Քաղաքագրություն. երեւանյան ոչնչացված ձեռագրերը

Քաղաքագրություն. երեւանյան ոչնչացված ձեռագրերը

Վաղուց արդեն հայտնի է, որ միջին դարերում գրված մեր հարյուր հազարավոր ձեռագրերից մինչեւ մեր օրերն է հասել միայն մի չնչին մասը։ Թշնամական հարձակումների եւ բնական աղետների հետեւանքով ոչնչացել են հազարավոր ձեռագրեր։ Աղբյուրների վկայությամբ՝ 1170 թվականին սելջուկների ձեռքով միայն Բաղաբերդում ոչնչացվել են 10 հազար տարբեր բովանդակությամբ մագաղաթյա ձեռագիր մատյաններ։ Մեր երկիրը ներխուժած նվաճողները սովորություն էին դարձրել ավարի ենթարկել նաեւ արժեքավոր ձեռագրերը։ Մոնղոլների, Լենկ-Թեմուրի եւ նրա հաջորդների ժամանակ հայկական բազմաթիվ ձեռագրեր էին «գերեվարված» եւ տարված նրանց պետության կենտրոնական մասերը՝ Միջին Ասիա։ Մեզ հասած շատ ձեռագրերի հիշատակարաններում նշված են, որ դրանք մի ժամանակ եղել են «գերության» մեջ եւ «ազատվել» ու նորից ետ են բերվել այս կամ այն բարերարի կողմից։ Եղել են դեպքեր, երբ որեւէ ձեռագիր «գերությունից» ազատելու եւ ետ բերելու համար գրասեր մարդիկ վաճառել են իրենց ամբողջ ունեցվածքը եւ զրկանքներով լի երկարատեւ ճանապարհորդություններ կատարել թշնամական պետությունների քաղաքներում։ Դա հավասար չափով կարող է վերաբերել նաեւ Երեւանի ձեռագրերին։ Երեւանից էլ շատ ձեռագրեր են տարվել կամ ոչնչացվել թուրք-պարսկական պատերազմների ժամանակ։ Օրինակ, մի հիշատակությունից երեւում է, որ 1582 կամ 1583 թվականին, երբ թուրքերը գրավել էին Երեւանն ու համանուն խանությունը, «գերի» էր տարվել Բջնիի Սբ. Աստվածածին վանքին պատկանող մի ձեռագիր։ Հիշատակարանից պարզվում է, որ այդ ձեռագիր Աստվածաշունչը երկար որոնելուց հետո գտնում են Երեւանում, օտարների ձեռքին եւ, 112 թուման տալով, ազատում են «գերությունից» ու նորից վերադարձնում իր տիրոջը՝ Բջնիի վանքին։ Բերված հիշատակարանը մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ. ա) Շահ-Աբասի կողմից Պարսկաստան քշված երեւանցիների կառուցած Նոր Երեւան թաղը (Նոր Ջուղայի մոտ) 17-րդ դարի կեսերին այնքան հայտնի էր, որ գրիչ Հովհաննեսն իր հիշատակարանում Երեւանը դրա հետ չշփոթելու համար կոչում է «հիս քաղաքն Երեւան»։ Թեպետ հնարավոր է նաեւ, որ գրիչի խոսքը վերաբերում է ոչ թե Երեւանին ընդհանրապես, այլ նրա ամենահին թաղամասին՝ Շահարին, որը, ինչպես տեսանք, զանազան հեղինակների մոտ կոչված է նաեւ հին թաղ։ բ) Թուրքերի եւ պարսիկների կողմից Երեւանի խանության եկեղեցիներից ու վանքերից «գերված» հայկական ձեռագրերի մի մասը մեզ հետաքրքրող ժամանակներում կարող էր գտնվել խանության կենտրոնում՝ Երեւան քաղաքում, բայց օտարների ձեռքին։ գ) Վերջապես՝ հիշատակարանից պարզվում է, որ «գերված» հայկական ձեռագրերը վերադարձնելու համար զավթիչները դրանց վրա դնում էին շատ բարձր գներ։



Բացառելով անանուն եւ 19-րդ դարի գրիչներին (որոնց ձեռագրերից շատերը պահպանվում են, բայց մեծ արժեք չեն ներկայացնում), մեզ հետաքրքրող ժամանակների երեւանցի եւ Երեւանում գործունեություն ունեցած, բայց այլ տեղերից եկած գրիչների թիվն անցնում է մեկուկես տասնյակից։ Դրանց մասին մենք գաղափար ենք կազմում իրենց ընդօրինակած ձեռագրերում թողած հիշատակարանների միջոցով։ Սակայն վերջիններս, եթե պատմության եւ ընդհանրապես հայագիտության համար հաղորդում են հետաքրքիր փաստեր ու տվյալներ, ապա շատ հազվագյուտ դեպքում են տեղեկություններ պարունակում դրանց հեղինակների՝ գրիչների կյանքի ու գործունեության մասին։ Բացառիկ դեպքերը չհաշված՝ գրիչները հասարակության ամենահամեստ ներկայացուցիչներն էին։ Նրանք սովորաբար իրենց հիշատակարաններում համեստաբար նվաստացնում են իրենց անձն ու կատարած գործը։



Երեւան քաղաքի պատմությունը