Իշխանությունն ու ընդդիմությունը հանդիպակաց են շարժվում

Իշխանությունն ու ընդդիմությունը հանդիպակաց են շարժվում

Ամանորյա տոներից հետո քաղաքական նոր սեզոնի մեկնարկի՝ համաժողովրդական շարժման վերսկսման գործընթացի մասին մեր տեղեկությունները երեկ ոչ միայն հաստատվեցին, այլեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը որոշ մանրամասներ հայտնեց՝ հարուցելով ԲՀԿ-ի դաշնակից ՀԱԿ-ի քողարկված վրդովմունքը: Նախօրեին մենք գրել էինք, որ հունվարի 20-ին Ծառուկյանը նախաձեռնել է խորհրդաժողով՝ քննարկելու շարժման հետագա անելիքները: Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն տարածեց, որ այդ խորհրդաժողովը կրելու է խորհրդատվական բնույթ, եւ հրավիրյալ քաղաքական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական ակտիվիստների մասնակցությամբ քննարկվելու են իրավիճակը, ելքերը:



«Քննարկվելու է երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական բարդ վիճակը: Սա խորհրդակցական բնույթի միջոցառում է, որի նպատակն է վերլուծել, ամփոփել արդեն իսկ կատարված ծավալուն աշխատանքը, քննարկել հետագա անելիքներն ու քայլերը: Մեզ համար կարեւոր են քաղաքական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների տեսակետներն ու մոտեցումները: Մենք կարեւորում ենք, որ յուրաքանչյուրի փաստարկված առաջարկն ու տեսակետը տեղ գտնեն ընդհանուր որոշումների կայացման գործում: Գիտակցելով, որ երկրի համար կենսական կարեւորություն ունեցող հարցերի քննարկումն ու որոշումների ընդունումը չպետք է սահմանափակվեն նեղ կուսակցական ձեւաչափով, մենք իրոք կարեւորում ենք մեր քաղաքական գործընկերների ու երկրի խնդիրներով մտահոգ քաղաքական ուժերի ու հասարակական ակտիվ շրջանակների տեսակետներն ու շահագրգիռ մասնակցությունը»:



Հայտարարության մեջ հարկ են համարել հատուկ ընդգծել, որ սա ոչ թե ԲՀԿ միջոցառումն է, այլ Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությունը՝ թերեւս հերթական անգամ ընդգծելով Ծառուկյանի լիդերության հանգամանքը: Այս առումով ՀԱԿ արձագանքում նկատելի վրդովմունք կար եւ անուղղակի հայտարարություն խորհրդակցությանը չմասնակցելու մասին:



ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը, պատասխանելով iLur-ի հարցին, նշել է. «Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ-ն, բացի եռյակից, խորհրդակցությունների շարք են սկսել քաղաքական այլ ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ: Հունվարի 20-ին հայտարարված հավաքն էլ այդ շարքի հերթական միջոցառումներից է, ինչի մասին մեր գործընկերները մեզ նախապես տեղյակ էին պահել: Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը, ապա մենք ԲՀԿ-ի հետ համագործակցում եւ խորհրդակցություններ ենք անցկացնում երկկողմ կամ եռյակի ձեւաչափերով»:



Համաժողովրդական շարժմանը միացած եւ Ծառուկյանի հետ ձեռք սեղմած Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար, 2008թ. համաժողովրդական շարժման մասնակից Հովհաննես Հովհաննիսյանը դեռեւս չի որոշել, թե կոնկրետ ինչ առաջարկներով է հանդես գալու, բայց մի բանում վստահ է՝ ինքը հակված չէ եռյակի որդեգրած «թավշյա հեղափոխության» մոդելին, առաջարկելու է արագ իշխանափոխության տարբերակ. «Ես արագ փոփոխությունների կողմնակից եմ, որովհետեւ իմ տեսակետը շատ օբյեկտիվ է, որովհետեւ ես այսօր ոչինչ չեմ տեսնում, որ իշխանությունները ձեռնարկում են տնտեսական եւ քաղաքական կրախը կանխելու ուղղությամբ:



Ես հասկանում եմ, որ այս պարագայում երկրում շատ ծանր իրավիճակ է ստեղծվելու, ցավով եմ ասում, բայց այդպես է լինելու՝ կապված դրամի անկման եւ տնտեսական անկման, թանկացումների հետ, մարդիկ մոտ ապագայում այլեւս չեն կարողանալու այս երկրում ապրել, ամբողջ աշխարհում նավթի գինը երկու անգամ ընկել է, մինչդեռ Հայաստանում թանկացել է, իսկ սրա պատճառը մոնոպոլիաներն են՝ քաղաքական ու տնտեսական»: Արագ իշխանափոխության պարագայում բարիկադներն անխուսափելի չե՞ն լինելու, իսկ հայտնի է, որ բարիկադների բաժանվելն անցանկալի է ԲՀԿ-ականների համար՝ հիշեցրինք մենք: Հովհաննիսյանն արձագանքեց. «Ամեն անգամ նույն բանը չի կարող կրկնվել, իշխանությունների համար էլ դժվար է երկու անգամ նույն գետը մտնել:



Առաջացել է միակողմանի ճանապարհ, ու հանդիպակաց միմյանց ուղղությամբ են շարժվում իշխանությունն ու ընդդիմությունը, եթե երկրի ապագայի մասին իշխանությունների մոտ այս խորապես գիտակցումը լինի, ես կարծում եմ՝ բարիկադներ չեն լինի»: