Ինչո՞ւ ոչ մի տեղ չի երևում Կարեն Ավագյանը

Ինչո՞ւ ոչ մի տեղ չի երևում Կարեն Ավագյանը

Չար լեզուներն ասում են՝ Կարեն Ավագյանը ըմբոստացել է ՀՀԿ որոշման դեմ, ըստ որի՝ պարտավորված է լինելու Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարել, շատ ներողություն, ...-ի Գագոյի թեկնածուին:



Ճի՞շտ են, թե՞ սուտ այս լուրերը, չգիտենք, իսկ Կարեն Ավագյանից էլ պարզել չցանկացանք, որովհետև նրա պատասխանը մեզ համար պարզ էր էս գլխից. նման բան չկա: Նման բան, այսինքն՝ կուսակցության որոշումին չենթարկվել;



Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ ոչ մի տեղ չի երևում Կարեն Ավագյանը:



Հնարավո՞ր է՝ ամոթից լինի: Մարդը հիմա ի՞նչ երեսով պետք է կանգնի հասարակության առաջ՝ երեկ վանկարկում էր, կներեք, «...-ի Գա-գո», իսկ այսօր ստիպված է ենթարկվել ՀՀԿ-ի նոր կուրսին՝ «Իմ ախպերս, ջան, ջան, ջան»:



Բայց ասեմ՝ Կարեն Ավագյանի համար հերոսանալու աննախադեպ առիթ է սա: Այսպիսի առիթ նրա հավերժ երիտասարդ կյանքում, հնարավոր է, այլևս չլինի: Պատկերացնո՞ւմ եք, թե իր հերոսական քայլով ինչ կարող է անել Կարեն Ավագյանը երիտասարդ ՀՀԿ-ականության համար: Կդառնա ազնվության, շիտակության, վեհանձնության, սկզբունքայնության, էլ ինչ հերոսական բառեր գիտեք, այդ ամենի տիպար: Վերցնի ու ասի՝ տղամարդ տղա եմ, խոսքիս տերն եմ՝ պարոն Ծառուկյանի թեկնածուին չեմ պաշտպանում:



Ավագյանի ֆեյսբուքյան էջը կպայթի «լայք»-երից, Աշոտյանը նախանձց ուշագնաց կլինի, ինչից, բնականաբար, կշահեն ընդունելության քննությունները:



Ավաղ, հավանականությունը մեծ չէ, որ Կարեն Ավագյանը նման բան կանի: ՀՀԿ-ն թիմ է, իսկ թիմի օրենքը «գլասիտ», որ կարիք չկա սեփական կարծիք ունենալ մի հարցում, որ թիմի ղեկավարն է որոշել: Վերջին հաշվով, ինչպես ասել է ռազմարվեստի դասականը, մուրճն էլ է այդ ղեկավարի ձեռքին, մեխն էլ, պայտն էլ:



Էդիկ Անդրեասյան