Ֆեոդալիզմի վառ դրսևորումները 21-րդ դարի Հայաստանում

Ֆեոդալիզմի վառ դրսևորումները 21-րդ դարի Հայաստանում

Այո, Սերժ Սարգսյանի համար քաղաքականության մեջ ամեն ինչ է հնարավոր: Տառացիորեն ամեն ինչ:



Նորից չկրկնենք, թե Հայաստանի ներքաղաքական կյանքում ինչ անցավ-դարձավ 2015թ. փետրվարի 12-ից հետո, քանզի տեղի ունեցածն իր մանրամասներով նույնիսկ դպրոցականները գիտեն ու դասամիջոցներին զանազան կատակներ են անում այդ իրադարձությունների օրերից թեւավոր դարձած արտահայտություններով:
Ավելի տարեցները, ինձ թվում է, հասկացան, որ Հայաստանում տակավին վաղ շրջանի ֆեոդալական կարգեր են տիրում, եւ այս իրավիճակում խոսել բուրժուադեմոկրատական հեղափոխությունից, մեղմ ասած, ժամանակավրեպ է: Սա հենց այնպես չենք ասում, որովհետեւ մեր մեջ իրոք կային խելահաս մարդիկ, ովքեր լուրջ-լուրջ խոսում էին հենց բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին: Փառք Աստծո, նրանք այնքան խելահաս գտնվեցին, որ ժամանակին ձեռք քաշեցին հեղափոխության գաղափարից ու հիմա, հանգիստ նստած, տրակտատներ են գրում Ցեղասպանության թեմաներով: Դա այս տարի ավելի ակտուալ է:



Եռյակը հիշո՞ւմ եք: ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ: Հիշո՞ւմ եք, թե ինչպես մեկ օրում Սերժ Սարգսյանը սրանց հարցերը լուծեց: Մեկ օրում: Իսկ քանի՞ ամիս էին նրանք ժողովրդին իրենց հետեւից քարշ տալիս հրապարակներում` էլ ծանուցման հանրահավաքներ մարզերում, էլ իշխանափոխության հանրահավաքներ Երեւանում, էլ արտահերթ ընտրությունների պահանջ, էլ անհնազանդության սպառնալիք: Բավական էր ՀՀԿ-ի խորհրդի մեկ հատիկ նիստ, որպեսզի այդ ամենը հօդս ցնդեր:



Բայց արժանին պետք է մատուցել եռյակին: Ինչ ճիշտն է ճիշտը` նրանց փախուստի ճանապարհային քարտեզը հանճարեղ էր մտածված: Պապիին տանում ենք իր դղյակը, Րաֆֆին մի քանի օրով մեկնում է ԱՄՆ` նախնիների մոտ, իսկ Գագիկ Ծառուկյանը, որ մեջների անմեղ-մեղավորն էր, փորձում է միայնակ դուրս գալ էս ք…ից: Հրաշալի պլան: Մարդը մի ամբողջ կուսակցություն տվեց, ԱԽ անդամությունը, Ֆիզկուլտուրայի ինստիտուտը… գործը հայ-հայ էր՝ հասնում էր բիզնեսներին ու մանդատին, իսկ Լյովիկ Զուրաբյանը դեռ ճառում է` ավազակապետությունն այս ամենով ցույց տվեց, որ…
Այո, ավազակապետությունը ցույց տվեց: Իսկ ավազակապետությունը ցույց տվեց մի շատ մեծ բան… Որ ինքը ոչ միայն չի պատրաստվում հեռանալ, այլեւ լավ ճանաչում է թե պապիին, թե Րաֆֆիին եւ թե պարոն Ծառուկյանին:



Սերժ Սարգսյանը երկրորդ հարվածն է հասցնում: Թվում է, թե առանձնապես բան չի պատահել` Գագիկ Ծառուկյանի փեսային նշանակել է մարզպետ: Փեսան էլ, բավականին գրագետ տղա, ասում է` իմ աշխատանքն են գնահատել (հավանաբար, 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելը նկատի ունի): Բայց այս ամենի մեջ հնարավոր չէ չտեսնել երկրորդ հարվածը, որն ուղղված է ողջ հասարակությանը: Մեսիջը հստակ է. Հայաստանը ֆեոդալական երկիր է, իսկ ես` միապետ եւ անում եմ այն, ինչ կամենում եմ:



Մի հայացք նետեք խորհրդարանի այս պահի պատկերին: Դե ֆակտո ընդամենը 17 ընդդիմադիր պատգամավոր՝ 131-ից: Դա նշանակում է, որ 87 տոկոս մեծամասնություն ունի Սերժ Սարգսյանը: Եվ այդ թիվը նոր չի գոյացել: Այդպես է եղել 2012 թվականի մայիսից, պարզապես ոչ առանց որոշ խելահաս ընդդիմադիր գործիչների քաղաքագիտական վերլուծությունների, Սերժ Սարգսյանը կարողացել է ցրել խորհրդարանի միասեռ պատկերը եւ թվացյալ մեծ ընդդիմություն ցուցադրել:
Իսկ ի՞նչ է կատարվում կառավարությունում: Այստեղ Սերժ Սարգսյանն ընդհանրապես խաղաքարերի հետ գործ ունի: Դե իսկ մարզպետների մասին էլ չխոսենք:
Նախագահը Հայաստանում այսօր բացարձակ միապետ է: Երբ ոմանք ասում են` Հայաստանը կիսանախագահական երկիր է, իմ ծիծաղը գալիս է: Այդ ո՞ւմ հետ է նախագահը կիսում իր իշխանությունը, որ չի երեւում: Չլինի՞ դատարանների, չլինի՞ վարչապետի ու Ազգային ժողովի, չլինի՞ ուժայինների:



Եվ հիմա, երբ ոմանք պնդում են, որ Հայաստանին պետք է ուժեղ նախագահական համակարգ, պարտավոր են նաեւ բացատրել, թե ինչու են Հայաստանում տեղի ունենում բաներ, որոնք հարիր են միայն ֆեոդալական հասարակություններին: