ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը իտալական Adnkronos.com կայքի հարցերին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը իտալական Adnkronos.com կայքի հարցերին

Հարց.Ի՞նչ տպավորություն ունեք Հռոմի Պապի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունից։



Պատասխան. Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիկոս I-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագին արված հայտարարությունը կարևոր ուղերձ էր համերաշխության, զորակցության հայ ժողովրդին, ուղերձ էր նաև՝ ի աջակցություն միջազգային հանրության ջանքերի՝ ուղղված մարդկության դեմ նոր հանցագործությունների, ցեղասպանությունների կանխարգելմանը։



Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի դժգոհությունը Հռոմի Պապի այս հայտարարարության կապացությամբ։



Պատասխան. Սա աշխարհի 1 մլրդ 200 միլիոն կաթոլիկների հոգևոր առաջնորդի խոսք է։ Եթե Թուրքիայում համաձայն չեն այդ կարծիքի հետ, համաձայն չեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած բազմաթիվ երկրների, միջազգային կառույցների կարծիքի հետ, ապա դա Թուրքիայի խնդիրն է, այլ ոչ թե՝ միջազգային հանրության։



Դա փաստում է, որ Թուրքիան և միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով։



Սա ևս մեկ ապացույց է, որ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը պետական մակարդակով՝ դրանով իսկ վերցնելով Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված հանցագործության պատասխանատվությունը։



Առաջնորդվելով համամարդկային վեհ արժեքներով` իր իմաստուն խոսքն ասաց Հռոմի Պապը. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»։



Ժխտողականությունը հաշտեցման դուռ չի բացում, այն մարդկության դեմ նոր հանցագործությունների դուռ է բացում։