Նախարարի ընտանիքՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ՞ է

Նախարարի ընտանիքՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ՞ է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ծննդյան օրը, պետք է կայանար նրա կնոջ՝ «Ռուզաննա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի եւ լրագրող Սյուզան Սիմոնյանի» գործով առաջին դատական նիստը։ Սակայն այն տեւեց ընդամենը 12 րոպե եւ հետաձգվեց մինչեւ հուլիսի 7-ը, քանի որ չէր լրացել լրագրողին պատասխանի համար օրենքով տրամադրվող երկշաբաթյա ժամկետը։ Նաեւ ներկա չէր «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը։ Նիստի ավարտին նախագահող դատավոր Ռուբեն Վարդազարյանը հորդորեց կողմերին հանդիպել եւ բանակցել վեճը հաշտությամբ լուծելու օգտին, քանի որ դատավորի փորձն իրեն հուշում է, որ սա այն դեպքը չէ, երբ վեճն անպայմանորեն պետք է ավարտվի դատական ակտով։ Ռուզաննա Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ ինքը դեմ չէ, սակայն «Հրապարակի» խմբագիը հաշտության գալու իր առաջարկին պատասխանել է մերժմամբ, ասելով, որ «կամուրջներն այրված են»։



Հիշեցնենք, որ Պնախարարի կինը դատի է տվել մեր թերթին «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածի համար, համարելով, որ հոդվածի որոշ պարբերություններ արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը։
Մեջբերում ենք այդ պարբերությունը, որպեսզի ընթերցողը պատկերացնի, թե ինչի մասին է խոսքը․ «Որոշ լրատվամիջոցներ խորացան նախարարի եւ նրա տիկնոջ հարաբերություններում, պատմեցին նրանց «թեթեւ» ծանոթության եւ արտամուսնական երկարատեւ կապի մասին, հիշեցին եւ տարածեցին վաղուց մոռացված պատմություն այն մասին, թե ինչպես է մի կին, երբ նա դեռ հայտնի չէր, վարել իր մտերիմ ընկերոջ մեքենան եւ ջախջախել այն, վերջինիս մահվան պատճառը դառնալով: Նկատենք, որ այս պատմությունը վաղուց է շուրթից շուրթ փոխանցվել, իսկ տարիներ առաջ լրագրողները գրում էին քրեական այս դեպքի մասին, դրան հետեւած քննության եւ դատաքննության, բայց ոչ ոք չէր հետաքրքրվում, թե ով է եղել այդ մեքենայի ղեկին։ Միայն հիմա, երբ պաշտպանության նախարարի նախագահ դառնալու հեռանկարն այսքան տեսանելի դարձավ, մութ պատմությունները ջրի երես դուրս եկան… Ի վերջո, շոշափվել է անձնական կյանքը, որի իրավունքն անձեռնմխելի է, մյուս կողմից՝ սա կեղտոտ սպիտակեղեն է, որն ամոթ է լվանալ հանրության աչքի առաջ»:



Ինչու է Արմինե Օհանյանն ասել, որ կամուրջներն այրված են



Նախարարի կինը ցանկանում է, որ «Հրապարակը» տպի իր պատասխանը եւ ներողություն խնդրի։ «Հրապարակը» դեմ է սրան երկու պատճառով։ Նախ, որովհետեւ նախարարի կնոջ պատասխանը դասական հերքում չէ, այլ զրպարտում է մեզ։ Չե՞ք հավատում՝ համեցեք․ մեզնից պահանջում են տպագրել այսպիսի տեքստ․ «Հոդվածում ոչ թե իրական փաստերի հետ կապված հետաքրքրություն է առկա, թեկուզ եւ հիվանդագին, այլ իրականության հետ կապ չունեցող, կեղծ փաստերի նշմամբ ինձ ու ամուսնուս՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին վարկաբեկելու հիվանդագին միտում կա, հակառակ դեպքում հոդվածագիր Սյուզան Սիմոնյանը եւ թողարկման պատասխանատու, գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը չէին գրի եւ հրապարակի նման հերյուրանքներ տարածող նյութ»։ Ստացվում է, որ մենք հոդվածը գրելիս եւ տպագրելիս ընդամենը մեկ նպատակ ենք ունեցել՝ վարկաբեկելու Օհանյանի ընտանիքը։ Երրորդը, ինչպես ասում են, տրված չէ։ Թե ինչն է հիմք տվել տիկնոջը եւ նրա ներկայացուցչին նման պնդում անելու, պատասխանի տեքստում նշված չէ։ Եվ որեւէ կերպ հիմնավորված չէ։



Նախարարի կնոջը չենք էլ ճանաչում



Վստահեցնում ենք, որ Ռուզաննա Խաչատրյանի եւ նրա ամուսնու դեմ անձնական թշնամություն չունենք, նախկինում որեւէ կոնֆլիկտ նրանց հետ չենք ունեցել, նրանց անձամբ չենք ճանաչում, նրանք մեզ փող պարտք չեն, եւ ոչ էլ մենք որեւէ պարտք ու պարտավորություն ունենք նրանց հանդեպ՝ ոչ գումարային, ոչ էլ, առավել եւս՝ գովաբանող նյութեր գրելու։ Սեյրան Օհանյանին, որպես պաշտպանության նախարարի, վերաբերվել ենք հարգանքով եւ հակառակը մտածելու առիթ երբեւիցե չենք տվել։ Կողմի պատասխանը թերեւս տպագրեինք հենց առաջին օրը եւ սկզբունքորեն դեմ չենք եղել նրա տեսակետները մեր հրապարակումներում տեղադրելու։ Եվ այդ մասին է վկայում այն փաստը, որ Ռուզաննա Խաչատրյանի դիրքորոշումը, նրա ֆեյսբուքյան գրառումները, որոնցով նա պատասխանում էր 2003 թվականին տեղի ունեցած վթարի հետ իր անունը կապող ԶԼՄ-ներին, նաեւ նրա ղեկավարած կազմակերպության՝ «Ռազմական բժիշկների ասոցիացիա» ՀԿ-ի նամակը մենք տպագրել ենք խնդրո առարկա հրապարակումներում։ Մեկ անգամ եւս նախարարի կնոջ կարծիքին անդրադառնալը մեզ համար բարդ չէր։ Ի վերջո, շոշափել ենք նրա անունը եւ հանուն արդարության պատրաստ ենք նրան մեկ անգամ եւս լսելու։ Բայց նախարարի կնոջ փաստաբան Կարեն Մեժլումյանն իր գործողություններով այրեց կամուրջները։ Ինչպես արդեն հայտնել ենք, նա մայիսի 25-ին «Հրապարակից» պահանջեց տպագրել Ռուզաննա Խաչատրյանի վերոգրյալ նամակը՝ մինչեւ մայիսի 30-ը ժամանակ տալով, սակայն նույն օրը հայցադիմումը մուտք արեց Կենտրոնի դատարան։ Այս մասին մենք իմացանք «Առավոտի» կայքից։ Եվ այդ քայլից հետո անիմաստ համարեցինք տպագրել մի բան, որն արդեն դատական քննության առարկա է։



Նախարարի ընտանիքի սպիտակեղենը մաքուր է



Երեկ Կարեն Մեժլումյանը դատարանին եւ մեզ էր ուղարկել նախարարի կնոջ փաստարկներն ընդդեմ «Հրապարակի» պնդումների, որոնք մեզ, մեղմ ասած, զարմացրին։ Օրինակ, նա գրում է, որ մենք իրեն չենք ուղարկել հայցադիմումի հետ կապված մեր պատասխանը, ինչն այդպես չէ՝ պատվիրված նամակով ենք ուղարկել կողմին։ Երկրորդ․ վստահեցնում է, որ չենք առարկում, որ Ռուզաննա Խաչատրյանը մասնակցություն չի ունեցել ավտովթարին։ Հարգելի փաստաբան, մենք նման բան երբեք չենք էլ պնդել։ Երրորդ․ Մեժլումյանը գրում է, որ մենք «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածում հղում չենք կատարել, այնինչ հղում կատարվել է «որոշ լրատվամիջոցների»։ Մենք չէինք նշել hzham.am կայքի անունը, չցանկանալով տիրաժավորել «մութ» տեղեկությունները, բայց տեսնելով, որ թյուրըմբռնում կա, երկրորդ հրապարակման մեջ ստիպված արեցինք դա։ Վերջապես, Կարեն Մեժլումյանը պնդում է․ «Սա կեղտոտ սպիտակեղեն է, որն ամոթ է լվանալ հանրության աչքի առաջ» մեր ֆրազը նշանակում է, որ Ռուզաննա Խաչատրյանի մասին շրջանառվող եւ նրան արատավորող տեղեկություններն իրական են։ Մինչդեռ «կեղտոտ սպիտակեղեն լվանալը» «որոշ ԶԼՄ»-ների պահվածքի մասին է, եւ փաստացի տվյալ առ այն, որ նախարարի ընտանիքի սպիտակեղենը կեղտոտ է, այս ֆրազը չի պարունակում։ Հիմա ո՞վ է արատավորում նախարարի կնոջը։ Մե՞նք, թե՞… Մտածելու տեղիք է տալիս։