Հոսանքի թանկացման պատճառներն այլ տեղ փնտրեք

Հոսանքի թանկացման պատճառներն այլ տեղ փնտրեք

ԱԺ-ն մնացել է Արշակ Սադոյանի հույսին: Ոնց էլ չեն մոռացել այս նախկին երիտասարդ խառնակչին ու բանսարկուին: Հիշում եմ՝ 80-ականների վերջին համալսարանում դասադուլներ էր կազմակերպում, հետո ընկավ ԱԺ, այնտեղ էլ` «Արմենթելի» ու մազութի գործ… Վերջը տարիքն առավ, տարան Հանրային խորհուրդ, որ ծերությունը վայելի:
Բայց հիմա էլ ԱԺ-ն, ավելի ստույգ՝ ԱԺ ՀՀԿ-ական խմբակցությունը հանգիստ չի տալիս Սադոյանին: Բերել, փորձված աղվեսին դեմ են տվել հասարակությանը, որպեսզի փրկեն իրենց հետույքները: Խոսքն էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված այս աղմուկի մասին է եւ այն մասին, որ ՀՀ օրենսդիր մարմինը չի կարողանում ՀԷՑ-ի ու նրա ղեկավարի հախից գալ: Կարճ ասած` Սադոյանին ուղարկել են հասարակության մեջ, որ սա մարդկանց համոզի, թե պատգամավորներն ով են, որ պայքարեն Բիբինի դեմ:
Սադոյան, խառնակչություն ես անում:
Եթե իրոք պատգամավորները ոչինչ են Բիբինի դեմ, ապա թող ՀԷՑ-ը փորձի էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել առանց ԱԺ-ի թույլտվության ու համաձայնության: Բա էլ ինչո՞ւ են Ռոբերտ Նազարյանին առած եկել ԱԺ: Պայքարի սխալ ուղղություն է հուշում Սադոյանը: Նրա կարծիքով` մեղավորը Ռոբերտ Նազարյանն է, ով, փոխանակ հայ ժողովրդին ծառայելու, Բիբինին է ծառայում, եւ հենց Բիբինն է նրան հրամայել` բարձրացնել սակագինը:
Պարզորոշ զգացվում է, որ Սադոյանը հարվածը հեռացնում է ԱԺ-ից եւ պատգամավորներից: Բայց նա դա անում է խայտառակ անտաղանդությամբ եւ պետության վարկին վնաս հասցնելով: Որովհետեւ, բացի այն, որ Ռոբերտ Նազարյանի հիմնարկը (ՀԾԿՀ) Հայաստանն է պահում, այլեւ Ռոբերտ Նազարյանին այդ գործին նշանակողը մեկ եւ միակ պայման է դրել նրա առաջ` պաշտպանել ժողովրդի շահը: Ստացվում է, որ օրը ցերեկով, առանց որեւէ փաստի, Սադոյանը Նազարյանին մեղադրում է դավաճանության մեջ, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ խառնակչություն, այն էլ՝ մեղմ ասած:
Մենք հրաժարվում ենք Սադոյանի հանգույն մտածել, որ Սերժ Սարգսյանի նշանակած մարդը կկատարի մեկ ուրիշի հրամանը: Պատկերացրեք, որ Նազարյանի նման, պաշտպանության նախարարը, արտգործնախարարը, ոստիկանապետը կամ թեկուզ սփյուռքի նախարարը հանկարծ կատարեին ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ մեկ ուրիշի հրամանները: Դե, հիմա Նազարյանն էլ փոքր մարդ չէ: Առնվազն այնքան կա, որ նրան նշանակում ու ազատում է անձամբ նախագահը: Ուրեմն պետք է զգույշ արտահայտվել, որովհետեւ խոսքը պետության մասին է:
Սադոյանի կարծիքով` էլեկտրաէներգիան թանկացնելու որեւիցե պատճառ չկա, թանկացնելու բոլոր պատճառները սուտ են։ Այդպես չէ, իհարկե: Երբ մի բան թանկանում է, կամ ուզում են թանկացնել, պատճառներ միշտ էլ կան: Ինչպե՞ս կարող է ծուխ լինել առանց կրակ: Սա նույնն է, թե ասես` էժանացման պատճառներ չկան, բոլոր պատճառները սուտ են: Հայտնի է, որ աշխարհում նավթն ու նավթամթերքն էժանացել են: Կարծես դա լուրջ պատճառ է բենզինի էժանացման, որը, սակայն, տեղի չի ունենում: Այսինքն, մի ուրիշ պատճառ էլ կա, որ չեն էժանացնում: Նույնն էլ թանկացումն է: Բիբինի ծախսերը մնացել են նույնը, բայց նա հոսանքը թանկացնում է: Բիբինի եւ հոսանքի սակագնի արանքում մի բան այն չէ, կամ մի պատճառ կա, որ թանկացնում է: Գուցե Բիբինի ախորժա՞կն է բացվել, գուցե անտեսանելի մեկը փա՞յ է մտնում, ես ի՞նչ իմանամ: Բազմափորձ Սադոյանը այս լուրջ հարցերը ցրում է, առաջարկում է խուլիգանությամբ զբաղվել` հոսանք գողանալ, լեւի գիծ քաշել, Բիբինին վնաս տալ: Լավ, ես չեմ, ու դուք եք, տարիքն առած մարդը, եթե խառնակիչ չէ, նման բան կասի՞:
Սադոյանը չի մոռանում նաեւ քաղաքական ուժերին, որոնք, ըստ նրա, բերանները ջուր առած դանդաղ պայքարում են թանկացման դեմ: Ճիշտն ասած` չգիտեմ, թե քաղաքական կուսակցությունները, բացի այն, որ ԱԺ ամբիոնից պետք է պայքարեն թանկացումների դեմ եւ ուղղություն տան քաղաքացիական շարժումներին, ուրիշ ինչ պետք է անեին: Այն քաղաքական ուժերը, որոնց հիմա մեղադրում է Սադոյանը, հանրությանը չեն խոստացել, որ էլեկտրաէներգիայի թանկացում թույլ չեն տա: Հետեւաբար, առաջին պլանում պետք է լինի այն քաղաքական ուժը, որ միայնակ ստանձնել է երկրի իշխանությունը` խոստանալով դրախտ երկրի վրա: Հիմա Սադոյանն ո՞ւմ է քննադատում, որ մենք ավելի լավ ու ավելի ապահով Հայաստան չունենք, այլ ունենք մի Հայաստան, որտեղ Բիբինը, ըստ իրեն, հրամաններ է տալիս Սերժ Սարգսյանի նշանակած հանձնաժողովին:
Իր հայտարարություններով Սադոյանը հերթական խառնակչությունն է անում, որը, համոզված ենք, միտված է հոսանքի թանկացման դեմ բարձրացած աղմուկը լռեցնելուն եւ չարչրկված 7 դրամը մարսեցնելուն: Սադոյանի պարագայում սա արդեն մասնագիտության է վերածվել: Մինչդեռ հանրության համար խնդիրը գրեթե կենսական նշանակություն ունի: Ոչ մի դեպքում չի կարելի էլեկտրաէներգիայի թանկացում թույլ տալ, որովհետեւ դա իսկական քաոս կստեղծի երկրում եւ կբերի թանկացումների մնացած բոլոր ծառայությունների ու ապրանքների գծով: Դժվար չէ հասկանալ, որ ժողովուրդն ինչքան էլ խնայողաբար օգտագործի հոսանքը, ինչքան էլ, Սադոյանի ասած՝ գողանա, միեւնույն է, նա ստիպված կլինի ավելի թանկ վճարել տրանսպորտի, սննդի եւ մնացած բոլոր կարիքների համար: Հարցի լուծումը պետք է բոլորովին ուրիշ տեղ փնտրել: Իսկ եթե Բիբինն է, որ դա չի ցանկանում, ապա նրան պետք է ոչ թե հրավիրեն, այլ բերման ենթարկեն, ու այնպիսի մի վայր, որտեղ նա ոչ միայն կխոսի, այլեւ, անկախ իրենից, կսկսի շաղակրատել: