«Ալյանս»-ին չեն խանդում, մրցակից էլ չեն համարում

«Ալյանս»-ին չեն խանդում, մրցակից էլ չեն համարում

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ողջունում է Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնած «Ալյանս» ցենտրիստական կուսակցության մուտքը քաղաքական դաշտ, հաջողություն է մաղթում նրանց՝ նշելով, որ ցանկացած քաղաքական ուժ ժամանակի ընթացքում իր քննությունը հանձնում է։
«Թե ինչպիսին կլինի այդ քննության գնահատականը, կարծում եմ՝ որոշակի ժամանակ անց հասարակությունն ինքը կտա»,-«Ալյանսի» հիմնադիր համագումարից հետո Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը։



Հարցին՝ գաղափարական ի՞նչ մեխ, ի՞նչ նոր բան առանձնացրեց ինքը՝ Ուրիխանյանի ելույթում և ներկայացված ծրագրում, Արմեն Մարտիրոսյանն ասաց․ «Ոչ թե նորություն, այլ ինքը ևս համակարգային բարեփոխումների կողմնակից է, «Ալյանսը» այդպիսի կուսակցություն է, ինքը ևս իշխանափոխության կողմնակից է, ինքը ևս դեմ է մենաշնորհներին կոռուպցիային, արդարության վերացմանը, և, այդ առումով, կարծեք թե կա մի դաշտ, որը ընկալելի կարող է լինել հասարակության և ընդդիմադիր քաղաքական ուժերի համար»։



Այսինքն՝ որևէ նոր բան կբերի՞ իր հետ, Մարտիրոսյանն ասաց․ «Ես չեմ կարծում, թե Հայաստանում գաղափարներն են նորություն, Հայաստանում նորություն կարող է լինել գործունեությունը, թե այդ գաղափարների ուղղությամբ ինչպիսի գործունեություն է ծավալվում, խոսքը սրա մասին է, որովհետև լավժլավ գաղափարներ բոլոր կուսակցությունների ծրագրերում էլ կա»։
Իսկ արդյոք օրվա հրամայակա՞ն է այսօր «Ալյանսի» կամ նման կուսակցությունների ստեղծումը մեր քաղաքական դաշտում, «Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ եթե այդ կուսակցությունը ստեղծվել է, նշանակում է՝ այդ հրամայականը եղել է։
«Եթե կուսակցություն է ստեղծվում կամ փակվում, ուրեմն դրա անհրաժեշտությոնը կա, հենց այնպես որևէ գործընթաց տեղի չի ունենում»,-ասաց նա՝ նշելով, որ դասական առումով դա ընդհանրապես քննարկելու հարց չէ։



Ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա «ժառանգական» Արմեն Մարտիրոսյանը, ի տարբերություն դաշնակցական Արծվիկ Մինասյանի, բացարձակապես մրցակից չի համարում իրենց նորաստեղծ «Ալյանսը»։ Խանդի զգացում ևս չունեն։
«Խանդի որևէ խնդիր չկա, որովհետև «Ժառանգության» համար մինչև հիմա միանշանակ միակ մրցակիցը եղել է իշխանությունը։ «Ժառանգությունը» ընդդիմադիր դաշտում մրցակից երբեք չի ունեցել և չի ունենա»,-ասաց նա՝ չբացառելով նաև համագործակցությունը «Ալյանսի» հետ, քանզի բոլոր այն ուժերի հետ, որոնց հետ իրենք ունեցել են միանման մոտեցումներ տվյալ խնդրի վերաբերյալ, իրենք համագործակցել են։
«Դա «Ժառանգության» գործելաոճն է, ուստիև, եթե կլինեն միանման մոտեցումներ «Ալյանսի» հետ, բնականաբար, ես չեմ կարծում, թե այդ համագործակցությունը չի լինի»,-եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ