Դուք պրովոկացիոն հարցեր եք տալիս, ես կուսակցության դեմ դուրս չեմ գալիս

Դուք պրովոկացիոն հարցեր եք տալիս, ես կուսակցության դեմ դուրս չեմ գալիս

Հանրապետական կուսակցությունը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարելու է Ծառուկյանի օգնական Վահագն Գեւորգյանին: Երեք օր առաջ ՀՀԿ-ի մարզային խորհուրդը նիստ է արել՝ ղեկավար Արամ Հարությունյանի գլխավորությամբ եւ կայացրել նման որոշում: Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը: Մինչդեռ ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Գուլոյանի հրաժարականի նույն օրը հայտարարել է, թե ինքն առաջադրվելու եւ հաղթելու է: Ինչու ՀՀԿ-ն չսատարեց Պալաչին, արդյոք նա առաջադրվելո՞ւ է, այս մասին զրուցեցինք հենց նրա հետ:



-Պարոն Հարությունյան, Ձեզ համար սպասելի՞ էր, որ Ձեր հարազատ կուսակցությունը կպաշտպանի Վահագն Գեւորգյանին, ով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմն է:



-Իրենց հարցրեք, իմ համար ցանկացած որոշում էլ սպասելի էր, ես չեմ սպասել՝ ով ինչ կորոշի, ես իմ գործն եմ անում:



-Այսքանից հետո չեք մտքափոխվե՞լ, առաջադրվելո՞ւ եք:



-Ես ասել եմ ու կրկնում եմ՝ ինքնառաջադրվելու եմ:



-Իսկ Ձեզ հայտնի՞ է, ինչու են ձեզ արդեն երկրորդ անգամ մերժում, բոլոր ընտրություններին ՀՀԿ-ն օգտագործում է Ձեր ռեսուրսները, Դուք ակտիվ աշխատում եք իրենց օգտին, բայց փաստորեն Ձեզ չեն աջակցում:



-Ինձ ոչ մեկ չի օգտագործում, ես ՀՀԿ անդամ եմ ու դրանով հպարտ եմ:



-Իսկ ինչո՞ւ ձեր կուսակիցները Ձեզանով հպարտ չեն, այլապես Ձեզ կառաջադրեին, կպաշտպանեին:



-Իրենց հարցրեք, ես դրա խնդիրը չունեմ, ես իրենց տեղը ո՞նց կարող եմ պատասխանել:



-Բայց Դուք պետք է որ իմանաք, մեծ ցանկություն ունեք քաղաքապետ դառնալու, իրենց չեք ասել այդ մասին, ինչո՞ւ են Ձեզ մերժել:



-Ես այդ մասին ընդհանրապես չեմ էլ մտածում, որ մի կուսակցությունն ինձ կպաշտպանի, եթե ես այդպես մտածեի, սկզբից կճշտեի իրենց հետ, նոր իմ կարծիքը կհայտնեի: Բայց առաջին օրվանից էլ ասել եմ՝ ես ինքնաառաջադրվելու եմ:



-Այսինքն՝ չեք շփվո՞ւմ Ձեր կուսակցական ղեկավարների հետ, հնարավո՞ր է դուրս գաք կուսակցությունից:



-Էդ հարցերն իմ համար չի, նման բան չկա, որ ինձ չեն պաշտպանում, ուրեմն ես դադարեցնեմ, ես այդ կուսակցության անդամ եմ ու այդ կուսակցության անդամ էլ մնալու եմ, ընտրություններ էլ եղավ, այդ կուսակցությանն եմ պաշտպանելու:



-Իսկ գուցե ՀՀԿ-ն Ձեզ չպաշտպանեց, որովհետեւ քաղաքական կերպա՞ր չեք, ավելի շատ այլ դաշտում եք, միգուցե ՀՀԿ-ն էլ դրանից կաշկանդվեց:



-Էսօր ո՞ր մեկն է ծնվել ու իր օրորոցի միջից քաղաքականությամբ ա զբաղվել, կա՞ նման մարդ, երկրորդ՝ սա քաղաքականություն չի, այլ ընդամենը համայնքի ղեկավարի ընտրություն: Եւ հետո ոչ ես եմ իրենցից լավը, ոչ էլ իրենք ինձնից, ես գիտեմ դուք ուր եք տանում՝ մականուն, ես իմ մականունից չեմ ամաչում, բոլորն ունեն մականուն, իմը նորմալ մականուն է: Կյանք ենք ապրում, Հայաստանը ինչա շատ բարձր քաղաքակիրթ երկիր ա՞: Մեծացել ենք խառը տարիներին:
Ես էլի եմ ասում ՀՀԿ-ին հարցրեք ինչու նպատակահարմար գտավ նման որոշում կայացնելու, իրենց տեղը ես չեմ կարող պատասխանել:

-Իսկ Վահագն Գեւորգյանի հետ պայքարն ինչպե՞ս եք պատկերացնում:



Իմ մրցակիցը Վահագն Գեւորգյանը չի, Վահագն Գեւորգյանը շատ նորմալ տղա է, բայց իմ մրցակիցը Վահագն Գեւորգյանը չի, իմ մրցակիցը Վահագն Գեւորգյանի հովանավորյալ Ծառուկյան Գագոն ա: Ընտրությունները ցույց կտան ինչքանով է դժվար, թե հեշտ:



-Բայց փաստորեն Դուք դուրս եք գալիս նաեւ ձեր կուսակցության դեմ, ՀՀԿ-ի թեկնածուի դեմ, ի վերջո, ՀՀԿ-ն որոշում է կայացրել, Գեւորգյանին պաշտպանել:



-Դուք պրովոկացիոն հարցեր եք տալիս, ես կուսակցության դեմ դուրս չեմ գալիս, ես ինքնառաջադրվելու եմ:



-Բայց նաեւ ՀՀԿ-ական եք, որի թեկնածուն Գեւորգյանն է, իսկ Դուք առաջադրվելու եք նրա դեմ:



-Ես ՀՀԿ-ի դեմ ոչ մի քայլ չեմ կատարի, ՀՀԿ-ն ինքը գիտի, որ պաշտպանում է ուրիշ թեկնածուի, ես նորից եմ կրկնում, ինքնաառաջադրվելու եմ:



-Իսկ վստա՞հ եք, որ ՀՀԿ-ն թույլ կտա ինքնառաջադրվել:



-Դա իմ իրավունքն է, ինձ թվում է իմ իրավունքի վրա ոչ մեկ չի կարող բռնանալ: Իմ տեղը ոչ մեկ չի կարող բան ասել, ես ինքնաառաջադրվելու եմ։