Ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանը դեռ ԱԱԽ անդամ է և ֆեդերացիայի նախագահ

Ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանը դեռ ԱԱԽ անդամ է և ֆեդերացիայի նախագահ

Ապրիլի 25-ին կլրանա մեկ տարին, ինչ Ազգային անվտանգության խորհուրդը քարտուղար չունի: Կոալիցիան լքելուց եւ իրեն ընդդիմադիր հռչակելուց հետո «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հրաժարվել էր ԱԱԽ քարտուղարի պաշտոնից, ու մինչ օրս այն թափուր է: Սակայն ընդդիմադիր գործիչը շարունակում է մնալ Ազգային անվտանգության խորհրդի անդամ: Իրական ընդդիմադիրներին իշխանությունը հռչակում է թշնամի ու մեր ազգային անվտանգությանն սպառնացող լուրջ վտանգ, իսկ ահա Արթուր Բաղդասարյանի պարագայում լրիվ հակառակն է՝ նա երկրի առաջին դեմքերի հետ նույն սեղանի շուրջ քննարկում է մեր ազգային անվտանգության հարցերը: Իսկ ԱԱԽ անդամներ են վարչապետը, ԱԺ նախագահը, պաշտպանության նախարարը, արտգործնախարարը, ՍԴ նախագահը, փոխվարչապետը, գլխավոր դատախազը, ԱԱԾ պետը, ոստիկանապետը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, զինված ուժերի շտաբի պետը:



ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին էլ հայտնի դեպքերից հետո ազատեցին ԱԱԽ անդամի պաշտոնից: Ի դեպ, միայն այս պաշտոնը չէ, որ պահպանել է Բաղդասարյանը: Աղմկահարույց ընտրությունների արդյունքում Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրված Արթուր Բաղդասարյանը չի հրաժարվել նաեւ այդ պաշտոնից: Հիշեցնենք, որ հենց այդ ընտրությունների ժամանակ լարվեցին նրա եւ ՀԱՕԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները, ով չէր ընդունում վերջինիս ընտրությունը: Թերեւս մինչ այժմ էլ չի ընդունել, քանի որ մինչ օրս ՀԱՕԿ պաշտոնական կայքում, որպես ֆեդերացիայի նախագահ, նշված է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը: