Կազմակերպված հարցեր՝ կանխատեսելի պատասխաններով

Կազմակերպված հարցեր՝ կանխատեսելի պատասխաններով

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կամաց կտրում է խորհրդարանական ընդդիմադիրների լեզուն։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ամենից ակտիվը, որոնք Աբրահամյանի կառավարության դեմ հարցադրումներով են հանդես գալիս, մնացել են ՕԵԿ պատգամավորները։ Երեկ էլ հինգ հոգանոց խմբակցությունից երեքը հերթագրվել էին՝ հարցեր տալու։ Փոխարենը ԲՀԿ-ն դարձել է վարչապետի եւ նրա մերձավորների շահերի պաշտպանը: Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Ավետիսյանը, որը հազվադեպ է խորհրդարանում հարց հնչեցնում, մի կերպ թղթից կարդաց իր հարցը՝ ուղղված արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: Նա երկու հարց հնչեցրեց, առաջինը՝ ցմահների հետ կապված, իսկ պատասխանից հետո հնչեցրեց բուն՝ երկրորդ հարցը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վերջերս կատարված աղմկահարույց դեպքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ հոկտեմբերի 23-ի գիշերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակավորված անձանց կողմից տեղի ունեցած հարձակումը դատապարտյալների վրա կազմակերպված է եղել, որով փորձ է արվել մեսիջ ուղարկել արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին, որ նա չի տիրապետում ոլորտին:



Դատապարտյալների դեմ այդ հարձակումը, ըստ լուրերի, կազմակերպված է եղել ՔԿՎ պետի գիտությամբ եւ հովանավորությամբ, որը նախարարի ամենահավանական թեկնածուն էր մինչեւ Արփինեի նշանակման պահը:



Արփինե Հովհաննիսյանը ԲՀԿ-ականի հարցադրմանը խրոխտ եւ առանձնակի հանդիսավորությամբ պատասխանեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների նկատմամբ բռնության վերաբերյալ ահազանգերի հետքերով ծառայողական քննություն է նշանակվել՝ պարզելու, թե որքանով են իրավաչափ եղել աշխատակիցների գործողությունները: Երբ ծառայողական քննությունը կավարտվի, Արփինե Հովհաննիսյանի խոսքով, ինքը հայտարարությամբ հանդես կգա: Նախարարն ասաց, որ մյուս խոսակցություններն անհեթեթություն են՝ ըստ էության ցույց տալով, որ ինքն ընդունում է ձեռնոցը եւ անցնում հակահարձակման: