Նախագահի աշխատակազմի ծախսերը կկրճատվեն

Նախագահի աշխատակազմի ծախսերը կկրճատվեն

Ազգային ժողովում ընթանում է ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը։ Քննարկման ընթացքում զեկույցով ելույթ ունեցավ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով ներկայացեց, թե ինչ ծախսեր են նախատեսել իրենք 2016 թվականին նախագահի աշխատակազմի համար։ Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ ՀՀ նախագահի աշխատակազմի բոլոր ծրագրերի գծով ծախսերի համար նախատեսվել է 4 միլիարդ 558 միլիոն 321 հազար դրամ:



«2015թ. հատկացվել էր շուրջ 4 միլիարդ 580 միլիոն դրամ: Նախագահի աշխատակազմին հատկացվող գումարը 2015թ. համեմատ նվազել է 22 միլիոն 430 հազար դրամով կամ կես տոկոսով»,-ասաց նա։



Նա նաև նշեց, որ «Հանրային իրազեկման ապահովման» ծրագրով, որը մտնում է ընդհանուր գումարի մեջ «Հանրային կապերի և տղեկատվության կենտրոն» ՊՕԱԿ-ի համար նախատեսված գումարը 2015թ. համեմատ ավելացել է 17 միլիոն դրամով կամ 6 տոկոսով, որը հիմնականում պայմանավորված է ՊՕԱԿ-ի նոր մասնաշենք տեղափոխվելու և կոմունալ ծախսերի առաջացման հետ:



«Հետբուհական և մասնագիտական կրթության գծով «փաստերի տրամադրում և հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրով ՀՀ պետական կառավարման ակադեմիային տրամադրվող գումարը 2015թ. համեմատ ավելացել է 1 միլիոն 800 հազար դրամով և կազմել 164 միլիոն 50 հազար դրամ: Նշված ավելացումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ»,-ասաց Վիգեն Սարգսյան։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ