Պնախարարի կինը պետական գաղտնիքների է տիրապետում
Առաջիկայում գիտական աստիճաններ շնորհող պետական մարմնում՝ ԲՈՀ-ում, սպասվում է շատ հետաքրքիր մի դոկտորական ատենախոսության որակի ստուգում։ Խոսքը Պնախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի դոկտորական ատենախոսության մասին է, որի սեղմագրությունն անցյալ ամիս ներկայացվել է ԲՈՀ։ Հայտնի չէ ոչ ատենախոսության թեման, ոչ բովանդակությունը, քանի որ պաշտպանությունն անցել է գաղտնի ընթացակարգով։ Այն սահմանված չէ ՀՀ որեւէ օրենքով կամ իրավական ակտով։ ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը, մեր հարցմանն ի պատասխան, պարզաբանեց․ «Գոյություն ունի կրթության եւ գիտության նախարարության եւ ԱԱԾ-ի միջեւ համաձայնեցված եւ երկու գերատեսչությունների կողմից 2003 թվականին հաստատված հրահանգ։ Այս փաստաթղթով սահմանվում է պետական կամ ռազմական գաղտնիք պարունակող աշխատությունների քննարկումների եւ պաշտպանության կազմակերպման գաղտնի կարգ։ Իսկ սրա իրավական հիմքը «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքն է։ Քանի որ Ռուզաննա Խաչատրյանի աշխատանքը վերաբերում է ռազմական բժշկությանը, կարող է պարունակել թվային տարբեր տվյալներ մեր զինուժի մասին, ասենք, վիրավորների թվաքանակ եւ այլն, ապա այն կարող է համարվել պետական գաղտնիք պարունակող»։ Այսպես է պաշտոնապես պատճառաբանվում գաղտնի ընթացակարգով պաշտպանությունը։ Ըստ ԲՈՀ-ի նախագահի, 2005 թվականից մինչ օրս 14 գիտական աշխատանք է պաշտպանվել գաղտնի գրիֆի տակ։ Մնում է կռահել, թե ինչու պետք է սույն դոկտորանտը ռազմական գաղտնիքների տիրապետի։ Որովհետեւ Պնախարարի կի՞նն է։
Կարծիքներ