«Նուարդ» մշակութային միությունը 15 տարեկան է

«Նուարդ» մշակութային միությունը 15 տարեկան է

Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեծ շուքով նշվել է տեղի «Նուարդ» հայկական մշակութային միության 15-ամյակը: Միության անցած ուղու, առկա խնդիրների մասին խոսել է միության նախագահ Գեւորգ Մինասյանը:



Նա նշեց, որ միության ջանքերով հիմնվել են հայկական շաբաթօրյա դպրոց, ժողովրդական պարերի անսամբլ, տեղադրվել է ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար, լույս է տեսնում Բելգիայի միակ հայատառ «Լրագիր» ամսաթերթը, երկհատորյակով տպագրվել է «Բելգիան եւ հայերը» գիրքը, կազմակերպվել են հայկական մշակույթի օրեր, հայ-բելգիական մշակույթի օրեր, հայ ճանաչված երգիչների համերգներ, հանդիպում է կազմակերպվել Արամայիս Սահակյանի, Հովհաննես Թումանյանի թոռների, ճանաչված այլ հայերի հետ:



Պարբերաբար, ամեն տարի, միությունը նշել է Հայաստանի անկախության օրը, հայկական մյուս տոները, հայ մեծերի հոբելյանները: Հաճախակի են կազմակերպվում հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ, կազմակերպվել են նաեւ գոբելենի, գորգի, ձեռքի աշխատանքների, հայ գրքի ցուցահանդեսներ: Գործում են շախմատի, նկարիչների խմբակները, երիտասարդական, կանանց միությունները, հիմնվել են երգչախումբ / ղեկավարª Լենա Բեգլարյան /, 4-8 տարեկան երեխաների նոր պարախումբ / պարուսույցª Անժելա Ավակիմյան /: Միությունն աշխատեց, բազմաթիվ նյութեր տրամադրեց Եւրախորհրդարանի ֆլամանդացի պատգամավորներին Եւրախորհրդարանում, այնուհետև Բելգիայի պառլամենտում Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին բանաձեւեր ընդունելու համար: Ի դեպ, նոյեմբերի 13-ին միությունը կազմակերպում է ՙՋուղայի խաչքարերի սպանդը՚ խորագրով լուսանկարների ցուցահանդես: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միության ջանքերով, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան պարոն Մարգարյանի եւ Ֆլանդրիայի նախագահ-նախարար պարոն Բուրժուայի աջակցությամբ, հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ ընդունեց Ֆլանդրիայի պառլամենտը, իսկ Բելգիայի պառլամենտում հարցի քննարկմանը հետամուտ եղան եւ հաջողության հասան ֆլանդրիացի պառլամենտականները:



Միությունը Ֆլանդրիայի պառլամենտում բացել է ցուցահանդես «Ցեղասպանություն -100. հիշում եվ պահանջում ենք» թեմայով: Ս.թ. ապրիլ ամսին «Նուարդ» միությունը Գեւորգ Մինասյանի առաջաբանով , նոր նիդեռլանդերենով վերահրատարակել է ցեղասպանության ականատես Ֆաիզ էլ Խուսեինի 1917թ. Հաագայում տպագրված ՙԿոտորածները Հայաստանում՚ գիրքը: Գիրքը տրամադրվել է դիվանագիտական կառույցներին, գրադարաններին, լրագրողներին, հարցով զբաղվողներին: Ամեն տարի ապրիլի 24-ին ցեղասպանության մասին հաղորդում է պատրաստում բելգիական ռադիոն: Միությունը աշխատանք է տանում թանգարանների, գրադարանների թուրքական բաժիններից առանձնացնել հայկական ցուցանմուշներն ու գրքերը: Միությունը դիմել է Անտվերպենի քաղաքապետարանին Անտվերպենում ռուս ցար Պյոտր 1-ինի արձանի պատվանդանին ամրացնել ցուցանակը նշելով արձանի հեղինակ, ռուսաստանաբնակ ճանաչված քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի անունը:



Պարոն Մինասյանը խոսեց նաեւ առկա խնդիրների, դժվարությունների մասին: Նա նշեց, որ միությունը ունի ֆինանսական խնդիրներ, թերթը 13 տարի չի փոխում բաժանորդագինը, այն դեպքում, երբ տասնապատիկ ավելացել են տպագրական ծախսերը: Անսամբլների, խմբակների պարապմունքների համար սրահների վարձավճարը նույնպես միությունն է կատարում չստանալով որեւէ աջակցություն, վերոնշյալ գրքերը տպագրվել են անձնական միջոցներով եւ այլն: Մեծ խնդիր է առաջացրել Բելգիայում ՀՀ դեսպանությունը: 15 տարիների ընթացքում դեսպանատանը ՀՀ ղեկավարների հետ կազմակերպված ոչ մի հանդիպմանը միությունից ոչ մեկին չի հրավիրել: Նախկին դեսպանները չեն մասնակցել վերեւում թվարկված ոչ մի միջոցառմանը: Միությունից ոչ մեկը ընդգրկված չէ ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ստեղծված հանձաժողովում: Դեսպանատան կողմից ուղղորդվող «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի Բելգիայի մասին 5-6 հաղորդումներից ոչ մեկում ոչ մի խոսք չկա մեր միության մասին: - Ապշեցուցիչ է նման վերաբերմունքը: Էլի եմ ասում եթե Բելգիայում հայկական որեւէ կազմակերպություն մեր միության չափ գործ արած լինի, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ: Ուղղակի պետք չէ ջանադրաբար, ըստ որում մեզ համար բացարձակապես անհասկանալի պատճառով, նսեմացնել մեր աշխատանքը: Առանց այդ էլ մեզ խանգարում են Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանատները: Բայց մենք չենք աշխատում փառաբանվելու համար: Հակառակ դեպքում ես ետ չէի վերադարձնի ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ինձ տրված «Մայրենիի դեսպան» մեդալը: Մենք մեր ուժերի ներածի չափով ուզում ենք օգտակար լինել մեր հայրենիքին, ուզում ենք հայը հայ մնա, ուզում ենք հայը հայերենով կարոտի իր դրախտամերձ երկրին,- այս խոսքերով ելույթն ավարտեց պարոն Մինասյանը:



Այնուհետ ելույթ ունեցավ հնագույն փաստաբան, երկար տարիներ բելգիահայոց գաղութային վարչության ասամբլեայի ղեկավար Ստեփան Միրդիկյանը: Նա ի մասնավորի նշեց «Նուարդ» միության մեծ դերը, ասելով որ այն նոր հայկական շունչ բերեց համայնքին, որ միության հրաշալի երիտասարդների շնորհիվ հայկականությունը չի կորսվի: Ելույթներից հետո բեմը տրամադրվեց միության պարային անսամբլներին, երգիչներին, թատերախմբին: Իր փայլուն կատարումներով միության տարեդարձը շնորհավորեց Եւրոպայում մեծ ճանաչման արժանացած տենոր Վանո Տադեոն, նույն ինքը Վահրամ Թադեւոսյանը: Ասենք նաեւ, որ մշակույթի կենտրոնի ցուցասրահում բացվել էր միության անդամ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը դիտեցին եւ երեկոյին մասնակցեցին բազմաթիվ հայեր, հյուրեր Բելգիայի տարբեր քաղաքներից: «Նուար» միությունը ստացել էր բազմաթիվ շնորհավորագրեր:



«Նուարդ» մշակութային միության լրատվական ծառայություն