Պարույր Հայրիկյան եվ Սուրիկ Խաչատրյան (զուգահեռներ եվ ուղղահայացներ)

Պարույր Հայրիկյան եվ Սուրիկ Խաչատրյան (զուգահեռներ եվ ուղղահայացներ)

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի ժամանակ ամենաբարձր մակարդակով հայտարարություն հնչեց, որ, ցանկանալով սպանել Հայրիկյանին, վտանգել են հայոց պետականությունը: Մայիսի 20-ին այդպիսի հայտարարություն չհնչեց, թեեւ կրկին մահափորձ էր տեղի ունեցել, եւ կրակել էին բավականին բարձրաստիճան պաշտոնյայի ուղղությամբ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ 2013թ. հունվարի 30-ի կրակոցն ավելի դավադիր էր պետական անվտանգության առումով, քան 2015 թ. մայիսի 20-ի կրակոցը (ինչ էլ կլոր ամսաթվեր են): Այս հարցը, երեւի, պետք է տալ շատ վերեւներին, որովհետեւ այնտեղից ավելի լավ է երեւում, թե ինչն է պետականության համար վտանգավոր եւ ինչը` ոչ այնքան:



Մենք, թերեւս, կփորձենք ներքեւից օգնել վերեւներին, որ այնտեղ վերջապես շարժվեն եւ փորձեն հասկանալ, որ տեղի ունեցածը ոչ թե աղմկահարույց հերթական դեպքն է` կապված Սուրիկ Խաչատրյանի անվան հետ, այլ լկտի մարտահրավեր պետությանը, ՀՀ իշխանություններին, իրավապահ համակարգին եւ Հայաստանի հասարակությանը: Այո, մեզ հասկացրին, որ Հայաստանում մարզպետ խփելը ծիտ խփելու պես մի բան է: Մինչդեռ մենք գիտենք, որ մարզպետը՝ ոչ ավել, ոչ պակաս, նախագահի ներկայացուցիչն է տվյալ մարզում: Հետեւաբար` հանցագործի լկտիության աստիճանը բավականին բարձր է, եւ իրավապահների դանդաղումն այս դեպքում կարող է հանգեցնել զանազան տհաճությունների, մանավանդ, եթե հաշվի առնենք նաեւ Սուրիկ Խաչատրյանի մի առանձնահատկությունը` նա սիրում եւ կարողանում է ակտիվ ինքնապաշտպանվել: Նախադեպը, ինչպես ասում են, կա:



Հայրիկյանը լավ էլ տեսել էր կրակողներին, եւ նրա այն արժեքավոր տեղեկությունը, որ հանցագործները սլավոնական արտաքին ունեին, օգնեց իրավապահներին շատ արագ հայտնաբերել վտանգավոր կաֆելչիկներին, որոնք, թեեւ սլավոնական արտաքին չունեին, բայց ունեին սլավոնական մտածելակերպ` տեսնես Հայրիկյանին ճանկռոտեցին, որ ի՞նչ անեն: Արդյունքում էլ պետությունը 20 միլիոնի վնաս կրեց:



Սուրիկ Խաչատրյանի պարագան բոլորովին այլ է: Եթե, աստված մի արասցե, նրա ոտքը քերծվեր, բնականաբար, պետությունը բուժման փողը չէր տալու: Ինքն էլ էն տղեն չի, որ երեսը դեմ տար, թե տրավման ստացել եմ աշխատանքային պարտականությունների կատարման պահին: Բայց դա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ Սուրիկ Խաչատրյանը չի տեսել կրակողի(ների) արտաքինը եւ չի կարող նույնքան արժեքավոր ինֆորմացիա փոխանցել իրավապահներին, ինչ որ Հայրիկյանն արեց: Բայց մյուս կողմից էլ լավ է, որ չի տեսել: Դա ազատում է մեր իրավապահներին որեւէ հատուկ արտաքինով մարդ որոնելու տհաճ ու ձանձրալի աշխատանքից: Հանցագործությունն առերեւույթ առկա է, իսկ այս գործի համար հանցագործ գտնելը, կարծում ենք, մերոնց համար դժվար չի լինի:



Սուրիկ Խաչատրյանը հետաքրքիր գնահատական է տվել կրակողին(ներին): Ասել է` «վախկոտ մարդիկ են»: Սա կարող է բարդացնել իրավիճակը, որովհետեւ հակառակորդին թերագնահատելը միշտ էլ տխուր հետեւանքների է հանգեցնում: Եթե սա ընդամենը նախազգուշական կրակոց է եղել, ապա Սուրիկ Խաչատրյանը չարաչար սխալվում է իր գնահատականի հարցում: Վախկոտը երբեք չի նախազգուշացնի: Իսկ նա, ով նախազգուշացնում է, նաեւ խելացի է եւ դա անում է առանց նկատվելու:



Հայրիկյանի կրիտիկական օրերին ամենաշատ շրջանառվող հարցն էր` ո՞ւմ էր սա ձեռնտու: Սուրիկ Խաչատրյանի պարագայում այդ հարցը միանգամայն անիմաստ է, որովհետեւ այդ ուղղությամբ գնալու դեպքում ոստիկանությանը հարկ կլինի բերման ենթարկել եւ հարցաքննել ողջ Սյունիքի մարզն ու hանրապետության մնացած բնակչության կեսից ավելիին: Եվ, ուրեմն, շատ կարեւոր է, որ Սուրիկ Խաչատրյանն անձամբ փորձի հնարավորինս նեղացնել այն մարդկանց շրջանակը, որոնց ձեռնտու էր նման նախազգուշացում կամ մահափորձ իրականացնել իր նկատմամբ: Դա, իհարկե, դժվար կլինի հզոր մարզպետի համար, որովհետեւ նա մեր երկրում քչերին է մարդու տեղ դնում, բայց, այնուամենայնիվ, թող փորձի նեղացնել մարդկանց այն շրջանակը, որոնք իր լավը չեն կամենում:



Իսկ ի՞նչ անել, եթե հանցագործ չկա, եւ, այնուամենայնիվ, ճիշտ են այն մարդիկ, ովքեր գրեթե համոզված են, որ սա ներման եւ Սուրիկ Խաչատրյանի հանդեպ վերաբերմունքի մեղմացման նպատակով կազմակերպված ներկայացում է: Այդ դեպքում պետք է ասել, որ «կազմակերպիչները» լավագույն սցենարը չեն ընտրել: Նման սցենարները լավ աշխատում են քաղաքական գործիչների պարագայում եւ ոչ թե Սուրիկ Խաչատրյանի, ով իր ողջ գիտակցական կյանքում քայլել է օրենքն ու ապօրինությունն իրարից բաժանող գծի վրայով: