Մենք ունենք կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի՝ ինչպես կարող է պայքարել

Մենք ունենք կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի՝ ինչպես կարող է պայքարել

Մենք միշտ հիշում և արժևորում ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում Եվրոպական խորհրդարանի դերը. այս մասին, ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԱԺ-ում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:



Իր ելույթում, Նախագահը մասնավորապես ասել է. «Հարգելի՛ պատգամավորներ,



Այս տարի ողջ հայ ժողովուրդը, քաղաքակիրթ աշխարհի հետ միասին ոգեկոչում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:



Մենք միշտ հիշում և արժևորում ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում Եվրոպական խորհրդարանի դերը, որը համաեվրոպական կառույցներից առաջինն էր, որ 1987 թվականի իր բանաձևով դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ կատարված ոճրագործությունը` Թուրքիայի կառավարությանն այն ճանաչելու կոչ անելով:



Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ողբերգությունն է, այլև քաղաքակրթության և մարդկության դեմ համաշխարհային մասշտաբի հանցագործություն, որը հիշեցում է մեզ պատմության դասերը չսերտելու, ցեղասպանությունը ժխտելու վտանգների, ինչպես նաև հանցագործություններն անպատիժ և չճանաչված թողնելու երկարաժամկետ բացասական հետևանքների մասին:



Մարդու իրավունքների հանդեպ հարգանքը եվրոպական արժեհամակարգի այն հենասյունն է, որն ընկած է մեր համագործակցության հիմքում։ Այդ համատեքստում մեծապես կարևորում եմ Եվրոպական խորհրդարանի կողմից ս.թ. մարտի 12-ին ընդունված «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն աշխարհում և ԵՄ քաղաքականությունը. 2013» զեկույցը, որտեղ առանձին կետով անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կոչ արվել ԵՄ անդամ պետություններին ճանաչել այդ ողբերգությունը, իսկ ԵՄ կառույցներին՝ նպաստել այդ գործընթացին»: