Հայաստանը նախատեսում է նոր ատոմակայանի կառուցում

Հայաստանը նախատեսում է նոր ատոմակայանի կառուցում

Երեկ ՀՀ խորհրդարանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ելույթ ունեցավ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Ելույթից հետո «Հրապարակի» հետ զրույցում նա, պատասխանելով մեր հարցին, թե ինչ կտան այս քննարկումները Հայաստանին էներգետիկ անվտանգության առումով, ասաց, որ ինքը կարեւորում է Եվրանեսթի այս համաժողովը, որովհետեւ այստեղ բավականին կոնկրետ քննարկումներ են ընթանում, այդ թվում՝ մասնավորապես, քննարկվում են էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր:



«Էներգետիկ անվտանգությունը հանրապետությանը լիարժեք, կայուն, առանց վթարների, որակով եւ ցանկացած պայմաններում, դա կլինի խաղաղ ժամանակաշրջան կամ արտառոց իրավիճակներ, այդ իրավիճակներում կայուն էլեկտրամատակարարման ապահովումն է: Ես նոր զեկույցով հանդես եկա, ներկայացրի, թե հանրապետության նախագահի կողմից ստորագրված անվտանգության ապահովման հիմնադրույթների շրջանակներում ինչ ենք նախատեսում անել 2025 եւ 2036 թվականներին»,-ասաց նա՝ թվարկելով, թե ինչ են նախատեսում: Ըստ Զախարյանի՝ վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանը նախատեսում է իրականացնել նոր ատոմակայանի կառուցում, նախատեսվում է նաեւ վերականգնվող էներգետիկայի զարգացում, այն է՝ հողմային էներգետիկա, արեւային էներգետիկա եւ հիդրոկայաններ, որոնք, ընդհանուր առմամբ, 200-250 մեգավատ հզորություն կապահովեն:



Անդրադառնալով համաժողովի կարեւորությանը՝ նախարար Զախարյանն ասաց, որ այս շրջանակներում ծրագրերի իրականացման համար եվրոպական կազմակերպություններից Հայաստանը կարող է սպասել որոշակի աջակցության թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական առումով: Իսկ համաժողովի ընթացքում այս ուղղությամբ որեւէ կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկվե՞լ են: Զախարյանն ասաց. «Իհարկե, այսօր արդեն մենք ստորագրել ենք Հայաստան-Վրաստան բարձր լարման հոսքային էլեկտրագծի շինարարության տրամադրմանն ուղղված հարցերի հետ կապված փաստաթղթեր կառավարությունում եւ բանակցություններ՝ աշխատանքները համատեղ շարունակելու վերաբերյալ: Աջակցություն եւ օժանդակություն սպասում ենք այսօր»: