Էսօր եթե մեկն էլ ուզենա Ծառուկյանի նման լիդեր լինել, չի կարողանա

Էսօր եթե մեկն էլ ուզենա Ծառուկյանի նման լիդեր լինել, չի կարողանա

Շատերը նոնսենս համարեցին ընդդիմադիր ԲՀԿ-ի նորընտիր ղեկավարության կազմում քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Վարդանյանի հայտնվելը, ում «պոչը» գտնվում է իշխանությունների ոտքի տակ, ում նախարար աշխատած տարիներին քաղաքաշինության ոլորտում բացահայտված հսկայական չարաշահումների փաստով նույնիսկ գործ հարուցվեց: «Չե՞ք վախենում, որ Ձեր ընդդիմադիր գործունեության արդյունքում կվերաթարմացվի այդ գործը»,- երեկ հետաքրքրվեցինք Վարդան Վարդանյանից: «Դրանք իրականությունից կտրված խոսակցություններ են, դուք որտեղի՞ց եք վերցրել, որ իմ վրա գործ կա հարուցված»,- զարմացավ Վարդանյանը: «Գրադարանների պատմության գործով քննությունը գնաց, ու մեղավորներն էլ պատժվեցին, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ»: Այսինքն՝ նախկին նախարարը պատրաստվում է ընդդիմադիր գործունեություն ծավալել: «Ես պատրաստ եմ իմ կուսակցության հետ առաջ քայլել»: Թե ում է ընդդիմադիր լինելու Վարդանյանը, չպատասխանեց՝ հորդորելով այդքանով սահմանափակվել:



Հիշեցնենք, որ 3 տարի առաջ հայտնի դարձավ, որ Վ. Վարդանյանի պաշտոնավարման տարիներին Ազգային գրադարանի վերանորոգման նպատակով բյուջեից հատկացված 700 մլն դրամի մեծ մասը փոշիացվել է, իսկ գրադարանն էլ կիսավերանորոգված է մնացել: Բացահայտվեց նաեւ, որ խոշոր գումարներ են մսխվել մի շարք դպրոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում: Այդ չարաշահումների հետ կապված՝ Գլխավոր դատախազությունում քրգործ հարուցվեց, Վ. Վարդանյանը հարցաքննվեց: Իսկ իշխանական կուլիսներում խոսակցություններ գնացին, որ նախկին նախարարը մի կլորիկ գումար է վճարել՝ փակելով իր պատճառած վնասները, ու գործը փակվել է:



Ծառուկյանը կապ չունի ԲՀԿ-ից «արտագաղթի» հետ



ԲՀԿ-ին սպառնացող ոչնչացման, կուսակցությունից ահագնացող արտագաղթի պատճառների եւ ապագա անելիքների մասին զրուցեցինք ԲՀԿ-ի կազմակերպչական հարցերով նախագահի տեղակալ, ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի հետ:



- Պարոն Վարդանյան, ինչո՞վ կբացատրեք կուսակցությունը մասսայական լքելու հանգամանքը, կուսակցության նորընտիր ղեկավարը հայտարարել է, որ կուսակցության ներսում կա հայտնի մի «կենդանի», ով իր առջեւ խնդիր է դրել ամեն ինչ անել՝ կուսակցությունը կազմալուծելու համար: Դուք ճանաչո՞ւմ եք այդ «կենդանուն», ո՞վ է նա, կամ ովքե՞ր են լծվել ԲՀԿ-ն ոչնչացնելու գործին:



- Ես, ճիշտն ասած, պատգամավորների մասին ոչինչ ասելու չունեմ, որի մասին տիկին Զոհրաբյանն ասել է, բայց մեր տարածքային կառույցներից կոնկրետ փաստ ունե՞ք, որ ով է լքել կամ ինչ է արել, կարծում եմ՝ նման բան չկա:



- Նախօրեին Կոտայքի մարզի 26 համայնքապետեր հայտարարեցին կուսակցությունը լքելու մասին, ամեն օր մամուլում անուններ են հրապարակվում դուրս եկողների մասին, շրջանառվում են տեղեկություններ, որ Գագիկ Ծառուկյանը տարածքային կառույցներից հետ է պահանջում իր գույքը: Քիչ առաջ էլ տեղեկություն ստացանք, որ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարն է դիմում գրել, Ձեզ հայտնի՞ չէ այս ամենը:



- Հաստատ համոզված եմ, որ պարոն Ծառուկյանը կապ չունի այդ գործընթացի հետ: Իսկ Արաբկիրի կառույցի ղեկավարը կարող է ինքը դիմում գրի ու կուսակցությունից դուրս գա կամ կառույցի խորհրդից, բայց նա իրավասու չէ ամբողջ կառույցի անունից հանդես գալ, այդ Արաբկիրի կառույցում մենք ամենաքիչը 5-6 հազար կուսակցական ունենք եւ ոչ միայն այդ, այլեւ բոլոր տեղերում: Ո՞վ է իրենց այդ իրավունքը տվել, որ ամբողջի անունից խոսեն, բացի դրանից, մենք դեռ նրա դիմումը չենք ստացել:



- Իսկ մյուս դեպքե՞րը, կուսակցական գրասենյակները փակվելու մասին լուրե՞րն էլ Ձեզ մտահոգվելու առիթ չեն տալիս:



- Նման մտավախություն չկա, որովհետեւ ոչ մեկն էլ կուսակցական գույքը հետ չի պահանջում, դա սուտ տեղեկություն է: Ավելին՝ դուք ինչո՞ւ եք բացառում, որ կլինեն մարդիկ, որոնք ցանկություն կհայտնեն ընդգրկվել կուսակցության շարքերում, ինչպես լքելու ցանկություն ունեցողներ կան, նորմալ է ամեն ինչ:



- Իսկ գոնե պարզե՞լ եք, թե ինչ պատճառներով են լքում ԲՀԿ-ն:



- Ես չգիտեմ, ամեն մեկն իր պատճառն ունի:



- Գագիկ Ծառուկյանի անձո՞վ է պայմանավորված, թե՞ նա է դրան մղում՝ կատարելով Սերժ Սարգսյանին տված իր խոստումը:



- Ես նման բան չեմ լսել, ավելին՝ Գագիկ Ծառուկյանը բացարձակապես այդ խնդրի հետ կապ չունի, ես դա հստակ եմ ասում: Ես միշտ ասել եմ եւ հիմա էլ կկրկնեմ, որ էսօր եթե Ծառուկյանի նման որեւիցե մեկն էլ ուզենա նման լիդեր լինել, չի կարողանա, հնարավոր չի:



- Իսկ Դուք ինքնե՞րդ ցանկացաք ստանձնել ԲՀԿ-ի կառավարման գործը, թե՞ Ձեզ առաջարկեցին:



- Իմ գործընկերների խնդրանքներով ու հորդորներով ստանձնեցի, հանդիպումների, զրույցների, քննարկումների արդյունքում որոշեցի, որ ստանձնեմ այդ պաշտոնը, եւ, վերջին հաշվով, դա ընտրովի պաշտոն է, եւ ինձ ընտրել են, քաղխորհուրդը հաստատել է իմ թեկնածությունը, ես շնորհակալ եմ իմ գործընկերներից, կփորձեմ անել հնարավորը:



- Գագիկ Ծառուկյանն անձամբ Ձեզ առաջարկե՞լ է ստանձնել այդ պաշտոնը եւ կուսակցությունը:



- Պարոն Ծառուկյանը հայտարարեց, որ քաղաքականությունից դուրս է գալիս եւ քաղաքականությամբ չի զբաղվելու, եւ հստակ կարող եմ ասել, որ մինչեւ այս պահն էլ նա կուսակցական ոչ մի գործերի հետ չի առնչվում:



- Բայց լքելո՞ւ է խմբակցությունը:



- Դեռեւս չունենք նման ինֆորմացիա: Նորից եմ կրկնում՝ հնարավոր է, որ մարդիկ լինեն, որ լքեն կուսակցությունը, բայց ոչ մեկին իրավասություն չի տրված, որ խորհրդում կամ բազմահազար կուսակիցների անուններից խոսեն:



- Իսկ արդեն չափանիշ չէ՞, որ խմբակցությունը փլուզվում է, կուսակցությունից հեռանում են նախկին դերակատարները:



- Ես չեմ ուզում մեր պատգամավորների անունից խոսել, ինչ-որ հայտարարություններ անել, ճիշտ կլինի Դուք իրենցից հարցնեք, թե ինչու են լքում, ամեն մեկի անձնական որոշելիքն է:



- Պարոն Վարդանյան, խոսակցություններ կան նաեւ, որ ԲՀԿ-ի կազմաքանդման գործի ստվերային կառավարումն ստանձնել է Աբրահամ Մանուկյանը, ով «աչք է ունեցել» Ձեր զբաղեցրած պաշտոնին: Նրա հետ հակասություն ունեցե՞լ եք:



- Ճիշտ կլինի պարոն Մանուկյանից հարցնեք, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել:



- ԲՀԿ-ն, փաստորեն, հայտարարել է ընդդիմադիր կուսակցություն դառնալու մասին, ինչպե՞ս եք պատկերացնում այդ կարգավիճակում նախկինում իշխանական, հետո այլընտրանք ԲՀԿ-ին: Ի՞նչ ընդդիմություն եք դուք լինելու՝ արմատական, կառուցողական:



- Եթե կուսակցությունը հայտարարել է, որ մենք ընդդիմություն ենք, վաղը, մյուս օրը նաեւ ԱԺ-ն դա կընդունի, բնականաբար, բոլորս էլ ընդդիմություն ենք: Իսկ թե ոնց կլինի, ինչ կլինի, դա արդեն ժամանակը ցույց կտա: Մեր աշխատանքի արդյունքում դուք կհամոզվեք:



- Բայց գաղափարներ, ծրագրեր պիտի ունենաք, օրինակ, ո՞ւմ եք ընդդիմադիր լինելու:



- Դրա համար եմ ասում՝ մեր աշխատանքը կտեսնեք, կհամոզվեք:



- Դուք խուսափում եք ապագայի ծրագրերի մասին խոսել, զուգահեռ, մամուլը տեղեկացնում է Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հետ ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումների մասին: Արդեն իսկ ակնհայտ է, որ նոր ԲՀԿ-ն կառավարվող ընդդիմության շարքերում է հանգրվանելու:



- Նման հանդիպումներ չեն եղել, եւ մենք էլ կառավարվող ընդդիմություն չենք լինելու: