Ռիգայի հռչակագիրը՝ Հայաստանի մասին

Ռիգայի հռչակագիրը՝ Հայաստանի մասին

Եվ այսպես, Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի հռչակագիրը հրապարակված է, Հայաստանին վերաբերող հիմնական ձեւակերպումը 12-րդ կետում է, որտեղ խոսվում է ԵՄ-Հայաստան ապագա համապարփակ համաձայնագրի մասին: Այդ հատվածը կներկայացնենք ամբողջական թարգմանությամբ:
Հայաստանի մասին հիշատակումներ կան նաեւ Հռչակագրի 14-րդ կետում, որով ընդգծվում են E5P-ի (Eastern Europe Energy Efficiency and Environment Partnership), թարգմանաբար` «Արեւելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության եւ բնապահպանության գործընկերության» կարեւորությունը եւ արձանագրված առաջընթացը, որ թույլ է տալիս Ուկրաինայից հետո նաեւ Հայաստանին, Վրաստանին եւ Մոլդովային առաջարկել սույն գործընկերությունը:



23-րդ կետում ողջունվում են Հայաստանում եւ Ադրբեջանում Վիզաների դյուրացման եւ եւ ռե-ադմիսիայի համաձայնագրերի (Visa Facilitation and Readmission Agreements (VFA/RA) գործադրման ուղղությամբ արձանագրված համապատասխան առաջադիմությունները: «Գագաթնաժողովի մասնակիցները նայում են առաջ` պատշաճ կերպով Հայաստանի հետ սկսելու վիզային երկխոսություն` պայմանով, որ Հայաստանը շարունակի ապահովել կայուն առաջընթաց VFA/RA-ի կենսագործման հարցում»:
24-րդ կետից հայտնի է դառնում, որ Մոլդովան եւ Ուկրաինան միացել են հետազոտական եւ նորարարական Horizon 2020 շրջանակային ծրագրին եւ եւ գագաթնաժողովի «առաջ է նայում Հայաստանի ու Վրաստանի հետ` նույն ծրագրին միանալու համաձայնություններն ավարտին հասցնելուն»:



26-րդ կետում գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Մոլդովայի ընդգրկումը Ձեռնարկությունների մրցունակությանը եւ փոքր ու միջին բիզնեսին վերաբերող COSME (Competitiveness of Enterprises an d Small and Mediumsized Enterprises) ծրագրում եւ սպասում են նույն ծրագրին Հայաստանի եւ Ուկրաինայի միանալուն:
29-րդ կետում էլ ասվում է, որ գագաթնաժողովն ակնկալում է ԵՄ-Հայաստան ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունների հնարավորինս արագ մեկնարկ:
Վերջապես, 12-րդ կետը գրեթե կրկնում է նախօրեի EEAS (Եվրոպայի արտաքին գործունեության ծառայության) եւ ԵԺԿ հռչակագրի ձեւակերպումները, ասելով. «Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են 2013-ի Վիլնյուսի գագաթնաժողովից ի վեր ձեռնարկված քայլերը ԵՄ-ի եւ գործընկերներից յուրաքանչյուրի միջեւ տարբերակված երկկողմ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ: Մասնակիցները ողջունում են ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ապագա համաձայնագրի շրջանակի շուրջ ձեռք բերված ընդհանուր ըմբռնումը, որը միտված է զարգացնելու եւ ամրապնդելու իրենց համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում» (Summit participants welcome the steps taken since the Vilnius Summit in 2013 in developing differentiated bilateral relations between the EU and each of its partners. Participants welcome the common understanding reached on the scope for a future agreement between the EU and Armenia aimed at further developing and strengthening their comprehensive cooperation in all areas of mutual interest.)։



Եվ այսպես, Մոսկվայի շանտաժից եւ Սերժ Սարգսյանի «սեպտեմբերերեքյան» ձախավեր հայտարարությունից մեկեւկես տարի հետո կատարվում է դարձ ի շրջանս յուր․ կրկին Հայաստան-ԵՄ բանակցությունների սեղանին է դրվում երկկողմ համապարփակ համաձայնագրի թեման, որը, ինչպես օրերս տված հարցազրույցում հայտնել էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը` Տրայան Հրիստեան, ներառելու է եւ քաղաքական, հանրային ու սոցիալական ոլորտները, եւ տնտեսությունն ու առեւտուրը: Ինչ խոսք, ոչ Սերժ Սարգսյանն անձամբ, ոչ էլ իր կառավարություններն արժանիք չունեն նման բարյացակամության արժանանալու, բայց դրա իրավունքն ու արժանիքն ունի Հայաստանը:



Ի դեպ, ԱլԳ սառեցված հակամարտություններին անդրադարձող 5-րդ կետում մի ֆրազ էլ Լեռնային Ղարաբաղի մասին է գրված` Մինսկի խմբի միջնորդական ջանքերին սատարելու ռակուրսով: