Մեզ համար դա կեղծ օրակարգ է. ՔՊ-ն՝ Սահմանադրական փոփոխությունների մասին

Մեզ համար դա կեղծ օրակարգ է. ՔՊ-ն՝ Սահմանադրական փոփոխությունների մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը Hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, որի հայեցակարգը կներկայացվի շուտով, ասաց, որ իրենց կուսակցությանը վերաբերմունքը սահամանդրական այդ փոփոխություններին հետևյալն է. «Մեզ համար դա կեղծ օրակարգ է, որի մեջ մենք չենք ուզում մտնել»: Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցության վարչության անդամներից է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:



Այսինքն՝ բոլոր դեպքերում, թե կառավարման ինչպիսի մոդել կառաջարկվի, ինչ փոփոխություններ կլինեն, իրենք կտրականապես դե՞մ են այդ փաստաթղթին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենց համար, ընդհանրապես, դեմ, կողմ գաղափար չկա, և հիշեց տարբեր երկրների փորձը՝ տարբեր կառավարման մոդելներով. «Էդ օրակարգը, որը որ արհեստականորեն ընդունվել է, մեզ համար անըդնունելի է: Երկրները, անկախ նրանից՝ կառավարման ինչ մոդել ունեն՝ խորհրդարանական, թե նախագահական, լինում են վատ և լավ: Օրինակ՝ Հյուսիսային Կորեան խորհրդարանական է, հիտլերյան Գերմանիան եղել է խորհրդարանական երկիր, Սովետական միությունը եղել է խորհրդարանական, և կան աֆրիկյան բազմաթիվ երկրներ, որոնք նախագահական են և միապետներ են էդ նախագահները: Օրինակ՝ Բելառուսը նախագահական երկիր է, որի նախագահը, ասենք, թագավորի կարգավիճակ ունի»:



Նա նշեց, որ իրենց համար տարբերություն չկա՝ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը կմնան ԱԺ նախագահ, վարչապետ, իսկ Սերժ Սարգսյանը կգնա իշխող կուսակցության ղեկավա՞ր, թե՞ կգնա վարչապետ:



«Ես պաշտոնական դիրքորոշում եմ ասում՝ մեզ համար դա կեղծ օրակարագ է, և մենք զբաղվում ենք նրանով, որ ամբողջովին էս իշխանությունը հեռանա»,-եզրափակեց ՔՊ մամուլի խոսնակը:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ