Փոքր-ինչ գինովցած ՀՀԿ-ականների անկեղծությունն ի վնաս ժողովրդի է

Փոքր-ինչ գինովցած ՀՀԿ-ականների անկեղծությունն ի վնաս ժողովրդի է

Երեկ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ծննդյան օրն էր։ Արտահերթ նիստի մեծ ընդմիջմանը նրա աշխատասենյակում էին հավաքվել իշխանական խմբակցության բոլոր պատգամավորները։ Բոլորը հերթով եկան, մտան հարազատ ֆրակցիա՝ ղեկավարին շնորհավորելու։ Հանրապետականներից ամենավերջինը իր նախկին աշխատասենյակին մոտեցավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Բաղդասարյանի սենյակին հարող միջանցքը պաշարած լրագրողները հենց նրան էին սպասում։ ԱԺ նախագահը, սակայն, նախընտրեց մեզ հետ շփվել խմբակցության ղեկավարի կենացը խմելուց եւ նրան «ուժ, կորով, առողջություն ու երջանկություն» մաղթելուց հետո միայն։



Մինչ այդ ՀՀԿ ֆրակցիայի դռների մոտ հայտնվեց ՀԱԿ խմբակցության ՍԴՀԿ ընդդիմադիր պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։ Նա, հավանաբար հասկանալով, որ «ընդդիմությանը» վայել չէ իշխանական պատգամավորի ծննդյան օրը շնորհավորելը, շտապեց արդարանալ․ «Դե, հրավիրել են, մտնում եմ շնորհավորեմ ու դուրս գամ, չեմ նստելու»։ Հետո շատ անկեղծ նկատեց․ «Շուն, գել՝ մեր իշխանություններն են»։ Մեր հարցին էլ, թե ինչ է մաղթելու իր իշխանական գործընկերոջը, ինքն իրեն տեղով նվեր համարող Լյուդմիլա Սարգսյանի մոտ կտրուկ արթնացավ ընդդիմադիր ոգին․ «Շուտափույթ իշխանափոխություն եւ լիազորությունների կասեցում»։ Իսկ թե ինչ մաղթեց իրականում իշխանական խմբակցությունում, կիմանան ինքն ու հանրապետականները։



Որոշ ժամանակ անց գինովցած, շորորացող ու թանկ օծանելիքները խմիչքի հոտով խեղդած ՀՀԿ-ականները դուրս եկան սենյակից։ Առավոտյան պատգամավորներին տերյանական «հուշիկ» ոճով դահլիճից հեռանալ հորդորած Գալուստ Գրիգորիչին հարցեր ուղղեցինք։ Նա էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ մեր հարցերին ի պատասխան, ողջ մեղքը բարդեց ոչ թե Բիբինի կամ կառավարության, այլ դրամ-դոլար տատանումների վրա եւ որոշեց, որ ժողովուրդը պետք է վճարի այն 24 միլիարդ դրամ պարտքը, որն առաջացել է ՀԷՑ-ում այդ չարաբաստիկ դոլարի թանկացման պատճառով։ Իսկ Բիբինի հայտարարությունն էլ, որով նա մեղադրել էր կառավարությանը, համարեց գորշ, անիմաստ հայտարարություն։ Իսկ ինչպե՞ս է վճարելու քաղաքացին այդ 7 դրամ թանկացման դիմաց, ԱԺ նախագահը հույսը դնում է կառավարության վրա, որ անապահով ընտանիքների համար ինչ-որ փոխհատուցող կմտածեն։ Բա մյո՞ւս ընտանիքները, ովքեր անապահով չեն համարվում, բայց ապահով էլ չեն, միգուցե օլիգարխներո՞վ հավաքվեն ու այդ պարտքը մարեն իրենց գրպանից։



«Ասեմ հետեւյալը՝ շատ հնարավոր կլիներ, որ հենց բյուջեից հանեինք-տայինք, բայց թե՛ բյուջեից հանենք, թե՛ հետո բյուջեն համալրենք, դա մեր ազգաբնակչության, մեզ վրա պիտի մնա»,-ասաց նա։ Իսկ աշխատավարձերի բարձրացում չի՞ նախատեսվում։ «Որտեղի՞ց պիտի բարձրացնենք, աշխատավարձերն էլ եթե բարձրացնում ես, էլի ժողովրդի հաշվին է լինելու… բա ժողովուրդն է բյուջեն ստեղծում, ազգը պահում, դու գիտես Գալուստ Սահակյանը կամ մյո՞ւսն են էդ ազգը պահում, դու ես պահում էդ ազգը, ժողովուրդն է պահում»։ Մեր այն դիտարկմանն էլ, թե ժողովուրդը, կարծես, պահուստային ֆոնդի է վերածվել, բոլորի ֆինանսական խնդիրները ժողովրդի հաշվին են լուծվում, ԱԺ նախագահն այսպես արձագանքեց․ «Դու՝ այո, բայց մնացածը՝ չէ»։



Նա նաեւ կառավարության հրաժարականի պատճառ չի տեսնում, քանզի «բոլոր ժամանակներն էլ իր խնդիրներն ունեն, ու այնպես չէ, որ այսօր գործիքներ կան այդ խնդիրները լուծելու եւ այդ գործիքները չեն օգտագործվում»։ Ի դեպ, Գալուստ Սահակյանի բնակարանում «երեկոյան ժամերին ընդամենը մեկ սենյակում է լույս վառվում»։ Խնայո՞ւմ եք։ Պարզվեց՝ ոչ․ «Ափսոսում եմ»։



Ժողովրդավարության ակտիվ ջատագով, Գալուստ Սահակյանի առաջին տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւս համամիտ է իր անմիջական ղեկավարի հետ՝ հոսանքի թանկացման արդարացիության մասով։ Նա էլ է կարծում, որ ՀԷՑ-ի կուտակած պարտքերը պետք է ժողովուրդն իր գրպանից վճարի․ բա ժողովրդավարությունն էլ ո՞ւր մնաց․ «Ես ձեզ կոնկրետ հարց եմ տալիս՝ 24 միլիարդի պարտք է գոյացել, որտեղի՞ց պետք ա տա, այլ աղբյուր ասեք, թող տա»։



ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, սակայն, կարծում է, որ նույնիսկ մեկ դրամի թանկացման հիմնավորումները բավարար չեն կարող լինել։ Իսկ ի՞նչ տվեցին լսումները։ «Լսումներն այն համոզումը ձեւավորեցին, որ ամբողջ համակարգը ենթակա է անկախ գնահատման, որովհետեւ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ կարգավորող հանձնաժողովը էներգետիկ համակարգի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության չեն տիրապետում»,-ասաց նա։ Իսկ որտե՞ղ է գլխավոր խնդիրը, ո՞ւմ մեղքով է առաջացել այս վիճակը, կառավարությա՞ն, Բիբինի՞, թե՞ համակարգի՞։ Մինասյանն ասաց՝ համակարգի։ Դաշնակցական պատգամավորի կարծիքով, ուրիշի կուտակած պարտքերի համար ՀՀ քաղաքացու կողմից կատարվող վճարն արդար չէ։



ԲՀԿ-ական տնտեսագետ պատգամավոր Միքայել Մելքումյանի համար էլ խնդիրը պատկերի ձեւավորման մեջ։ Նա հիշեցրեց իր ասածները, որ կարելի էր դիվերսիֆիկացնել։ Իսկ մեղքի գլխավոր բաժինն ո՞ւմն է, Մելքումյանն ասաց՝ բոլորինը․ «Պետությունն իր մասով, որ իրատեսական էներգետիկ հաշվեկշիռ չկազմեց, թե որ աղբյուրից ինչքան է խախտվել, մատակարար ընկերությունները՝ իրենց մասով, որ հոսանք քիչ են արտադրել, ՀԷՑ-ին՝ իրենց մասով, քաղաքականություն իրականացնողին էլ՝ իրենց մասով»։ Իսկ կառավարության մեղքի առումով էլ Մելքումյանը մասնավորեցրեց․ «Էներգետիկայի նախարարությունը»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ