Նոր դաշինքների, ալյանսների շքերթ կսկսվի

Նոր դաշինքների, ալյանսների շքերթ կսկսվի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ կատարվող իրադարձություններից հետո քաղաքական դաշտում նոր իրավիճակ է ստեղծվել: Նոր պրոցեսների սկիզբ է դրվել: Չնայած որոշ ուժերի «վախն» իշխանությունը բռնեց, բայց ընդհատակում նոր դաշինքների ու ալյանսների ձեւավորման գործընթացներ են ընթանում, որոնք առաջիկայում ավելի կակտիվանան: Բանն այն է, որ մինչեւ հաջորդ ընտրություններ շատ ժամանակ չի մնացել, իսկ Սահմանադրությունը փոխելու եւ պառլամենտական կառավարման անցնելու պարագայում շատ կարեւոր է, թե որ ուժերն ու անձինք են խորհրդարան մտնելու: Այժմ մի տեսակ «տաբուլա ռասա»՝ մաքուր տախտակի իրավիճակ է ստեղծվել, երբ նոր ստարտային վիճակում են հայտնվել բոլորը: Ով կհաղթահարի այսօրվա դժվարությունները, ովքեր կուլ կգնան մրցակցությանը եւ ովքեր կկարողանան ավելի ուժեղացած դուրս գալ այս փորձություններից, ցույց կտա ժամանակը:



Մեր տեղեկություններով, իշխանությունը ձեռքերը ծալած չի նստելու՝ փորձելու է ձեւավորել քաղաքական դաշտը: Միաժամանակ որոշակի ազատություն է տալու քաղաքական ուժերին՝ միանալ, ակտիվանալ, ալյանսներ ու միավորումներ ստեղծել՝ 2017-ի ընտրություններին ընդառաջ: Նախ պետք է հասկանալ, թե ով ում բարեկամն է, ով իրենից ինչ է ներկայացնում: Անշուշտ, նաեւ որոշ տեղեր կգործուղվեն իշխանության «էմիսարները», որպեսզի համակարգեն քաղաքական տարբեր խմբավորումների ձեւավորումը: Խնդիրը դաշտում «մրցունակ» բեւեռներ ստեղծելն է՝ կազմված եվրոպամետներից ու ռուսամետներից, իսկ ամենահաջողակ, հանրային աջակցություն ստացող պրոյեկտներում ընդգրկվածներն էլ կձեւավորեն ապագա խորհրդարանը: Տեղեկություններ կան, որ «էմիսարների» թվում որոշակի տեղ ու դեր է ունենալու ՄԻԱԿ ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանը:



Նոր ուժեր եւ ալյանսներ ձեւավորելու գործընթացներում հատկապես ակտիվ դերակատարում են ունենալու անկախ կամ կուսակցություններից անկախացած պատգամավորները: Օրինակ, Էդմոն Մարուքյանը, ով վերջերս ԱԺ ամբիոնից հորդորեց իշխանական եւ ոչ իշխանական ուժերին՝ համատեղ «մաքրվել» դաշտից, քանի որ մարդիկ հոգնել են հին դեմքերից եւ միայն հայհոյող ուժերից: Մարուքյանի ընդդիմադիր նախաձեռնությունը, որն ընտրությունների նախաշեմին կդառնա կուսակցություն, կընդգրկի հիմնականում երիտասարդների: Պատգամավորն այս օրերին ԱՄՆ-ում է, նրա հետ զրուցել չհաջողվեց: Խմորումներ կան նաեւ ազատական դաշտում, Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ 5 հակառուսական ուժեր՝ «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, ԱԻՄ-ը, պահպանողականները եւ «Ժողովրդավարական հայրենիքը», մոտ 2 ամիս է, ինչ ակտիվ հանդիպումների եւ քննարկումների փուլում են, եւ չի բացառվում, որ ինչ-որ ձեւաչափով միավորվեն: Բայց եթե այդ դաշինքը գլուխ բերվի, ապա դուրս կմնան արեւմտամետ ուժերի կարկառուն ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատները», Արամ Սարգսյանի «Հանրապետությունը» եւ մի քանի արեւմտամետ անհատ-գործիչներ, որոնք վերոնշյալ ուժերի կողքին իրենց ապագան չեն պատկերացնում նեղ անձնական հակասությունների, ինչու չէ՝ նաեւ ամբիցիաների պատճառով:



Օրինակ, Խաչատուր Քոքոբելյանի եւ նրա նախկին գործընկերներ Արարատ Զուրաբյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի համագործակցությունը ոչ մի պարագայում չի կարող կայանալ: Նրանց բաժանող տարաձայնությունները միջանձնային են եւ հարթվելու ոչ ենթակա: Սակայն տեղեկություններ կան, որ Արամ Սարգսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը համագործակցության եզրեր կարող են գտնել, նրանք, ըստ որոշ լուրերի, մտադիր են համատեղ դաշինք ձեւավորել եւ ներգրավել նաեւ ազատական հայացքների տեր որոշ մտավորականների ու անհատ գործիչների: Բայց քանի որ ապագա խորհրդարանում տեղերը սահմանափակ են լինելու, եւ պատգամավորների թիվը կրճատելու մտադրություններ կան, չի բացառվում, որ լուրջ տարաձայնություններ ունեցող որոշ գործիչներ հարկադրված լինեն մի կողմ դնել սեփական ամբիցիաներն ու մեկտեղվել: Ռուսամետների ալյանսի նախնական կազմին եւս դժվար չէ ծանոթանալ, խորհրդարանում ընդգրկված ՕԵԿ-ը, նորացված ԲՀԿ-ն, Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ը, Արամ Կարապետյանի «Նոր ժամանակները», Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգությունը» եւ ուրիշներ կարող են այս կամ այն կոնֆիգուրացիայով համագործակցել: Թեպետ արտախորհրդարանական այլ միավորումների ճանապարհը նույնպես փակ չէ:
Չի բացառվում, որ ամայացած քաղաքական դաշտն առաջիկայում վերածնվի, եռյակ-քառյակ-հնգյակներ, «գաղափարական» նոր միավորներ ի հայտ գան, որոնք թեժ պայքար կմղեն ապագա խորհրդարանում տեղ ունենալու համար: Ի դեպ, հնարավոր է նաեւ արտախորհրդարանական «խառը» տիպի մեծ դաշինքի ստեղծումը, հատկապես, եթե այն իշխանափոխության նպատակ չհետապնդի, կարող է փոխարինել ՀՀԿ-ին աջակից հազար տարվա մաշված ուժերին:



Երեկ պարզեցինք, որ «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության շրջանակներում մի նոր բեւեռի ձեւավորման փորձեր են արվում, արդեն շուրջ մեկ տարի: Սոս Գիմիշյանի «Քրիստոնեական վերածնունդ», Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք», Գառնիկ Մանուկյանի «Հայրենիք եւ պատիվ», Վաղարշակ Հարությունյանի «Ազգային վերածնունդ» եւ սոցիալիստական մի քանի այլ անհայտ ուժերից կազմված այս դաշինքում ներգրավված են նաեւ մտավորականների մեծ խումբ, ազատամարտիկներ: «Ակադեմիկոսների մեծ խումբ կա՝ մոտ 100 հոգի, այդ թվում՝ դրսից, գիտնականներ Ֆրանսիայից, Արգենտինայից, որոնք սկայպի միջոցով են մասնակցում մեր քննարկումներին, ունենք ներկայացուցիչներ սոցիալիստական թեւից նաեւ՝ Արամ Մարտիրոսյան, Իշխան եւ այլք»,- մեզ հետ զրույցում ներկայացրեց Սոս Գիմիշյանը:



Ազատամարտիկների մի խումբ էլ, ի դեմս Խաչիկ Ավետիսյանի եւ Սուրեն Սարգսյանի, նույնպես ներգրավված են գործընթացներին: Ս. Սարգսյանը, ի դեպ, Ազատամարտիկների դաշինքի անդամ է: Գիմիշյանն ասաց, որ ԲՀԿ-ի հետ նախկինում դաշնակցող Ազատամարտիկների դաշինքի, Ժիրայր Սեֆիլյանի Հիմնադիր խորհրդարանի հետ էլ են փորձում շփման եզրեր գտնել: «Նպատակը մեկն է՝ ոչ թե բուն իշխանությունը վերցնելը, այլ ժողովուրդ-իշխանություն համագործակցության ձեւավորումը, նաեւ ժողովրդի կողմից իշխանությանը վերահսկողության ենթարկելը: Մեր նպատակն է շրջաններում, համայնքներում ստեղծել բջիջներ, ու այդ նպատակով մեկ տարի է՝ հանդիպում ենք, քննարկում»: Գիմիշյանն ասաց, որ ինքը նախկինում միշտ «կոշտ» պայքարի կողմնակից է եղել, բայց հիմա, աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, չպետք է թույլ տալ երկրում ընդհարում: Համագործակցությունն էլ պատկերացնում են բոլոր ուժերի հետ: Բայց նախաձեռնությունն անընդունելի է համարում առաջարկվող սահմանադրական փոփոխությունները, քանի որ այն «զուտ հայկական» չէ: