Ինչի՞ մեծահարուստը պետք է փակի էլեկտրաէներգիայի պարտքը

Ինչի՞ մեծահարուստը պետք է փակի էլեկտրաէներգիայի պարտքը

էլեկտրաէներգիայի գնի թանկացման բեռի հատուցման մասը կառավարությունը խիստ գաղտնի է պահում, երեկվա դրությամբ ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը տեղյակ չէին, թե ինչ միջոցներով է այդ ծանր լուծը թոթափվելու: Ինչպես հայտնի է, իշխանությունը որոշել է ՀԷՑ-ի ծախսերի կրկնակի, միջազգային աուդիտ անել եւ մինչ աուդիտի արդյունքները հոսանքի թանկացման 6,93 դրամը վճարելու է կառավարությունը։ Ապա աղմուկ բարձրացավ, որ բյուջեից վճարվող գումարներն էլ են գնում մեր գրպանից՝ չէ որ բյուջեն ձեւավորվում է մեր վճարած հարկերից։ Ապա հանդես եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու հայտարարեց, որ այս բեռը բյուջեի վրա չի դրվելու:



Թե ինչի կամ ում վրա կդնի կառավարությունն այդ բեռը, կառավարությունից հայտնեցին՝ լրացուցիչ կհայտարարվի այդ մասին: Սակայն հունիսի 27-ին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այդ բեռը կկրեն ոչ թե սոցիալական ծրագրերի, այլ անվտանգության լրացուցիչ քայլերի համար նախատեսված ծախսի հաշվին: «Կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշուշտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»,- ասել էր Սերժ Սարգսյանն ու տեղի տվել ենթադրություններին, որ, ամենայն հավանականությամբ, խոսքն այն վարկի մասին է, որ տրամադրելու է Ռուսաստանը Հայաստանին՝ 200 միլիոն դոլար, որը, Սերժ Սարգսյանի խոսքով, նախատեսված է սպառազինության արդիականացման համար:



Վերջին օրերին համառ լուրեր են պտտվում, որ հենց այդ վարկի մի մասն է ուղղվելու ՀԷՑ պարտքը մարելուն: Այսինքն՝ էլեկտրաէներգիայի գնի թանկացման բեռը թոթափվելու է պատերազմող երկրի բանակին հատկացվելիք միջոցների հաշվին: Բազում հանգամանքների պատճառով մասնագետները կոնկրետ թիվ չեն հայտարարում, թե որքան գումար է կազմում 7 դրամի թանկացումը, սակայն միանշանակ պնդում են, որ խոսքը մեծ թվերի մասին է: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը մեզ տեղեկացրեց, որ նման հաշվարկ չունեն, քանի որ այդ բեռը բյուջեի վրա չի դրվելու, իսկ թե ինչ միջոցներով է այդ ծախսը կոմպենսացվելու, ֆինանսների փոխնախարարին նույնպես հայտնի չէր:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց՝ բարդ եւ գրեթե անհնարին հաշվարկ է. «Փոքր բիզնես կա, մեծ բիզնես կա, շատ տարբեր ծախսեր են: Մենք պետք է նախ հստակ իմանանք աղքատության մակարդակի տեսակարար կշիռը եւ դրանից նաեւ փորձենք բխեցնել, թե ինչքան էլեկտրաէներգիա են նրանք ամսական սպառում, ըստ էության, աղքատության մակարդակում գտնվող մարդիկ, որպես կանոն, շատ չեն սպառում, ավելի շատ խոշոր բիզնեսն է, ապահով խավն է, եւ ըստ այս մեթոդաբանության պետք է հաշվել»:



Մանասերյանը հիշեցրեց, որ Հայաստանում ստվերային տնտեսության տեսակարար կշիռն է բարձր, ու դա էլ անհնարին է դարձնում ճշգրիտ հաշվարկ անելը։ «Պետք է իմանալ նաեւ, որ տարբերակված են սպառվող էլեկտրաէներգիայի գները, բիզնեսը մի գնով է գնում, բնակչությունը՝ մեկ այլ, ցերեկայինը մի գին է, գիշերայինը՝ մի ուրիշ, հետեւաբար, հնարավոր չէ անգամ միջինացված թիվ ներկայացնել,- ասաց Մանասերյանը։-Ամեն դեպքում, 7 դրամը մեծ գումար է կազմում»:



Չնայած մասնագետները վկայակոչում են մեծ փողերի մասին, այդուհանդերձ, իշխանության կուլիսներում քննարկում են այդ փողն օլիգարխիայի «վզին դնելու» տարբերակը: Մշտապես արտոնություններ ստացած «օբշյակը» պետք է «քցվի» իշխանության նեղության պահին: «Բացառում եմ,- երեկ մեր հարցից նյարդայնացավ ՀՀԿ-ական պատգամավոր, «Եվրոստան ույուտ» ընկերության սեփանատեր Մանվել Բադեյանը։ «Իսկ դու ո՞նց ես մտածում, ինչի՞ մեծահարուստը պետք է փակի էլեկտրաէներգիայի պարտքը: Ի՞նչ ա՝ ինքն իրա վարձերը չի՞ տվել, իրա հարկերը չի՞ տվել, ի՞նչ ա, հլը բացատրի», զայրացել էր նա։ Դիտարկմանը, թե տարիներ շարունակ օգտվել եք հարկային եւ այլ արտոնություններից, ինչո՞ւ չվճարեք որ, պատասխանեց. «Մի հավատա, նման բան չկա, դա նույնիսկ մեկնաբանության հարց չի, սուտ ա»:



Մանվել Բադեյանին հայտնի չէ, թե ինչ միջոցներից է այդ գումարը ճարվելու: Նա բացառեց նաեւ բանակի սպառազինության հաշվին փոխհատուցման տարբերակը. Այդ դեպքում ի՞նչ միջոցներով պետք է մարվի։ «Ի՞նչ, հիմա ես նստեմ կոֆեի բաժա՞կ նայեմ, թե որտեղից պետք է այդ գումարը բերեն, դու իմ հետ ընենց ես խոսում, ոնց որ ես Վանգան եմ»,- ասաց Բադեյանը։- «Եվ հետո՝ անվտանգությունը լայն հասկացողություն է, կրթությունն էլ ա անվտանգություն, առողջապահությունն էլ, դա լայն իմաստով պետք է նայել»:



ՀՀԿ-ական պատգամավորն ասաց նաեւ, որ մեծ ակնկալիքներ ունի աուդիտից, որը պետք է իրականացվի բաշխիչ ցանցերում: Այսինքն՝ ամենամեծ ցանկության պարագայում կարելի՞ է ռուսական ընկերությանն ապացուցել, որ սխալ հաշվարկ են արել ու կեղեքել մեզ։ «Ըտենց պիտակավորումներ մի տուր, ընդամենը կարող է հայտնաբերվի, որ գողություններ է արվել, եւ նպատակը հայ ժողովրդին կեղեքելը չի, այլ սովորական գողություններ ա, որովհետեւ հայ ժողովուրդն էդ տեսակ չինովնիկների համար մեկ ա»: