Սնունդը Հայաստանում 2-3 անգամ թանկ է, քան դրսում

Սնունդը Հայաստանում 2-3 անգամ թանկ է, քան դրսում

Տնտեսագետներ Հայկ Սարգսյանի եւ Աշոտ Մարկոսյանի «Հայաստանի տնտեսության վերափոխումները եւ վերելքի հեռանկարները» գիրքը, որն ամփոփում է ՀՀ տնտեսական զարգացումը 1990-ականներից մինչեւ մեր օրերը, որոշ դժգոհություններ է առաջացրել ՀՀ իշխանական եւ բիզնես-վերնախավում։ Օլիգարխներին եւ նրանց բարձրաստիճան հովանավորներին տհաճություն է պատճառել հատկապես «Մրցակցությունը եւ ներքին շուկայի պաշտպանությունը» գլուխը։



Այստեղ սենսացիոն թվեր են բերված հիմնական պարենային ապրանքների գների վերաբերյալ, որոնք վկայում են, որ 2008-2013 թվականներին Հայաստանում 11 հիմնական սննդատեսակները վաճառվել են շուկայականից բարձր, արհեստականորեն ուռճացված գներով, այն դեպքում, երբ դրսում դրանք գնվել են բավականին էժան։ Ահա մի քանի օրինակ։ 2008 թվականին տավարի 1 կգ-ի միջազգային գինը եղել է 816,91 դրամ։



Այն ՀՀ է ներմուծվել 510,52 դրամով, իսկ ՀՀ մանրածախ ցանցում վաճառվել է 1589,90 դրամով, այսինքն՝ ներմուծման գնից 211,4 տոկոսով ավելի։ 2012 թվականին հարաբերակցությունը փոքր-ինչ իջել է, եւ գնային տարբերությունը կազմել է 162,72 տոկոս։ 2013 թվականին այս ցուցանիշը մսի գծով կազմել է 148,7 տոկոս։ Խոզի միսը 2008 թվականին ՀՀ-ում վաճառվել է ներմուծման գնից 154,6 տոկոսով թանկ, իսկ 2013 թվականին՝ 200 տոկոսով բարձր գնով։ Կարագի գինը ՀՀ ներքին շուկայում 2013 թվականին 117,7 տոկոսով բարձր է եղել, բուսական յուղինը՝ 176,5 տոկոսով։ Շաքարավազը 2008 թվականին ՀՀ է ներմուծվել միջազգային գնից 36 տոկոսով ցածր գնով, բայց վաճառվել է միջազգային գնից 118,6 տոկոսով թանկ։



2013-ին տարբերությունը միջազգային գնի համեմատ մի քիչ կրճատվել է, հասնելով 92,4 տոկոսի։ Սուրճը 2013 թվականին Հայաստան է ներմուծվել միջազգային գնից 28,3 տոկոսով էժան, իսկ այստեղ վաճառվել է գրեթե 300 տոկոսով ավելի։ Բերված թվաբանությունը ցույց է տալիս, թե ինչպես է 2008-2013 թվականներին հարստահարվել ՀՀ բնակչությունը անշնորհք կառավարիչների եւ ՀՀ օլիգարխիայի կողմից։ Բայց, որքան էլ զարմանալի է, թվերը Սերժ Սարգսյանի օգտին են եւ ցույց են տալիս, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների համեմատ հիմնական սննդատեսակները Հայաստանում, այնուամենայնիվ, ավելի էժան են վաճառվել միջազգային գների համեմատ։ Գրքի հեղինակները 2013 թվականից այս կողմ չեն անցել, խուսափել են ներկայացնել այսօրվա պատկերը։ Հավանաբար, այն չափից դուրս հոռետեսական էր լինելու։