Հակընդդեմ հայցի էությունը

Հակընդդեմ հայցի էությունը

Նախ ամփոփենք մեր նախորդ երեք հոդվածներում արձանագրածը Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի՝ «Հրապարակի» դեմ ներկայացված հայցադիմումի մասով.
ա) Ռուզաննա Խաչատրյանը «Հրապարակի» դեմ հայց է ներկայացրել դատարան, ոտնահարելով եւ չպահպանելով հերքման համար հատկացվող մեկշաբաթյա ժամկետի օրենսդրական պահանջը,
բ) մեր հրապարակած «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածում չկա զրպարտություն, քանի որ հոդվածում մակերեսային հիշատակումները բխել են հենց իր` Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումից եւ դրանում հիշատակված այլ լրատվամիջոցների հրապարակումներից,
գ) «Հրապարակը» չի ունեցել եւ չունի տիկ. Խաչատրյանին անվանարկելու որեւէ նպատակ, այլապես հենց տիկնոջ հարցազրույցների բազմաթիվ խոցելի դրվագները կօգտագործեր իր դեմ:
Նաեւ, որպեսզի ընթերցողի մոտ տպավորություն չստեղծվի, թե Ռուզաննա Խաչատրյանը իմաստալից հերքման տեքստ է ուղարկել խմբագրություն, եւ մենք էլ այն սկզբունքորեն չենք տպում, ներկայացնենք նաեւ այդ հերքման բովանդակությունը:



Ի՞նչ է գրել Ռուզաննա Խաչատրյանը



Գրությունը վերնագրված է «Հերքման եւ պատասխանի հրապարակման պահանջ» եւ կազմված է 5 պարբերությունից: Առաջին պարբերությամբ հայտնվում է, որ «Հրապարակը» 21.05.2015թ. տպագրել է «Հանրությունն ուզում է իմանալ» վերնագրով հոդված:
Երկրորդ պարբերությունում հոդվածից նույն հատվածի մեջբերումն է, որն այնուհետ հայցադիմումի հիմքում է դրվել: Այդ հատվածին ներկա հոդվածաշարի նախորդ` «Ինչո՞ւ Ռուզաննա Խաչատրյանի դեմ չկա զրպարտություն» հոդվածում անդրադարձել ենք: Այն է.
«Որոշ լրատվամիջոցներ խորացան նախարարի եւ նրա տիկնոջ հարաբերություններում, պատմեցին նրանց «թեթեւ» ծանոթության եւ արտամուսնական երկարատեւ կապի մասին, հիշեցին եւ տարածեցին վաղուց մոռացված պատմություն այն մասին, թե ինչպես է մի կին, երբ նա դեռ հայտնի չէր, վարել իր մտերիմ ընկերոջ մեքենան եւ ջախջախել այն, վերջինիս մահվան պատճառը դառնալով: Նկատենք, որ այս պատմությունը վաղուց է շուրթից շուրթ փոխանցվել, իսկ տարիներ առաջ լրագրողները գրում էին քրեական այս դեպքի մասին, դրան հետեւած քննության եւ դատաքննության, բայց ոչ ոք չէր հետաքրքրվում, թե ով է եղել այդ մեքենայի ղեկին: Միայն հիմա, երբ պաշտպանության նախարարի նախագահ դառնալու հեռանկարն այսքան տեսանելի դարձավ, մութ պատմությունները ջրի երես դուրս եկան»:



Հետո գնահատական է շարադրված, իբր վերոբերյալ հատվածը վիրավորում է իր` Ռուզաննա Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը, իր մասին զրպարտող տեղեկություններ է պարունակում` անշուշտ, առանց մատնանշելու, թե որն է վիրավորանք, որը՝ զրպարտություն:



Վերջապես՝ չորրորդ պարբերությունում, ենթադրաբար, հոդվածի բուն հերքումն է, որտեղ գրված է բառացիորեն հետեւյալը. «Հոդվածում, սակայն, ոչ թե իրական փաստերի հետ կապված հետաքրքրասիրություն է առկա, թեկուզեւ հիվանդագին, այլ իրականության հետ կապ չունեցող, կեղծ փաստերի նշմամբ, ինձ ու ամուսնուս` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին վարկաբեկելու հիվանդագին միտում կա, հակառակ դեպքում հոդվածագիր Սյուզան Սիմոնյանը եւ թողարկման պատասխանատու, գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը չէին գրի եւ հրապարակի նման հերյուրանքներ տարածող նյութ»:
Եվ վերջին պարբերությունը երեք-չորս տողանոց շարադրանք է՝ իբր տիկ. Խաչատրյանը հուսով է, որ «Հրապարակը» հերքում կտեղադրի եւ այլն:



Ո՞րն է հերքման առարկան



Որեւէ մեկը մեջբերված հատվածում հերքում տեսա՞վ, տիկինն ի՞նչ է հերքում: Չորս տողում տիկինը հայտարարում է, իբր իր հանդեպ «Հրապարակում» հիվանդագին հետաքրքրասիրություն եւ վարկաբեկելու միտում կա:
Այս առնչությամբ պետք է ասել, որ տիկինն ինքն է ինքնացուցադրման դիմել՝ միեւնույն դատարկ պատի ֆոնին, դատարկ աշխատասեղանի առջեւ, միանման, բայց տարբեր գույների զգեստներով, նույնագույն ծաղիկների համադրությամբ, դեմքի նույն արտահայտությամբ տասնյակ անգամներ լուսանկարվել եւ տեղադրել զինվորների հոգսերով ապրող իր ՀԿ-ի կայքում: Անշուշտ, դա հայցվոր Խաչատրյանի կյանքն է եւ գործունեությունը, որին մենք կարեւորություն չենք տալիս: Էականն այն մեղադրանքն է, որ իբր մենք կեղծ փաստեր ենք նշել, եւ հերյուրանքներ տարածող նյութ ենք հրապարակել: Թույլ տվեք հարցնել, մենք վերոբերյալ հատվածում՝ «Որոշ լրատվամիջոցներ խորացան…», ի՞նչ փաստ կամ հերյուրանք ենք տարածել: Այն, որ որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են տարիներ առաջվա ավտովթարի պատմությանը, այո՝ անդրադարձել են, եւ հայցվոր Խաչատրյանը մեզնից լավ գիտի, թե ովքեր են անդրադարձել այդ պատմությանը, քանի որ մեր 21.05.2015-ի հոդվածից առաջ` 19.05.2015-ին, Խաչատրյանն ինքն է այդ անդրադարձերը Ֆեյսբուքում մեկնաբանել: Հետեւաբար, ի՞նչը հերքենք:



Թե՞ տիկինը վատ է զգում նրանից, որ անորոշ ու անհայտ դեմքով ինչ-որ ավտոովթարի, մահացած տղամարդու եւ ղեկին գտնված կնոջ մասին է հիշատակվել: Այդ դեպքում ինքն ի՞նչ առնչություն ունի այդ պատմության հետ, որ նման վերացական, չանձնավորված, ոչ մի որոշակիացում չկրող շարադրանքում իր հասցեին վիրավորանք ու զրպարտություն է տեսնում: Ինչո՞ւ մյուս կանայք դա վիրավորանք ու զրպարտություն չեն համարում:
Իսկ եթե մեր բացարձակապես որեւէ վերագրում չպարունակող շարադրանքի մեջ ինքը տեսնում է բոլորովին այլ լրատվամիջոցներում նկարագրված դեպքերի արտացոլանքը, համաձայն որոնց՝ 2002թ․ ավտովթարից զոհվել է Փայլակ Հայրապետյանի որդին, այնուհետեւ որդու մահվան յոթերորդ օրվա սգո արարողությանն էլ Հայրապետյանների կողմից սպանվել է իրենց որդու ընկերը, իսկ վթարի ենթարկված ավտոմեքենայի ղեկին եղել է ինքը` Ռուզաննա Խաչատրյանը, ապա այդ տեղեկությունների հերքումը տիկ. Խաչատրյանը թող պահանջի այն ԶԼՄ-ներից, որոնք կոնկրետ անձանց անունների հիշատակմամբ դրա մասին գրել են: Մենք դա չենք արել:



Ի՞նչը պետք է հերքի հայցվոր Խաչատրյանը



Եվ վերջապես․ եթե նույնիսկ այլոք նման վերագրումներ արել են, ապա Ռուզաննա Խաչատրյանն ինքը պետք է հերքի դրանց իսկությունը: Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի՝ «Պատասխանի հրապարակման պահանջը բավարարվում է սույն հոդվածով հերքման համար սահմանված կանոններով:
Պատասխանը չպետք է հակասի սույն օրենքի պահանջներին եւ պետք է վերաբերի միայն պատասխանի առարկա տեղեկատվության մեջ տեղ գտած փաստացի անճշտություններին: Այն չպետք է պարունակի պատասխանի առարկա տեղեկատվությունը պատրաստած կամ տարածած անձի, ցանկացած այլ անձի կամ նրանց գործունեության քննադատություն, եթե դա ուղղակիորեն կապված չէ այդ տեղեկատվության հետ»:



Այլ կերպ ասած` հերքումը պետք է լինի ոչ թե բացականչական, այլ` առարկայական: Հերքում կլինի այն, որ Ռուզաննա Խաչատրյանը հրապարակավ եւ գրավոր հայտարարի, որ ինքը` Ռուզաննա Խաչատրյանը, որեւէ առնչություն չունի Հայրապետյանի մահվան հետ եւ չէր էլ կարող ունենալ, քանի որ.
Տարբերակ ա) ինքը` Ռուզաննա Խաչատրյանը, ավտովթարի օրերին Հայաստանում չի եղել կամ չի ճանաչել հանգուցյալ Հովհաննես Հայրապետյանին
Տարբերակ բ) ինքը` Ռուզաննա Խաչատրյանը, ճանաչել է հանգուցյալ Հովհաննես Հայրապետյանին, սակայն նրա մտերմուհին չի եղել, նրա հետ խնջույքների չի մասնակցել
Տարբերակ գ) ինքը` Ռուզաննա Խաչատրյանը, ճանաչել է հանգուցյալ Հովհաննես Հայրապետյանին, նրա հետ մասնակցել է խնջույքների, սակայն երբեք ալկոհոլ չի գործածել կամ ալկոհոլ օգտագործած ղեկին չի նստել:



Հայցվոր Խաչատրյանն ինքը պետք է նշի այն հանգամանքները, որոնք բացառում են Հայրապետյանի մահվան պատճառ դարձած ավտովթարի հետ իր որեւէ առնչությունը: Երբ հստակ ու հանգամանալից նշված կլինեն այդ հանգամանքները, կարող է պահանջել, որ դա տպագրեն այն լրատվամիջոցները, որոնք հականե-հանվանե իրեն վերագրել են Հայրապետյանի ավտովթարի հետ առնչությունը: Մենք նույնիսկ նման հերքում տպագրելու պատճառ չունենք, քանի որ վերագրում չենք արել, սակայն կարող ենք ընդառաջել եւ նման գրագետ ու կոռեկտ տեքստը հրապարակել մեր լրատվամիջոցում:



Հակառակ պարագայում, եթե տիկինը եւ նրա ներկայացուցիչները շարունակեն մեզ մեղադրել իրեն զրպարտելու, վիրավորելու, ինչ-որ անհայտ «չար ուժերի» գործիք դառնալու մեջ, այդ դեպքում մենք հակված կլինենք հակընդդեմ հայց ներկայացնել` համարելով, որ մեր թերթի բարի համբավին վնասելու եւ մեզ զրպարտելու նպատակ են հետապնդում:



«Հրապարակ» օրաթերթ