Հանրությունն ուզում է իմանալ-2

Հանրությունն ուզում է իմանալ-2

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը, ով նաեւ մեկ տարի առաջ հիմնադրված «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ՀԿ նախագահն է, վիրավորված է «Հրապարակ» թերթից։ Նրան դուր չի եկել մեր «Հանրությունն ուզում է իմանալ» հրապարակումը, որտեղ ներկայացրել էինք պաշտպանության նախարարի շուրջ վերջերս ակտիվացած սպիտակ եւ սեւ PR-ը։ Այս ակտիվացումը բնական է եւ բացատրվում է նրանով, որ Սեյրան Օհանյանն ընկալվում է որպես 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուներից մեկը, չնայած ինքը՝ պաշտպանության նախարարը, ժխտում է սա։



Բնական է նաեւ այն, որ Սեյրան Օհանյանի եւ նրա ընտանիքի շուրջ այսօր հասարակական մեծ հետաքրքրություն կա, տարբեր ասեկոսեներ, եւ նրանց մասնակցությամբ սյուժեներ են պտտվում։ Այս մասին գրել էինք «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածում։ Սա փաստ է, որ կան նման սյուժեներ, իսկ ով չի հավատում, որ կան նման հրապարակումներ, կարող են ծանոթանալ դրանց hzham.am կայքից։ Ռուզաննա Խաչատրյանը եւս հաստատում է «Հրապարակի» պնդումը, որ կան նման հրապարակումներ։ Իր ՖԲ էջում նա գրում է․ «Թերեւս չանդրադառնայի իմ շուրջ վերջին օրերին հյուսվող անհեթեթ խոսակցություններին, որոնք չէին անցնում կանացի բամբասանքից այն կողմ, եթե այսօր չկարդայի, որ նորահայտ մի կենսագիր, ի թիվս բազում զրպարտությունների՝ անբարոյականություն, կաշառակերություն, ինձ մեղադրում է նաեւ մարդասպանության համար՝ գաջի գործարանի տարածքում: Անհանգստացնող է պատվիրատուի անթաքույց թշնամանքն ու ատելությունն իմ եւ ընտանիքիս հանդեպ, որտեղ 2 անչափահաս երեխա է դաստիարակվում»:



Իսկ նրա ղեկավարած կազմակերպությունը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, գրել է մեզ․ ««Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհուրդը, ասոցիացիայի անդամները վրդովված են ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի անվան շուրջ հյուսվող վարկաբեկիչ զրպարտանքներից, որոնք տեղ են գտել «Հրապարակի» «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածի մեջ: Ոչ միայն հանրությունը, այլ նաեւ մենք՝ բժիշկ գիտնականներն ու զինվորական բժիշկներն են ուզում իմանալ, ավելին՝ պահանջում ենք նշել հորինված ավտովթարի տարեթիվը, օրը, տեղը, զոհված ուղեւորի անուն-ազգանունը, ամբողջական տվյալները, քրեական գործի մանրամասները: Համապատասխան հիմնավոր փաստեր չներկայացնելու դեպքում պահանջում ենք տպագրել հերքում եւ ներողություն խնդրել, այլապես մեր ասոցիացիայի ղեկավարի բարի համբավն ու պատիվը վիրավորելու եւ նրան զրպարտելու համար իրավունքների պաշտպանությամբ դիմելու ենք ներպետական ու միջազգային դատավարական-իրավական ատյաններին: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա», 21.05.2015թ.»։



Հարգելի «Ասոցիացիա» եւ վերջինիս անդամներ, կներեք, որ ձեզ վիրավորել ենք, անդրադառնալով համացանցային մամուլում շրջող տհաճ պատմությանը։ Թեեւ մեր հրապարակման մեջ տող անգամ չեք գտնի կամ հաստատում, որ այս պատմության հերոսուհին հենց Ռուզաննա Խաչատրյանն է։ Դուք ճիշտ եք անում, որ պահանջում եք Ձեզ զրպարտողներից, որ անպայման ամբողջական տվյալներ ներկայացնեն 2000-ականների սկզբին կատարված դժբախտ պատահարի մասին, եւ դատավարական ատյաններին, իրավապաhներին դիմելն էլ Ձեր իրավունքն է։ Հավանաբար, վստահ եք, որ հայաստանյան գերօբյեկտիվ արդարադատությունը պինդ-պինդ կանգնած է պաշտպանության նախարարի, նրա կնոջ եւ, առհասարակ, բոլոր նախարարների, նրանց տեղակալների, նրանց կանանց եւ այլ ազգականների մեջքին։ Մենք էլ ենք վստահ։



Իսկ մեր հրապարակումով մենք Ձեզ ընդամենը հորդորել էինք թեթեւ տանել հանրության առողջ եւ անառողջ հետաքրքրությունը Ձեր շեֆի եւ նրա ամուսնու վերաբերյալ, համակերպվել հանրության պրպտող հայացքի հետ։ Չէ՞ որ առջեւում մեծ քարոզչության շրջանն է եւ մեծ, շատ մեծ «լվացք»։ Ինչերի միջով ասես, որ չեն անցնում նախագահի թեկնածուները։ Պատրաստ եղեք պատվերների, ֆեյքերի հարձակումների, նաեւ զրպարտության։ Հանդուրժող եղեք, խնայեք ձեր նյարդերը, խնայեք փամփուշտները, դրանք դեռ ձեզ շատ են պետք գալու, եւ ձեր թշնամիների քանակը մի ավելացրեք։ Իսկ վառված մոմերի գինը կփոխհատուցվի։



ՀԳ․ Տեղեկանք «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» վերաբերյալ։ Այն ստեղծվել է 2014 թ․ գարնանը։ Հիմնադիր նիստը եղել է մայիսի 29-ին, շքեղ միջավայրում, նախարարների եւ ՊՆ բարձրաստիճան չինովնիկների մասնակցությամբ՝ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը։ Հասարակ ՀԿ-ն այդպիսի շնորհանդես չի ունենում։ Այս տարվա ապրիլի 7-ին կենտրոնական հոսպիտալում, վերջինիս նորոգված 4-րդ մասնաշենքի բացմանը կազմակերպության անունից Ռուզաննա Խաչատրյանը կարմիր ժապավեն է կտրել։ Իսկ իր հարցազրույցներից մեկում ասել է, որ իր կազմակերպության «թիրախը» զինվորի առողջության պահպանումն ու վերականգնումն է։ Այլ տեղեկություններ այս կազմակերպության աշխատանքի մասին, ցավոք, չգտանք։ Երեւի դեռ վաղ է արդյունքների մասին խոսելը, չնայած այս մեկ տարում սարսափելի կորուստներ ունեցանք բանակում, այդ թվում նաեւ զինվորների առողջության կորուստներ, իսկ ասոցիացիայի խոսքն այդպես էլ չլսեցինք։