Ինձ համար ցնցող է, որ նստած քննարկում ենք՝ ցեղասպանություն եղե՞լ է, թե ոչ (լուսանկարներ)

Ինձ համար ցնցող է, որ նստած քննարկում ենք՝ ցեղասպանություն եղե՞լ է, թե ոչ (լուսանկարներ)

Երեկ վաղ առավոտից մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա միջազգային գլոբալ ֆորումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որին մասնակցելու է եկել 600-ից ավելի մարդ՝ ավելի քան 5 տասնյակ երկրներից: Մոտավորապես 420 արտասահմանյան եւ 320 տեղական հավատարմագրված լրագրողներ էլ դահլիճից դուրս լուսաբանում են ֆորումն օնլայն ռեժիմով:
Ֆորումը նախագահող Լուիզ Մորենո-Օկամպոն բացման խոսքում ընդգծեց, որ մենք չենք սիրում մտածել ցեղասպանության մասին, մենք սիրում ենք ժխտել, հերքել, չենք սիրում նայել անգամ այն լուսանկարները, որոնք պատմում են մեզ ցեղասպանության մասին. «Հայաստանը կօգնի մեզ առերեսվելու ոչ թե միայն հարյուր տարի առաջ կատարված ցեղասպանության հետ, այլ նաեւ այսօրվա ցեղասպանությունների հետ: Երբ հայ ժողովրդին սպանում էին, չկային ոչ մի իրավական նորմեր դրանք պատժելու»: Նա մասնավորապես ընդգծեց, որ հաջորդ մարտահրավերն այն է, թե ինչպես արձագանքել, երբ տեղի է ունենում ցեղասպանություն: «Այսօր ունենք դատարան, բայց էլի չգիտենք ինչպես հստակ վարվել, եւ խնդիրը միայն միջամտելը չէ: Ինձ համար ցնցող է, որ մինչեւ հիմա, այստեղ նստած, քննարկում ենք՝ ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ»,-շեշտակի ընդգծեց նա, որին դահլիճը ծափահարեց:



Նախագահ Սերժ Սարգսյանն էլ նշեց, որ ժխտողականությունը ցեղասպանության նույն գագաթներից է, որն ուղեկցվում է անհանդուրժողականությամբ: «Հայերի համար հիշողությունը բարոյական պարտավորություն է՝ հիշելու մեկուկես մլն նահատակների, հազարամյակների ընթացքում կուտակած նյութական եւ հոգեւոր ժառանգությունների կորուստը»: Նա նկատեց, որ ցեղասպանությունը հանցագործություն է, որն անգամ տասնամյակներ անց իր ազդեցությունն է թողնում թե ցեղասպանության ենթարկվածների ու այն իրականացնողների ժառանգների, թե միջազգային հանրության վրա:



Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերստեյնն իր խոսքում ընդգծեց, որ ցեղասպանագետների հանրույթը պատրաստ է շարունակել պայքարել հայերի, հույների, ասորիների ցեղասպանության ճանաչման եւ ժխտողականության համար: Պատմաբան Դոնալդ Բլոքսհամի կարծիքով էլ պարտադիր չէ լինել միջազգային իրավաբան՝ հասկանալու համար, որ հայկական հարցը որակվում է ցեղասպանություն. «Սա ամենալիարժեք ցեղասպանություններից մեկն է, սպանվածների քանակը հստակ կերպով ակնհայտ է դարձնում, որ սա ցեղասպանություն է, եւ տարօրինակ է, որ ինչ-որ մեկը կարող է այլ բան մտածել սրա մասին»: Լեհ իրավաբան, ցեղասպանագետ Դոննա Ֆրիզն էլ իր ելույթում նկատեց, որ Լեմկինը կապշեր՝ տեսնելով Հայոց ցեղասպանության ժխտումը, եւ կարելի է անգամ պնդել, որ միջազգային հանրությունը դժկամություն է դրսեւորում ցեղասպանության դատապարտման գործում. «Հիշողությունը եւ կոլեկտիվ հիշողությունը նույնչափ կարեւոր են ցեղասպանությունից տուժողների եւ ցեղասպանությունն իրականացնողների համար»:



Ընթացող ֆորումի ժամանակ մոտենալով խոսափողին՝ պատմաբան, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը հարց ուղղեց, թե կազմակերպչական հանձնաժողովն ինչու չի ներառել նաեւ մեկ-երկու հայ գիտնականի, ովքեր ավելի շատ բան գիտեն ցեղասպանության մասին, ապա, ի պատասխան դահլիճից հնչած ռեպլիկի, նշեց. «Ոչ, ես չեմ միայն»: Ամբիոնից պատմաբաններից մեկը, արձագանքելով Հովհաննիսյանին, նշեց, որ ներողություն է խնդրում դրա համար, ապա հավելեց. «Ես համաձայն եմ՝ սա սխալ է, որ հայ գիտնականներ չկան, Ռիչարդ, Դուք ինձ համար մեծ ներշնչանք եք եղել, շնորհակալություն Ձեզ»:



Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի ելույթն իր մեջ հուզական շեշտադրումներ էր պարունակում, ինչը չվրիպեց նախագահողների աչքից: Նա մասնավորապես նշեց, որ 100 տարի առաջ բազմաթիվ հայեր զրկվեցին իրենց ներուժն իրացնելուց, եւ սա ոչ միայն հայերի, այլ նաեւ ամբողջ աշխարհի կուրսն էր. «Նոր նման ողբերգություններ կանխարգելելու համար պետք է ապրումակցենք պատմության եւ պատմության զոհերի նկատմամբ: Իմ հայրենակից Ֆրիտյոֆ Նանսենը դա ուներ, նա տեսնում էր ողբերգությունը եւ քայլեր էր ձեռնարկում, եւ փրկում մարդկանց. դա լավագույն պատգամն է այսօր աշխարհին: Միջազգային հանրությունը շատ է հապաղում: Քաղաքականությունը խանգարում է կարեկցանքին: Հիմա 2015 թվականն է, եւ բոլոր պետություններն ունեն պատասխանատվություն՝ կանխելու ոճրագործությունները: Սիրիայում երկու հազար հոգի մահացան, աղետ է, որ չպետք է լիներ 21-րդ դարում, անհավատալի է, մեր աչքի առաջ կրկնվում է: Տեսնում ենք Միջերկրական ծովում նավի խորտակումը՝ միգրանտներն են մահանում, դրանք մարդիկ են, որ օգնության կարիք ունեն: Բոլորս ունենք պաշտպանելու պարտավորություն: Հայաստանը մեզ օգնում է առերեսվելու այս հարցերին»:



Համաժողովի բացման հանդիսավոր արարողությունից հետո «Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. մարդկային կյանքը՝ Աստծո պարգեւ» խորագրի ներքո տեղի ունեցավ առանձին միջեկեղեցական նիստ` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, ինչպես նաեւ մասնակցությամբ Քույր եկեղեցիների հոգեւոր պետերի ու պատվիրակությունների, միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդների: Նիստի սկզբում Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիկայի պապ, Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Թեւադրոս Բ-ն աղոթեց Մերձավոր Արեւելքում հակամարտությունների ընթացքում զոհվածների հոգիների հանգստության, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության վերահաստատման համար:



Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն իր խոսքում նշեց, որ եթե այսօր՝ 100 տարի անց, այդ ոճրագործությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է, դա վտահություն է ներշնչում, որ այն կստանա միջազգային ճանաչում. «Գերմանիան օրինակ կարող է հանդիսանալ ցեղասպան պետությունների համար: Ժամանակին միջազգային հանրությունների կողմից ցեղասպանությունների չդատապարտումը պատճառ դարձավ, որ ծնունդ առնեն Հոլոքոստը, Ռուանդան եւ մյուս ցեղասպանությունները: Աշխարհաքաղաքական շահերին զոհ գնալով՝ շատ ցեղասպանություններ անտեսվում են, չեն դատապարտվում: Այսօր մարդկությունն ականատես է նոր ողբերգությունների աշխարհի տարբեր անկյուններում, մասնավորապես Մերձավոր Արեւելքում, դրանց դեմ պայքարը, իբրեւ դարի մարտահրավեր, պարտքն է բոլորի»:



Թուրքական «Զաման» թերթի ֆոտոխմբագիր Սելլահաթ Սեւինն այս օրերին Հայաստանում է՝ մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումին: «Ես Հայաստան եմ եկել մի երկրից, որն 80 մլն-ից ավելի բնակչություն ունի. այդ հասարակության մեջ շատ տարբեր տեսակետներ կան, եւ անհնար է ասել, թե որեւէ հարցի շուրջ ինչ կարծիքի է թուրք հասարակությունը»,- նշեց նա` ընդգծելով, որ չի ուզում իր անձնական տեսակետը խառնել մասնագիտական կարծիքի հետ. «Սա այն հարցն է, որը կրում է դիվանագիտական բնույթ: Կրկնում եմ՝ կարծիքները կարող են տարբեր լինել, իսկ ես այստեղ եմ, որպեսզի վերցնեմ այն, ինչ կատարվում է իմ շուրջը: Ինքներդ եկե՛ք Թուրքիա եւ հասկացե՛ք, թե ինչ է կատարվում Թուրքիայում, եւ թե այս առնչությամբ ինչ է մտածում յուրաքանչյուր թուրք»: Նա մասնավորապես նշեց, որ այս օրերին Հռոմի պապի հայտարարությունից հետո ավելի շատ է քննարկվում Հայոց ցեղասպանության մասին, իսկ թուրքական իշխանությունների համար միակ անակնկալն այն էր, որ Վլադիմիր Պուտինը գալու է Հայաստան:



«Զամանի» ֆոտոխմբագիրը նշեց, որ Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները 2 օր են տեւելու, եւ թուրք հասարակության համար դրանք կարեւոր միջոցառումներ են. «Թուրքական իշխանությունները, նկատելով, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները համաշխարհային ուշադրության կենտրոնում են, որոշեցին ինչ-որ հավասարակշռություն ապահովել, ոչ թե շեղել, այլ բալանսի բերել»: Ըստ նրա, 2 երկրների դեպքում էլ հիմնական դերակատարությունն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայինն է, ով, սակայն, այս օրերին ոչ Հայաստանում է լինելու, ոչ էլ Թուրքիայում: