Բրենդային խանութները օրենք են խախտում

Բրենդային խանութները օրենք են խախտում

Հագուստի բրենդային խանութների աշխատողները հրաժարվում են հետ ընդունել կամ փոխանակել գնված ապրանքը՝ բացատրելով, որ, իբրև թե նոր օրենք է ընդունվել, որով խանութներին արգելված է դա անել։ Չի օգնում անգամ ՀԴՄ կտրոնը, որը գնորդը ներկայացնում է՝ փորձելով ապացուցել, որ հենց տվյալ խանութից է կատարել գնումը։ «Ի՞նչ օրենքի փոփոխության մասին է խոսքը»,-հարցրեցինք «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանին։ Խնդիրը նրան ծանոթ էր։ Նա շտապեց հայտնել մեզ, որ որևէ օրենսդրական փոփոխություն տեղի չի ունեցել։Հագուստը, բացի ներքնազգեստներից, փոխանակման և վերադարձի ենթակա է, իսկ այդ ապատեղեկատվությունը հատկապես տարածում են «Դալմա մոլում» և «Երևան մոլում» գործող «Ռիթել գրուպ» ընկերության մի շարք բրենդային խանութներ։ «Դրանք մոտ 21 խանութներ են, եթե չեմ սխալվում։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ մարդկանց մերժել են՝ ասելով՝ գնացեք, մինչև նոր ապրանք կստանանք, որ փոխանակենք ձեր գնած հագուստը»,-ասաց սպառողների իրավունքների պաշտպանը։ Ըստ Պիպոյանի՝ սա գլոբալ խնդիր է, որը կարող է լուծվել միայն այն ժամանակ, երբ վարչական պատասխանատվություն սահմանվի նման խախտումների համար, և խանութները ապրանք հետ չվերցնելու դիմաց ստիպված լինեն տուգանքներ վճարել։ «Քաղաքացին այսօր հոգեբանորեն պատրաստ չի մտնել դատարան մի 10-20 հազար դրամի համար։ Դատական կարգով բողոքարկելը տեղին չէ։ Իսկ եթե վարչական պատասխանատվություն սահմանվի, ապա գործընթացը կդառնա ինքնակարգավորվող։ Խանութները չեն համարձակվի այլևս նման իրավախախտումներ անել»։ Բաբկեն Պիպոյանը հիշեցրեց, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 23-րդ հոդվածով սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով, եթե նշված ապրանքը հարմար չէ սպառողին: Նման դեպքում գնորդն իրավունք ունի 14 օրվա ընթացքում դրամարկղի կտրոնի կամ ապրանքային չեկի առկայությամբ ապրանքը փոխանակել կամ վերադարձնել: Եվրոպական շատ երկրների և Ռուսաստանի օրենսդրությամբ ևս սպառողը կարող է փոխել գնված արդյունաբերական արտադրանքը 4 օրվա ընթացքում՝ ձեռքբերման օրը չհաշված։ Եթե տվյալ ապրանքից՝ հագուստից, կոշկեղենից, զարդից և այլն, այլևս չկա, ապա գնորդը իրավունք ունի հետ ստանալ իր վճարած գումարը։