Դավիթ Հարությունյանը հորդորում է՝ տեղափոխվեք Վրաստան

Դավիթ Հարությունյանը հորդորում է՝ տեղափոխվեք Վրաստան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ իր մտահոգությունն էր արտահայտում դոլար-դրամ տատանումների եւ ստեղծված ծանր տնտեսական վիճակի կապակցությամբ: Նրա հայտարարությունը, սակայն, ավելի շատ դեկլարատիվ բնույթ էր կրում՝ առանց որեւէ գործնական քայլերի մատնանշման: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, սակայն, համաձայն չէ մեր այս դիտարկմանը՝ նշելով, որ գործնական քայլերը կքննարկվեն խորհրդարանում եւ կներկայացվեն հանրությանը:



Մեր հարցին, թե Կենտրոնական բանկն իր նախագահով արդյոք մեղքի բաժին չունի՞ այստեղ, որ չի կարողանում զսպել գնաճն ու վալյուտային տատանումները, Հարությունյանն ասաց. «Գիտե՞ք, կարծում եմ՝ ամենաանհեթեթ մոտեցումը կլինի ցանկացած ճգնաժամային իրավիճակում որոնել մեղավորների, ինչպես գիտեք, հաղթանակը բազմաթիվ տերեր ունի, իսկ պարտությունն ընդհանրապես որբ է: Չեմ կարծում, որ սխալներ չեն եղել, սխալներ եղել են բոլորի կողմից, եւ սա կարող է նաեւ կուտակված սխալների արդյունք լինել, կարող է նաեւ հուզական արձագանք լինել, արտաքին գործոններ... այսինքն՝ սա բազմակոմպոնենտ իրավիճակ է, այնպես որ, ուղղակի մեկին մեղադրել, ես կարծում եմ՝ ճիշտ չէ»:



Մեր դիտարկմանը, թե այդ սխալների արդյունքում այսօր ժողովուրդը լրջորեն տուժում է, Դավիթ Հարությունյանը տվեց ծեծված պատասխան. «Սխալ չի անում միայն չաշխատողը»:
Մեր հարցին, որ Վրաստանում, օրինակ, կառավարությանն ու ազգային բանկին հաջողվել է սահմանափակ եւ ֆինանսական ինտերվենցիաների միջոցով կայունացնել ազգային տարադրամի վիճակը շուկայում եւ ամրապնդել տեղական արտարժույթի դիրքերը՝ մեղմելով ճգնաժամը, արդյոք հնարավոր չէ՞ր մեզ մոտ էլ նույնկերպ վարվել, Հարությունյանն ասաց, որ համեմատությունը ճիշտ չէ. «Տեղափոխվեք Վրաստան: Եթե Ձեր դուրն այդքան գալիս է Վրաստանի վարած քաղաքականությունը, տեղափոխվեք Վրաստան»: Իսկ վարչապետն արդյոք իրենց արդեն հստակ հանձնարարականներ տվե՞լ է, թե գործնականում ինչ քայլեր պետք է ձեռնարկել, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը կրկին «ամեն ինչ գցեց խորհրդարանի վրա»՝ ամեն ինչի մասին կխոսվի ԱԺ-ում:



Նշենք, որ Ազգային ժողովում երեկ արտահերթ նիստ էր հրավիրվել՝ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ գտնելու կապակցությամբ: Այն դռնփակ էր լրագրողների համար: Մենք տեղեկացանք, որ հաղորդումով հանդես են գալու ֆինանսների նախարարը, ԿԲ եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահները: Ապա վերջիններս պատասխանելու են պատգամավորների հարցերին: Հարցեր տալու համար հերթագրված է եղել 37 պատգամավոր: