Պոլիսյան օրագիր. Ովքեր են առաջինն ասել Հայոց ցեղասպանություն

Պոլիսյան օրագիր. Ովքեր են առաջինն ասել Հայոց ցեղասպանություն

«Հրանտ Դինք» հիմնադրամի եւս մի ծրագիր չեմ կարող առանձնահատուկ չնշել, չնայած ծավալի եւ ժամանակի սղությանը: Ծրագիրը հետազոտում է ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ատելության դրսեւորումները թուրքական առաջատար մամուլում: Հետազոտությունները կատարվում են տարեցտարի, եւ ծրագրի ղեկավարները հավատացնում էին, որ հրապարակվող արդյունքները լրատվամիջոցների վրա ներգործություն ունենում են, նրանք ավելի եւ ավելի են հետեւում իրենց խոսքին: Հանգամանքը, որ թուրքական առաջատար մամուլում կա ատելության անսքող կամ քողարկված քարոզ, անձամբ ինձ համար տարօրինակ էր, քանի որ ինքս ժամանակ առ ժամանակ Hurriyet daily-ի եւ Today’s Zaman-ի անգլալեզու կայքերն այցելելու սովորություն ունեմ եւ տարիների ընթացքում նման քարոզ չեմ տեսել: Պարզվում է՝ չեմ տեսել, որովհետեւ Թուրքիայում նույն պարբերականը թուրքերեն գրում է մի բան, անգլերեն` այլ բան: Անգլերենով ատելության քարոզ չի երեւում, իսկ թուրքերենով այն տարվում է` այլ հարց, որ հետզհետե ավելի քիչ ու քողարկված:



«Հրանտ Դինք» հիմնադրամի մասին պատմությունն ավարտել՝ առանց մի կնոջ` Բուրջու Բեչերմանի անունը նշելու, անհնար է, որովհետեւ այդ կինն այնքան է այցելում Հայաստան, այնքան է աշխատում Թուրքիայում, որ ՀԿ-ները, լրագրողները, հասարակությունները միմյանց հետ շփվեն, իրար ճանաչեն, կապեր ստեղծվեն, որ թվում է` հայ-թուրքական հաշտեցումն իր կյանքի գործն է: Մի խոսուն դետալ, որ ասում է ամեն ինչ. ապրիլի 20-ի երեկոն է, ռեստորանում ենք, մոտ երկու տասնյակ մարդ կա` եւ լրագրողական մեր խումբը, եւ այլ հայաստանցիներ, որոնք Dink Foundation-ի այլ ծրագրերով են Պոլսում, հիմնադրամի աշխատակազմից մարդիկ, գրեթե բոլորի ձեռքին հեռախոսներ են` ինտերնետին միացած… Եվ երկու տասնյակ մարդկանց մեջ հենց Բուրջու Բեչերմանը տեսավ Bloomberg-ի տարածած լուրը, որ Գերմանիան պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եվ այնպես էր ուրախացել… Ասված է, չէ՞, ով փնտրի, նա էլ կգտնի:



Էթյեն Մահչուփյանի քայլը 2007-ին
Պոլսում ամենահաճելի իրողություններից մեկը, իհարկե, արեւմտահայերենով զրույցներն են, եւ այն, որ «Ակոսի» գլխավոր խմբագիրը` պրն Էդվարդ Դանձիկյանը, ով երկու ամիս առաջ է ստանձնել այդ պաշտոնը, խոսում էր արեւմտահայերեն, առանձնակի բավականություն էր: Հետաքրքիր էր գրեթե ամեն ինչ, ինչի մասին խոսվում էր, այդ թվում այն, ինչ պատմվեց Մահչուփյանի մասին: Ինչ խոսք, Էթյեն Մահչուփյանն այս պահին երեւի ամենահետաքրքիր անձն է պոլսահայության թվում: Իր անձի շուրջ հետաքրքրություն կա եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնից հեռանալու կամ մնալու անորոշության կապակցությամբ, ինչի շուրջ Պոլսում էլ չկար հստակ տեղեկություն: Եվ առավել հետաքրքիր էր այն, ինչ պրն Դանձիկյանը պատմեց ութ տարի առաջվա իրադարձությունների վերաբերյալ: Պարզվում է՝ 2007-ին, Հրանտ Դինքի սպանությունից հետո, կատարյալ անորոշություն, կասկածներ, նույնիսկ վախեր են ծնվել «Ակոսի» ապագայի առնչությամբ: «Ակոսը» պիտի հրատարակվի՞, թե՞ կփակվի: Այդ ժամանակ Էթյեն Մահչուփյանը չի վարանել ստանձնելու գլխավոր խմբագրի պաշտոնը եւ շարունակել թերթի հրատարակումը: Հետեւաբար, եթե այսօր Պոլսում այդքան անդրադարձ է կատարվում հայկական հարցերին` ակադեմիական շրջանակներից մինչեւ հասարակություն, մամուլ, մտավորականներ, քաղաքական կուսակցություններ, ապա դրանում նաեւ Մահչուփյանի քայլը, «Ակոսի» գոյությունը եւ Դինքի ժառանգության ձեւավորումը դեր ունեն:



Պրն Դանձիկյանն ինքն էլ կանգնած է եղել «Ակոսի» ստեղծման ակունքներում, պրոֆեսիոնալ լրագրող է, երկար տարիներ աշխատակցել է միջազգային եւ թուրքական լրատվամիջոցների: Լրագրողի դիտանկյունից Թուրքիայի մասին իր դիտարկումները հետաքրքիր էին: Օրինակ, պրն Դանձիկյանն ասում է, որ Թուրքիայում իշխանությունն ինչ քայլ էլ կատարի, դիցուք, պաշտոնապես ճանաչի Ցեղասպանությունը, հասարակության արձագանքը լինելու է. «Եղավ, այդպես… լավ»: Եթե կառավարությունը հակառակ քայլն անի, օրինակ՝ չճանաչի Ցեղասպանությունը, նորից ասելու են. «Հարկավ, այդպես պիտի լիներ»: Այլ կերպ ասած` որոշումներն ընդունում է կառավարությունը, եւ ինչ որոշում էլ լինի, հասարակության համար ընդունելի է, ոչ հասարակական թելադրանքի ավանդույթ կա, որ էլ ընդվզման:



Գալով «Ակոսի» խնդիրներին, պրն Դանձիկյանն իր առջեւ տեսնում է նույն չորս նպատակները, որ երկու տասնամյակ առաջ դրվել է «Ակոսի» ստեղծման հիմքում. առաջին` երկխոսություն հաստատել հայ եւ թուրք հասարակությունների միջեւ` 1915-ից ի վեր կատարվածի շուրջ, երկրորոդ` հայերին պատմել իրենց մշակույթի, պատմության, ժառանգության, ինքնության մասին, երրորդ` արեւմտահայերենի պահպանությանը նպաստ բերել, չորրորդ` հայազգի երիտասարդների համար լրագրությամբ զբաղվելու հարթակ ստեղծել: Այս առաքելությունը հաջողությամբ իրականացվել է քսան տարի, պոլսահայ մյուս երկու պարբերականների` «Մարմարայի» եւ «Ժամանակի» կողքին, եւ մնում է ցանկանալ, որ բոլորի գործունեությունն էլ շարունակվի երկար:



Istanbul Human Rights Association-ը



Ո՞վ է Թուրքիայում առաջինը Մեծ եղեռնը «ցեղասպանություն» կոչել: Պարզվում է՝ դա արել է Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության ամենահին կազմակերպությունը` Ստամբուլի մարդու իրավունքների ասոցիացիան` շուրջ երեքեւկես տասնամյակ առաջ: Իհարկե, դրա համար Ասոցիացիայի անդամներն ստացել են սպառնալիքներ, կարող էին նաեւ ազատազրկվել, բայց քաջություն են ունեցել պայքարելու, եւ այժմ, երբ ամեն տարի ապրիլի 24-ին Տաքսիմ հրապարակում մոմավառություն է կատարվում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, դրա ակունքներում ու ետնաբեմում Ստամբուլի մարդու իրավունքների ասոցիացիայի մարդիկ են: Մենք հանդիպեցինք այդ կազմակերպությունը ղեկավարող տիկնոջ հետ, ում կատարած գործի մասին կարելի է երկար գրել, բայց, ինչպես չինացիներն են ասում, «Փոքրի միջոցով ճանաչվում է նաեւ մեծը»:



Այն, ինչ Ասոցիացիան ծրագրել է 2015-ի ապրիլի 24-ի համար, պատկերացում կտա նաեւ նախընթաց ձեռնարկների մասին: Այսօր առավոտյան Ասոցիացիայի անդամները հավաքվելու են Պոլսի կենտրոնում մի շինության մոտ, որն Օսմանյան կայսրությունում բանտ է եղել: Այդտեղ են տարվել 1915թ. ապրիլի 23-ի, լույս 24-ի գիշերը ձերբակալված հայ մտավորականները: Շինության մոտ լրատվամիջոցների համար են խոսելու, ծաղկեպսակ են դնելու, հետո նավով ուղեւորվելու են Բոսֆորի մյուս ափին գտնվող Հայդարփաշա երկաթուղային կայարան, որտեղ նույնպես կխոսեն Ցեղասպանության մասին: Ապա, ի հիշատակ 1915-ի ապրիլին Հայդարփաշա կայարանից դեպի անէություն աքսորված հայ մտավորականների, Ստամբուլի մարդու իրավունքների ասոցիացիայի անդամներն ու նրանց միացող քաղաքացիները ծաղիկներ կնետեն Բոսֆորի հավերժական ալիքների մեջ: Երեկոյան, իհարկե, Տաքսիմ հրապարակում էլ միջոցառումներ կլինեն, բայց, ինձ թվում է՝ նետվող ծաղիկների դրվագն ամենից հուզիչն է ոգեկոչման հանրային արարողություններում: Ի դեպ, այն էլ նշեմ, որ հենց այս կազմակերպության անդամներն էին կոչ արել երկրների ղեկավարներին՝ անտեսել Գալիպոլիի առիթով Պոլս ժամանելու նախագահ Էրդողանի հրավերը եւ փոխարենը մեկնել Երեւան, Ծիծեռնակաբերդ: Իրենք՝ Ասոցիացիայի ներկայացուցիչները, 24-ին կլինեն Երեւանում:



Ի դեպ, Երեւան են ժամանել նաեւ Թուրքիայի բազմաթիվ լրատվամիջոցների թղթակիցներ: CNN Turk-ը, ինչպես հայտնեց հեռուստաընկերության միջազգային լուրերի տնօրենը, ուղիղ հեռարձակմամբ է ցուցադրելու Ծիծեռնակաբերդի եւ հարակից արարողությունները: «Ջումհուրիեթում» ասացին, որ Գալիպոլիի միջոցառումներն էլ են լուսաբանելու, բայց հիմնական ծավալը եւ ուշադրությունը կենտրոնացած է Ցեղասպանության արարողություններին Երեւանում եւ Պոլսում:



Իսկ ապրիլի 22-ին Պոլսի ամենամեծ` Istanbul Congress Center-ի մի քանի հազար տեղանոց լեփլեցուն դահլիճում կայացավ 1915-ի ապրիլի 24-ին աքսորված պոլսահայ մտավորականների, նաեւ Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման համերգ-երեկո: Այդ համերգի ազդագրից իմացա, որ ապրիլի 24-ն առաջին անգամ նշվել է Պոլսում, 1919-ին, եւ տեսա բոլոր այն 200 հայ մտավորականների անունները, որոնք ձերբակալվել են օսմանյան իշխանությունների կողմից 1915-ի ապրիլի 23-ի, լույս 24-ի գիշերը:



Շարունակելի