ԱՄՆ-Ռուսաստան. հաջորդ «կայարանը» Բաքո՞ւն է

ԱՄՆ-Ռուսաստան. հաջորդ «կայարանը» Բաքո՞ւն է

ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը «նախազգուշական» խորհուրդ է տվել Ադրբեջանին. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, երբ հարաբերություններ է կառուցում Միացյալ Նահանգների հետ, նկատի է ունենում համառությունը, որով ԱՄՆ-ն պաշտպանում է մի շարք երկրներում «նարնջագույն հեղափոխությունը»: Դրա համար էլ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բավական հակասական են: Այսինքն, մի կողմից, այստեղ կա շահավետություն, մյուս կողմից՝ պետության համար դրանք կարող են բավական վտանգավոր լինել» (http://haqqin.az/news/ 42920):



Բաքվում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է ռուսաստանցի խորհրդարանականի հայտարարությանը. «Ադրբեջանի ինքնիշխանության ու անկախության սատարումը միայն բառեր եւ հայտարարություն չէ: Մենք մեր գործերով ցույց ենք տալիս, որ, համագործակցելով, ձգտում ենք ապահովել Ադրբեջանի կայուն ապագան» (նույն տեղում):
Ուշագրավ է, որ դիվանագիտական այս «փոխհրաձգությանը» նախորդել էին ադրբեջանական մամուլի մի շարք հրապարակումներ, որոնք գեներացնում են «ԱՄՆ կողմից Ադրբեջանում իրավիճակը սրելու նոր նախագծի» թեման:



Ըստ այդմ, Միացյալ Նահանգներում «հնգամսյա փորձաշրջան է սահմանվել» նախկինում «Մուսավաթ» կուսակցության գործիչ Գուբաթ Իբադօղլուի համար: Հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի «իրազեկ աղբյուրներին», haqqin.az-ի գլխավոր խմբագիրը վարկած է առաջադրել, որ Իբադօղլուն «Ադրբեջան կվերադառնա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին եւ կփորձի որակապես նոր ընդդիմություն ձեւավորել»:
Դիտարժան է, որ Ադրբեջանում «նարնջագույն հեղափոխության» թեման գեներացվեց այն բանից հետո, երբ haqqin.az-ի գլխավոր խմբագիրը տեւական «ստեղծագործական գործուղման» էր մեկնել Մոսկվա, որտեղ մի շարք հարցազրույցներ է ունեցել Պետդումայի պատգամավորների եւ ՌԴ նախագահի օգնականների հետ:



Ադրբեջանում ԱՄՆ-Ռուսաստան մրցակցության սրման հավանականության մասին է վկայում փաստը, որ Իրան-Արեւմուտք վերջին բանակցություններից անմիջապես հետո Իլհամ Ալիեւը մեկնել է Սաուդյան Արաբիա: Այդ մասին որեւէ տեղեկատվություն այդպես էլ չի տարածվել: Ադրբեջանցի որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Իլհամ Ալիեւը Սաուդյան Արաբիայում քննարկել է «Իրան-Արեւմուտք հավանական հաշտեցման արդյունքում ստեղծվելիք նոր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական իրավիճակը»:



Բացառված չէ, որ Իլհամ Ալիեւը Սաուդյան Արաբիայի օգնությունն է խնդրել` տնտեսական լարվածությունը հաղթահարելու հարցում, ինչպես նաեւ այդ երկրի միջնորդությունը` Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորման առումով:
Իրողություն է, սակայն, որ Ադրբեջանի ներքաղաքական կայունության երաշխավորը Ռուսաստանն է: Եվ եթե Իլհամ Ալիեւը որեւէ կտրուկ քայլ անի` ընդառաջ ԱՄՆ շահերին, ապա Բաքվում շատ արագ կհամախմբվեն Կրեմլի վերահսկողության ներքո ուժերը, եւ իրավիճակը կդառնա անկառավարելի: Սակայն փաստ է նաեւ, որ Միացյալ Նահանգները չեն պատրաստվում Ադրբեջանը հանձնել ռուսաստանյան կատարյալ վերահսկողությանը, ուստի բացառված չէ, որ Բաքուն ԱՄՆ- Ռուսաստան դիմակայության հաջորդ «կայարան» դառնա:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ