«Հայաստան» կինոթատրոնն իր 3 կինոսրահներում կցուցադրի ամենավերջին ֆիլմերը

«Հայաստան» կինոթատրոնն իր 3 կինոսրահներում կցուցադրի ամենավերջին ֆիլմերը

Օրեր առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վերաբացվեց «Հայաստան» կինոթատրոնը։ Երկու տարի տեւած վերակառուցման աշխատանքներից եւ խոշոր ներդրումներից հետո մոտ 3000 քմ տարածք զբաղեցնող կինոթատրոնում այսօր կարելի է դիտել ոչ միայն համաշխարհային կինոպրեմիերաներ, այլ նաեւ համատեղել հանգիստն ու ժամանցը։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց կինոթատրոնի տնօրեն Էմիլիա Հարությունյանը, կինոթատրոնն իրենից ներկայացնում է ընտանեկան ժամանցի կենտրոն, որտեղ գործում են նաեւ սննդի կետեր, սրճարաններ, որոնցից մեկում երեկոյան կարելի է ունկնդրել նաեւ կենդանի դասական երաժշտություն: Աշնանն էլ կգործի երաժշտական ժամանցի կենտրոնը:



Կինոթատրոնի վերակառուցմանը զուգահեռ, բարեկարգվել է նաեւ հարակից այգու մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել են շուրջ 500 տարբեր ծառատեսակներ, վերանորոգվել են այգու շատրվանները, նոր լուծում է ստացել այգու եւ շենքի լուսային ձեւավորումը, ինչպես նաեւ առկա է անվճար ավտոկայանատեղի:   Կինոթատրոնն ունի 3 կինոսրահ, խաղային ատրակցիոններ՝ ամերիկյան «Սեգա» ֆիրմայի, որի առավելությունը, ըստ տնօրենի, այն է, որ հաճախ փոխվում են խաղերը։ Կա բոուլինգի սրահ, որի դիզայնը մշակել է հայտնի իտալացի դիզայներ Պինինֆարինան, «Մերսեդես» մակնիշի մեքենաներ, որոնք բրենդավորված են հատուկ կենտրոնի համար։ Կինոթատրոնի ամենամեծ կինոսրահը 400 տեղանոց է, միջինը՝ 150, իսկ երրորդը՝ VIP սրահը, ունի 30 հարմարավետ բազկաթոռ։ «Մեր 3 կինոսրահների էկրանները պրոֆեսիոնալ են, պատված են 80% արծաթե փայլաթիթեղով, որոնք ապահովում են 2-3 d ֆիլմերի ցուցադրման բարձր որակ։ Մեզ մոտ տեղադրված են հայտնի «Քրիստի» ընկերության կինոպրոյեկտորներ, «Դորետի» անգլիական սերվերներ, ամերիկյան «Դատասաթ» բարձր որակի ձայնի պրոցեսորներ, որոնք այս պահին լավագույնն են աշխարհում»,- նշեց նա՝ ընդգծելով, որ կինոթատրոնը ոչ միայն լավագույնն է Հայաստանում ու Անդրկովկասում, այլ նաեւ կարող է մրցակցել աշխարհի լավագույն կինոթատրոնների հետ։



Ֆիլմերի տոմսերի արժեքն սկսվում է հազար դրամից։ Ցուցադրվելու են տարբեր ժանրերի ֆիլմեր, մուլտֆիլմեր, իսկ կենտրոնը բաց կլինի մինչեւ 24։00-ն։ «Մեկ շաբաթ է արդեն, որ կինոթատրոնը ֆիլմեր է ցուցադրում։ Բոլոր այն ֆիլմերը, որոնց պրեմիերաները հիմա աշխարհում տեղի են ունենում, կարող եք դիտել այստեղ, սերվերային տեխնոլոգիայի շնորհիվ։ Ֆիլմի հեղինակային իրավունքներն ունեցող ընկերությունը մեզ հետ պայմանագիր է կնքում, ըստ որի՝ ֆիլմն ինտերնետային տարբերակով ներբեռնվում է սերվերի վրա ու մնում է այնքան ժամանակ, ինչքան որ նշված է պայմանագրում։ Ժամկետը լրանալուց հետո ֆիլմն անմիջապես ջնջվում է»։



Թե ինչպես են անելու, որ մյուս կինոթատրոնների հետ ֆիլմացանկը չկրկնվի, ապա իրենք չեն կարող չտալ մի ֆիլմ, որը նոր հայտնվել է կինովարձույթներում․ «Լավագույն ֆիլմերը եւ պրեմիերաները կարող ենք տարբեր երկրների հետ միաժամանակ  դիտել մեր կենտրոնում»։ Կինոթատրոնը նաեւ հայ ռեժիսորների ֆիլմեր է ցուցադրում եւ ցուցադրելու է նաեւ հետագայում։ Ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա, «եթե հաշվի առնենք, որ Հայաստանում մեկուկես կինոթատրոն կա, կարծում եմ, որ մեր նորագույն տեխնոլոգիաներն ու սարքավորումները կնպաստեն նրան, որ մեզ ավելի շատ այցելեն»։



Քանի որ կինոթատրոնը նոր է վերաբացվել, դեռ այդքան շատ հանդիսատեսի ակնկալիք չկա, բայց սպասումները եւ ծրագրերը մեծ են։ Ըստ տնօրենի, կինոթատրոնը հարմար վայր է տարբեր մշակութային ծրագրեր իրականացնելու, ռետրոսպեկտիվներ, շնորհանդեսներ, շոուներ կազմակերպելու համար, կա նաեւ մոնոներկայացումների հնարավորություն։ Ֆիլմերի ու կենտրոնի մյուս ծառայությունների մասին հանդիսատեսն առայժմ կարող է ծանոթանալ կինոթատրոնի ֆեյսբուքյան էջից, իսկ առաջիկայում պատրաստ կլինի նաեւ կինոթատրոնի կայքը։



Կինոթատրոնն այս տարի իր դռներն է բացելու նաեւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցների համար. ցուցադրվելու են փառատոնի մասնակից ֆիլմեր, հյուրընկալվելու են մասնակից ռեժիսորներն ու դերասանները, կազմակերպվելու են քննարկումներ, կինոդիտումներ: Ավելին՝ «Ոսկե ծիրանի» շրջանակներում կրկին կլինի կինոթատրոնի բացումը։