Ոսկե ձայնադարանի հերթական ալբոմը՝ երաժշտասեր հասարակությանը

Ոսկե ձայնադարանի հերթական ալբոմը՝ երաժշտասեր հասարակությանը

Հայաստանի հանրային ռադիոյի ձայնադարանը համալրվել է թվայնացված եւս մեկ ալբոմով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ մշակույթի նախարարության եւ «Պրոլայթինգ» ընկերության համագործակցության արդյունքում այս անգամ ստեղծվել է Կոմիտաս վարդապետի 145-ամյա հոբելյանին նվիրված ձայնասկավառակ, որը ներառում է հայերեն եւ անգլերեն յոթ աուդիո եւ մեկ մուլտիմեդիա սկավառակ: Ալբոմում ընդգրկված են Կոմիտասի լուսանկարներ եւ մատիտանկարներ, վարդապետի կատարմամբ պահպանված ձայնագրություններ, ինչպես նաեւ Հայաստանի երաժշտական կոլեկտիվների կոմիտասյան ստեղծագործությունների լավագույն կատարումներ:



Այս ինքնատիպ հավաքածուն կարեւոր է ոչ միայն որպես սերունդներին փոխանցվող մշակութային արժեք, այլեւ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ներկայացվող կոչնակ` ուղղված ամբողջ աշխարհին: Հավաքածուն նախատեսված չէ վաճառքի համար: Թվայնացված ալբոմը տրամադրվելու է աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին: Ձայնասկավառակն ապագա սերունդներին ուղղված պատգամ է` պահպանելու եւ տարածելու մեզ հասած մշակութային հարուստ ժառանգությունը:



«Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար»: Սա Պարույր Սեւակի խոսքերն են: Ժամանակն է, որ պատշաճ մակարդակով եւ հետեւողականորեն աշխարհին ներկայացնենք հանճարեղ հայի ստեղծած երաժշտական գանձերը: Կոմիտասյան հարուստ ժառանգության ընտրանին Հայոց եղեռնի հարյուրամյա տարելիցին ներկայացնելն ունի բարոյական մեծ խորհուրդ: Պետք է ոչ միայն խոնարհվենք, ակնածանք տածենք Կոմիտասի նկատմամբ, այլեւ, նրա ապրած կյանքի տիրական ներկայության օրինակով, փորձենք նպաստել ազգի միասնականությանը, ազգային նպատակների իրագործմանը՝ ապրելով եւ գործելով այնպես զուսպ, հետեւողականորեն ու մտածված, ինչպես դա մեզ պարտադրում են նրա թողած ժառանգությունն ու կերպարը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



«Կոմիտաս» ալբոմը թողարկվել է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Ծրագիրը կյանքի կոչելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 25 մլն դրամ, իսկ Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ձայնադարանը համալրելու ընդհանուր ծրագրի համար՝ ավելի քան 64 մլն դրամ: