ՀՀ երեք նախագահների ծառայողական եվ ուղեկցող մեքենաները

ՀՀ երեք նախագահների ծառայողական եվ ուղեկցող մեքենաները

Թերեւս շատերին է հետաքրքիր, թե ինչ մեքենաներով են երթեւեկում Հայաստանի Հանրապետության երեք նախագահները։ Ինչո՞ւ երթեւեկում, այլ ոչ վարում, քանզի նրանք ի պաշտոնե չեն կարող նստել իրենց տրամադրված ծառայողական մեքենաների ղեկին` դրա համար կա հատուկ վարորդ, բացի այդ, մեր օրերում եւ մեր հասարակությունում մի փոքր դժվար է պատկերացնել երկրի առաջին դեմքին ծառայողական մեքենայի ղեկին նստած, որքան էլ նրանք ուզենան անձամբ մեքենա վարել։ Անձնական ավտոմեքենաներ, ինչ խոսք, նրանք կարող են ունենալ եւ ունեն։ Որոշ նախագահներ, ինչպես, օրինակ, Քադաֆին, Ռամզան Կադիրովը, Սադամ Հուսեյնն ու իր որդին, սովետական ղեկավարներից Բրեժնեւն անգամ, մոլի ավտոսիրողներ էին եւ շքեղ, սպորտային կամ այլ տեսակի մեքենաների հսկա ավտոպարկ ունեին, հանգստյան օրերին էլ նրանցից ոմանք անձամբ նստում էին ղեկին եւ զբոսնում։ Մեր նախագահներից որեւէ մեկի մոտ նման դրսեւորում չենք նկատել։ Բացի այդ, մերոնք շատ ամբիցիոզ են ու կարգավիճակից բխող էթիկետի գերի՝ նման բան անելու համար։ Բուրան վարելն ուրիշ է՝ դա էկզոտիկ հաճույքների շարքին է պատկանում։ Մեքենա վարելն ամեն մահկանացուի հասու է, ուստի նախագահներին՝ ոչ վայել։ Գուցե արտերկրում վարում են, բայց ոչ ոք դա չի տեսել։ Նշենք, որ նրանց երեքին այս պահին ծառայում են երեք տարբեր աշխարհամասերի արտադրության ավտոմեքենաներ՝ ԱՄՆ, Եվրոպա, Արեւելյան Ասիա (Ճապոնիա), եւ երեքն էլ զրահապատ են։



ՀՀ առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյան



Տեր-Պետրոսյանը երթեւեկում է ամերիկյան արտադրության Lincoln Town Car լիմուզինով, որն արտադրվել է 90-ականներին՝ 1995-97թթ.։ Այս մեքենան թեպետ լիմուզին թափքով է, սակայն մեր պատկերացրած երկար լիմուզիններից չէ, որ տրամադրվում են վարձույթով՝ որպես հարսանեկան մեքենաներ։ Թեպետ Հայաստանում եւ աշխարհում, առհասարակ, նմանատիպ երկար լիմուզին թափքով մեքենաների ամենատարածված մոդելները հենց այս Lincoln-ներն են եղել՝ երկարացված բազաներով։ Սրա հետ մեկտեղ, նույն բազայի վրա են կառուցվել եւ նույն դասի մեքենա են նաեւ Mercury Grand Marquis եւ Ford Crown Victoria մոդելները, սակայն աշխարհում եւ մեր երկրում առավել տարածված է հենց Lincoln Town Car-ը։ Այն լյուքս դասի, հզոր V8 շարժիչով ներկայացուցչական սեդան է՝ նախատեսված հենց բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկելու համար։ ՀՀ առաջին նախագահն այս ավտոմեքենայով երթեւեկել է իր պաշտոնավարման վերջին տարիներին, իսկ պաշտոնանկությունից հետո այն փոխանցվել է իրեն՝ որպես պաշտոնաթող նախագահին սպասարկող մեքենա։ Մինչ այդ՝ պաշտոնավարման սկզբնական շրջանում, Տեր-Պետրոսյանին սպասարկել են, մեր տեղեկություններով, ռուսական արտադրության «Վոլգա»-ներ։ Ինչպես գործող նախագահի դեպքում, առաջին նախագահի այս մեքենան նույնպես զրահապատ է, ինչն ավելացնում է ավտոմեքենայի ոչ միայն քաշը, այլեւ արժեքն ու նաեւ վառելիքի ծախսը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի ավտոմեքենան հասարակ «քաղաքացիական» պետհամարանիշներով է՝ 61 LU 544, որոնցում «նախագահական» ոչինչ չկա. ըստ հերթականության տրամադրված հասարակ համարներ են, որոնք փակցված են միայն մի կողմում՝ հետեւի մասում, ինչպես ընդունված է նախագահական մեքենաների դեպքում։ Այս մեքենայի ոչ հասարակ լինելու մասին կարող է հուշել միայն հենց այդ՝ միակողմանի պետահամարանիշ ունենալու փաստն ու նրան մշտապես ուղեկցող Պետական պահպանության ծառայության տրամադրած, այդ կառույցի պետհամարանիշով, առկայծող փարոսիկներով ու հատուկ գծանշումներով ռուսական արտադրության «Վազ 21-06»-ը։ Սրանով երթեւեկում են առաջին նախագահի անվտանգությունն ապահովողները։



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան



Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության ժամանակ կարծես թե երթեւեկում էր գերմանական արտադրության զրահապատ Mercedes S-Class-ով (W140 թափք)։ Սա 90-ականների արտադրության Mercedes-ի ամենահայտնի ու ամենահարգի մոդելներից է, որոնց գինը, պահանջարկն ու հարգիությունը հատկապես կովկասյան երկրներում մինչեւ հիմա բարձր մակարդակի վրա է։ Նախագահի աթոռը Սերժ Սարգսյանին փոխանցելուց հետո Քոչարյանը, թեպետ ասում են՝ տարատեսակ անձնական մեքենաներ ունի, սակայն այժմ երթեւեկում է ճապոնական արտադրության Lexus LS 460 ներկայացուցչական դասի շքեղ սեդանով՝ 777 UU 77 ոչ պակաս շքեղ պետհամարանիշով։ Այս դեպքում եւս պետհամարանիշը փակցված է միայն հետեւի կողմից, առջեւում համարի փոխարեն դատարկ, փայլուն թիթեղ է փակցված։ Այս մեքենաներն սկսել են արտադրվել 2007 թվականից, տարիներ անց ենթարկվել են վերաոճավորման։ Քոչարյանի մեքենան սկզբնական շրջանի արտադրության է։ Lexus-ը ճապոնական Toyota-ի լյուքսային բրենդն է՝ նախատեսված հյուսիսամերիկյան շուկայի համար, որտեղ շատ են տեղ տալիս ավտոմեքենաների շքեղությանն ու թանկարժեք համալրումներին։ Այս հարցում ԱՄՆ-ից հետ չեն մնում նաեւ Հայաստանում, հետեւաբար, այսօրինակ մեքենաները Հայաստանում բավականին տարածված են ու հարգի։ ՀՀ երկրորդ նախագահին ուղեկցում է ՊՊԾ-ի տրամադրած Nissan X-Terra արտաճանապարհայինը։ Որքանով տեղյակ ենք՝ Քոչարյանին սպասարկող այս մեքենան եւս զրահապատ է։



ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան



Գործող նախագահն իր պաշտոնավարման ընթացքում կրկին վերադարձել է ավանդական Mercedes-ին։ Նա այժմ երթեւեկում է նախորդ սերնդի՝ 2006-ից հետո արտադրված W221 թափքով զրահապատ Mercedes S-Class-ով։ Հետեւելով նախագահի մեքենայի արտաքուստ նկատվող փոփոխություններին, նկատել ենք, որ այն կարծես թե վերջերս վերաոճավորման՝ թյունինգի է ենթարկվել, ինչպես անում են այսօր շատերը, քանզի մինչ այդ լուսարձակները, օրինակ, այլ էին։ Սերժ Սարգսյանին ծառայող այս ավտոմեքենայի վրա փակցված է երկրի «թիվ մեկ» պետհամարանիշը՝ հատուկ տարբերանշանով. 001 UU, եւ Հայաստանի դրոշն է պատկերված նախագահի մեքենայի հետնամասում՝ համարանիշի համար հատկացված հատվածում, իսկ առջեւում կրկին փայլուն թիթեղ է։ Ուղեկցող մեքենաներից ամենաշատը գործող նախագահի դեպքում է։ Սերժ Սարգսյանին ուղեկցում են մի քանի Toyota Land Cruiser 200 տեսակի ամենագնացներ, ինչպես նաեւ Volkswagen Multivan տեսակի մինիվեն, որոնցով եւս, ինչպես Toyota-ներով, երթեւեկում են նախագահի անվտանգության աշխատակիցները։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ