Խմելու ջուր` Արծվաբերդին

Խմելու ջուր` Արծվաբերդին

Երկրի արեւելյան հատվածում 34 կմ սահման ունեցող Արծվաբերդ գյուղում 2014-2015թթ. իրականացվել է ջրամատակարարման ենթակառուցվածքի զարգացման ծրագիր, որն ամփոփվեց հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած համայնքային միջոցառմամբ: Ծրագիրն իրականացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով:



«Սահմանամերձ գյուղերում իրականացվող` գյուղացիների ամենօրյա առանց այդ էլ դժվարին եւ վտանգներով լի առօրյան թեթեւացնելուն ուղղված նախաձեռնությունները, հատկապես կենսական անհրաժեշտության այնպիսի խնդրի լուծումը, ինչպիսին խմելու ջրի ապահովումն է, մենք դիտարկում ենք որպես պարտականություն: Երբ ընտանիքի անդամներից որեւէ մեկը դժվարության մեջ է, ընտանիքի բոլոր անդամները միավորվում են, ուժ են տալիս նրան, յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերում: Հայաստանը մեր բոլորիս մեծ տունն է, որի ամենախոցելի հատվածը սահմանամերձ գյուղերն են, մեր «կենդանի վահանները», եւ մենք պարտավոր ենք այնտեղ ապրող մեր եղբայրներին եւ քույրերին թիկունք լինել, ինչպես որ նրանք են մեր թիկունքին կանգնած»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Ծրագրի շրջանակներում վերանորոգվել է շուրջ 16 տարի անգործության մատնված եւ վթարային դարձած պոմպակայանը, որտեղ տեղադրվել են վայրկյանում 4լ ջուր մղելու հնարավորությամբ՝ էներգախնայող նոր 2 պոմպ, նոր մետաղական դռներ, ինչպես նաեւ իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ: Ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման ծրագրով այս գյուղում կառուցվել են համայնքը սնուցող 7,62 կիլոմետրանոց ջրատար եւ 4,82 կմ երկարության՝ ներքին ցանցի ջրագիծ:



Վերջինիս եւ տեղադրված ճնշման կարգավորման փականների միջոցով իրականացվել են ներքին ցանցի գոտիավորման աշխատանքներ: Արդյունքում հնարավոր կլինի համակարգում կարգավորել ավելցուկային ճնշումը, նվազեցնել ջրի կորուստը եւ կրճատել ջրագծի հնարավոր վթարների թիվը: Իրականացվել է նաեւ վայրկյանում 4-5 լ ջուր սպասարկելու հնարավորություն ընձեռող մեկ այլ` վթարային ջրագծի եւ ջրընդունիչ կայանի վերանորոգում: Հիմնանորոգվել է 370 տ տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբարը (ՕԿՋ-ն), որը կարող է ընդունել 2 ջրագծով մատակարարվող ամբողջ ջրաքանակն ու իրականացնել շուրջօրյա ջրամատակարարում: Ցանկապատվել են սանիտարական բոլոր գոտիների տարածքները։



Ներկայումս տեղադրվում են ջրաչափեր, որոնք կնպաստեն ջրաքանակի տնտեսմանն ու հաշվառմանը: Կկատարվեն մասնակի այլ աշխատանքներ, եւ արծվաբերդցին կազատվի սակավաջուր աղբյուրից ջուր կրելու հոգսից: Մեկընդմիշտ կմոռացվի նաեւ կենցաղում տարբեր նպատակներով կիրառելու համար՝ անձրեւաջուր հավաքելու սովորությունը:



Եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունքում խմելու ջրի խնդիրը լուծում է ստացել Արմավիրի մարզի Լուկաշին, Արազափ եւ Տավուշի մարզի Բերքաբեր եւ Արծվաբերդ գյուղերում:



Ծրագրի արդյունքից օգտվելու է հիշատակված չորս գյուղի մոտ 6,800 բնակիչ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 միլիոն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝՝ 60 միլիոն դրամ: