Տեր-Պետրոսյանն արդեն ոչ թե լսելու, այլ կարդալու համար է

Տեր-Պետրոսյանն արդեն ոչ թե լսելու, այլ կարդալու համար է

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ չի լսել, լսել է միայն այն հատվածը, որ առաջին նախագահը հայտարարել է, թե մինչեւ ապրիլի 24-ը դադարեցնում է հանրահավաքները: Երեւի իշխանության համար ամենահաճելի մասը հենց սա էր, դրա համար էլ սա է տպավորվել: Նրա կարծիքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին կարելի է արդեն ոչ թե լսել, այլ ազատ ժամանակ կարդալ՝ որպես քաղաքագիտական գրականություն:
«Բայց, որպես ակտիվ քաղաքական պրոցեսներում ընդգրկված քաղաքական գործիչ, կարծում եմ, որ ՀԱԿ-ն իր գործն արել է, ՀԱԿ-ը կարող է հեռանալ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ու ընդդիմադիր մյուս ուժերի միջեւ բռնկված հակամարտությանը, ԱԺ փոխնախագահը հորդորեց մատի ու մատանու արանքը չմտնել:



Հարցին, թե որքանով է արդարացված նախագահների թոշակը ցմահ դարձնելու օրենսդրական այս նախագիծը, որ քննարկվում է խորհրդարանում, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Արդարացված է: Մենք պիտի կարողանանք հարգել մեր նախագահի ինստիտուտը, որովհետեւ նախագահի ինստիտուտը մեր պետության սիմվոլներից մեկն է: Սա նաեւ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, նա 70 տարեկան է արդեն, եւ անկախ նրանից՝ մենք ինչպիսի կարծիքներ ունենք նրա ելույթների մասին, ինչպիսի քաղաքական ճամբարներում ենք գտնվում, ինքը մեր երկրի առաջին նախագահն է, եւ մենք պիտի կարողանանք պետական գաղափարախոսություն սերմանել եւ ունենալ էլեմենտար հարգանք էդ ինստիտուտի նկատմամբ: Սա անհրաժեշտություն է»:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ