Բյուջեն ջուր էր, պատասխաններն էլ՝ ջուրծեծոցի

Բյուջեն ջուր էր, պատասխաններն էլ՝ ջուրծեծոցի

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որը վերջին շրջանում բավականին բարեկիրթ մոտեցում է ցուցաբերում լրագրողների նկատմամբ՝ հանդուրժում է անգամ իրեն ուղղված ամենասադրիչ ու սուր հարցադրումները, սկսել է մեր հարցերին պատասխանել յուրահատուկ տեխնոլոգիայով։ Նա խոսում է ամեն ինչից, բայց շատ վերացական, ցրող եւ ջուր ծեծող ձեւով, այնպես, որ հոգնես քո տված հարցերի մշտապես նույնատիպ ու խնդրի բուն էությունից շեղված պատասխաններից։ Ակնհայտ է, որ նա էլ, շատերի նման, շատ հաճախ այնպես վերացական կարող է պատասխանել հարցերիդ, շրջանցել դրանք ինչ-որ անհասկանալի ֆինանսական բացատրություններով, որ զգում ես՝ ժամերով խոսեց, բայց ոչինչ չասաց։ Եթե կողքից մեկը «չսթափեցնի» որեւէ սուր հարցադրմամբ, հնարավոր է ֆինանսների նախարարի անվերջ մոնոտոն եւ կրկնվող պատասխաններից պարզապես կորցնես զգոնությունդ ու հիպնոսանաս։ Հիմա՝ ավելի առարկայական։



Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր 2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը, որը դեռ մեկ շաբաթ էլ կշարունակվի։ Միանգամից նշենք, որ հենց սկզբից էլ ամեն ինչ բացասական ֆոնին էր ընթանում, թվային առումով դրական միտում գրեթե չկար՝ սպասվում է գնաճ, արտաքին պարտքի ավելացում, տնտեսական աճի եւ տնտեսական այլ ցուցանիշների խիստ նվազում եւ այսպես շարունակ։ Վարչապետն ուղղակի ճգնում էր իր ելույթում որեւէ դրական միտում արձանագրել, որեւէ հուսադրող փաստ, ու միակ դրականն այն էր, որ սոցիալական ծրագրերը գոնե չեն կրճատվել։ Հետո ընթացքում նորից հիշեցին գյուղատնտեսության ոլորտում այս տարվա արձանագրված դրական արդյունքների մասին, որ կառավարության փրկության միակ հույսն էր այս տարի՝ տնտեսության մյուս ճյուղերում արձանագրված ակնհայտ անկման ֆոնին։ Այդքան որ ասում են՝ աշխարհում վատ է, մեզ մոտ էլ է վատ, դա էլ պարզաջրեց Հրանտ Բագրատյանը՝ հատ-հատ ցույց տալով աշխարհի, այդ թվում՝ մեր գործընկեր երկրների լավ վիճակն ու մեր երկրի անկումային ցուցանիշները։



Ի դեպ, վարչապետի լեզուն անգամ չպտտվեց իր ելույթում գուժել մեր երկրում հաջորդ տարի ակնկալվող գրեթե զրոյական տնտեսական աճի մասին։ Այդ բեռն իր ուսերին վերցրեց հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։ Ըստ նրա հայտարարածի՝ 2016-ին նախատեսում են ունենալ շատ խղճուկ՝ ընդամենը 2.2 տոկոս տնտեսական աճ, դա դեռ քիչ է, ՀՀ պետական պարտքն էլ կաճի՝ 5 միլիարդ 122 միլիոն դոլարից դառնալով 5 միլիարդ 565 միլիոն դոլար։



Այս ամենը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը փորձեց բացատրել եւ արդարացնել հետեւյալ լղոզված պատասխանով․ «Եթե կան տնտեսական աճի հետ կապված միտումներ, բնականաբար, մեր բյուջետային կառուցվածքը եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ ավելի շատ սոցիալական ծախսերն են գերակշիռ, իսկ սոցիալական ծախսերից հետ գնալը շատ դժվար գործ է եւ անցանկալի։ Դրա համար պետք է մտածել, ինչպես նաեւ ներքին աղբյուրներից, այնպես էլ արտաքին աղբյուրներից գումարների միջոցով այդ սոցիալական ծախսերը մենք հնարավորություն չունենանք կրճատելու»։
Իսկ կառավարությունն իր մեղքի բաժինն ունի՞ այս բացասական միտումների հարցում։



Ֆինանսների նախարարը չցանկացավ մեղավորներ գտնել գուցե այն պատճառով, որ մեղավորներից մեկն էլ, թերեւս, ինքն է՝ որպես ֆինանսների նախարար․ «Էդ պետք է հարցնեք էն մարդկանց, ովքեր դրանցով են․․․ եթե կոնկրետ հարկերի մասին եք խոսում, ասեմ՝ մենք տարածաշրջանային միակ երկիրն ենք, որտեղ մենք ծախսեր չենք կրճատել եւ սեկվեստրի դուռը, էսպես ասած, չենք հասել։ Հիմա եթե դուք ուսումնասիրեք բոլոր երկրներում՝ կոնկրետ Ռուսաստան, Ղազախստան, փետրվար ամսին մոտ 10% կրճատումներ են արել եւ սեկվեստր են արել։ Դա խոսում է այն մասին, որ մեզ մոտ հարկերի հավաքագրումը բավարար մակարդակի է։ Իհարկե, մենք միշտ էլ ունենք ռեզերվներ, բայց եթե դժվարությունները, էս աճի տեմպերը, տնտեսական ցուցիչները շատ ավելի արագ չփոփոխվեն դրական առումով, հետագայում մենք պետք է մտածենք, որ չունենանք ավելի լուրջ պրոբլեմներ»։



Ի դեպ, որքան էլ նախարարը վստահեցնում է, թե հարկահավաքման գործընթացը բավարար մակարդակի է, միեւնույն է, չեն դադարում այն խոսակցությունները, որ պետությունը հարկերի հավաքման հետ կապված խնդիրներ ունի։ Այդ են վկայում նաեւ բազմաթիվ սնանկացող ընկերությունները, որոնք ի վիճակի չեն լինում վճարել հարկերն ու նաեւ վարկերը, քանզի բիզնեսների մեծ մասն այսօր վարկերով է գոյատեւում։ Արդյունքում՝ ճարահատյալ նրանցից շատերը փակվում են։



Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ նախարարը, սակայն, կարծում է, որ կոռուպցիան կարող է խոչընդոտել երկրի տնտեսության զարգացմանը, եւ ոչ միայն կոռուպցիան։ Օրենսդրական կարգավորման խնդիրներ էլ կան։ «Այո, իհարկե, նաեւ կոռուպցիան, բայց կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում պետք է նկատեք, որ փոփոխություններ կան, կարող է չնչին, բայց կան»,-ասաց նախարարը՝ հստակ չասելով, թե ինչ փոփոխություններ են դրանք, եւ արդյոք ժողովուրդը զգո՞ւմ է այդ փոփոխությունները, թե՞ ոչ․ «Ժողովրդին հարցրեք»։



Մեր դիտարկմանը, թե մաքսային ոլորտում հատկապես շատ է խոսվում կոռուպցիայի մասին, բողոքում են հսկիչ գնից, մաքսազերծման մեջ են կոռուպցիոն ռիսկեր տեսնում, Գագիկ Խաչատրյանը կրկին շրջանցեց խնդրի բուն էությունը․ «Ամենակարեւորը՝ պետք է վերականգնել վստահությունը։ Հիմա քեզ ինչ էլ պատասխանեմ, դու չես հավատալու»։



Խնդրեցինք մեզ համոզել թվերով, փաստերով եւ ցուցանիշներով, որ հավատանք։ «Հիմա տեսեք՝ ասում եք հսկիչ գներ։ Նման գաղափարախոսություն, նման գործառույթ մեզ մոտ չունենք։ Մենք ունենք ընդամենը գների բազա, որով մաքսային եւ հարկային տեսուչները պետք է առաջնորդվեն։ Հիմա ԵՏՄ-ին անդամակցելուց մաքսային մարմինների դերակատարությունը ԵՏՄ-ից եկած ապրանքների նկատմամբ համարյա թե մոտ է զրոյին։



Այսինքն՝ ինքը տեղափոխվում է դեպի հարկային մարմինների գործողության շրջանակները։ Եվ դրանք, որպեսզի բյուջետային մուտքերը, ընդհանրապես, կեղծ ինվոյսները չմտնեն շրջանառության մեջ, մաքսային մարմիններն առաջորդվում են էն գների քաղաքականությամբ, որը շուկայում գոյություն ունի»,-ասաց, բայց այդպես էլ չհամոզեց, որ հավատանք եւ վստահենք։



Իսկ ԵՏՄ-ին անդամակցությունը մեզ այս տարի որեւէ օգուտ տվե՞ց, որն արտահայտվում է նաեւ տնտեսական ցուցանիշներով։ Պարոն Խաչատրյանը վերացական դատողություններով կրկին ցրեց պատասխանը ․ «Կյանքում բացարձակ լավ ու բացարձակ վատ բաներ չկան։ Հիմա՝ ԵՏՄ-ն։ Իհարկե, մենք մեծ տնտեսական միության ենք անդամակցել, պետք է դրանից կարողանալ մաքսիմալ օգտվել։ Հիմա աշխարհի զարգացումները, տնտեսական անկումները, հիմա հո մենակ ԵՏՄ երկրներում չէ՞։ Հարեւան Վրաստանում ուսումնասիրեք, տեսեք, թե բյուջետային ինչ պրոբլեմներ ունեն, եւ որքան ծախսեր են կրճատվել»։ Ըստ նրա՝ ԵՏՄ-ից, մենք, այդուհանդերձ, օգտվեցինք եւ օգտվում ենք, սակայն գնահատել այդ օգուտը, հիմա շատ դժվար է։



Ի վերջո, որտե՞ղ է արտահայտվում այդ օգուտը, 2016 թվականի բյուջեի նախագծում դա որեւէ կերպ արտացոլվա՞ծ է, թե՞ ոչ։ «Հիմա դու ուզում ես, որ ասեմ, թե ինչ օգուտնե՞ր կան։ Մի օր որ առանձին գաս, բազմաթիվ օգուտներ կասեմ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ