ կարծում, որ յուրաքանչյուրի ձեւակերպումը հարյուր տոկոսով հնարավոր է իրականացնել, կարծում եմ՝ ճիշտ է երկու կողմից այդ հարցերի քննարկման պատրաստակամությունը»:



Ուշագրավ է, որ ԲՀԿ-ական շարքերից հրաժարվում էին մեկնաբանություններ տալ, նշելով, որ իշխանության առաջ պայման դնելով՝ արդեն որդեգրում են դաշնակցականների ճանապարհը: Իսկ եթե որեւէ պայմանով պատասխանեն Սերժ Սարգսյանի առաջարկին, կստացվի հերթական անգամ սպանել Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր քաղաքացիների հույսը:



 Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ