ՏԿԱԻ նախարարն ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին

ՏԿԱԻ նախարարն ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին

Նոյեմբերի 11-ին կայացավ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի և Երևանում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Օբաիդ Խալիֆա ալ Քաաբի առաջին հանդիպումը: Հանդիպման նպատակն էր արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտներում համագործակցության եզրեր ստեղծել Հայաստանի Հանրապետության և Արաբական Էմիրությունների միջև:



ՏԿԱԻ նախարարը դեսպանին ներկայացրեց նախարարության գործունեությունը՝ նշելով, որ որպես Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրա- տնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ՝ կանի առավելագունը՝ համապատասխան բնագավառներում երկու երկրների միջև համագործակցությանը թափ հաղորդելու համար:



Շնորհակալություն հայտնելով նախարար Երիցյանին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Օբաիդ Խալիֆա ալ Քաաբին նշեց, որ Միացյալ Արաբական Էմիրությունները խորապես հետաքրքրքված են արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցությամբ և փորձի փոխանակմամբ՝ մասնավորապես երեխաների պաշտպանության բնագավառում: Դեսպանը նախարար Երիցյանին հանձնեց Աբու Դաբիի արքայազն Մոհամեդ Բին Զայեդ Ալ Նահյանի հովանու ներքո անցկացվող «Մենք կպաշտպանենք» խորագրով երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված համաժողովին մասնակցելու հրավեր-նամակը՝ նշելով, որ արաբական կողմի համար չափազանց կարևոր է նախարարի անմիջական մասնակցությունը համաժողովին:



Ընդունելով հրավերը՝ ՏԿԱԻ նախարարը նշեց, որ երեխաների բարեկեցության և իրավունքների պաշտպանության խնդիրներով ՏԿԱԻՆ-ը զբաղվում է նաև տարածքային կառավարման իր գործառույթների շրջանակում՝ հետևելով համայնքներում դպրոցների և նախակրթարանների բարեկարգմանը:



Հանդիպման ավարտին երկու երկրների միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության զարգացման նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարարի և դեսպանի միջև բանավոր համաձայնություն կնքվեց ԱՄԷ-ի փոխվարչապետ, ՆԳ նախարար Սեյֆ բին Զայիդ Ալ Նահյանի հետ հնարավոր հանդիպումների և աշխատանքային քննարկումների վերաբերյալ: