ՄԻՊ-ը դադարեցրել է Վահան Մարտիրոսյանի դիմումի ուսումնասիրությունը

ՄԻՊ-ը դադարեցրել է Վահան Մարտիրոսյանի դիմումի ուսումնասիրությունը

«Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը վստահեցնում էր, որ իրեն ծեծել են թաղային հեղինակություն, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի մարդիկ, իսկ մինչ այդ նա հետապնդումների և սպառնալիքների է ենթարկվել վերջիններիս կողմից։ Դեպքից հետո Մարտիրոսյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։



Երեկ գրասենյակից հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացք է ստացել այս դիմումը։ ՄԻՊ տեղակալ Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Ստուգելու համար հանգամանքները, որոնք նշվել են դիմումի մեջ, հարցումներ են կատարվել իրավապահ մարմիններին, և պարզել ենք, որ հետապնդումների մասին տեղեկություները չեն համապատասխանում իրականությանը։ Նախաքննության մարմինը այլ հանգամանքներ է պարզել, որոնցով ապացուցվում է, որ նրա հայտնած տեղեկությունները սուտ են եղել, և դիմումի քննարկումը որոշվել է դադարեցրել»։



Հարցին, թե արդյոք միայն իրավապահ մարմիններն են եղել ՄԻՊ աղբյուրը, Գրիգորյանը պատասխանեց․ «Ոչ, մենք փորձել ենք նաև այլ աղբյուրներից ճշտել տեղեկությունները և որևէ այլ եզրահանգման չենք կարողացել գալ»։



Ս․ Ս․