Պետրոս Մակեյանը երեկվա հանրահավաքը գնահատում է գերազանց՝ առաջիկայում մարդկային «սելավի» հույսով

Պետրոս Մակեյանը երեկվա հանրահավաքը գնահատում է գերազանց՝ առաջիկայում մարդկային «սելավի» հույսով

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը երեկվա հանրահավաքից բավականին դրական, նույնիսկ գերազանց տպավորություններ ունի։ Սա, իհարկե, նախորդ տարիների հետ համեմատականի մեջ դիտարկելով։



«Ճիշտն ասած, եթե հաշվի առնենք մեր հանրության հոգեվիճակը 2008-11 թթ, հետո 2013-14 թթ. «բուրժուադեմոկրատական» այդ ամբողջ պրոցեսից հետո սա ես գնահատում եմ գերազանց։ Նույնիսկ իմ 20 տարվա փորձով ես հաշվարկել էի, որ ավելի քիչ կլինեին, իսկ երկրորդ փուլը՝ երթը և ոստիկանության պահվածքը, դա տրամաբանական էր, կանխատեսելի էր, մի քիչ էլ, կարող եմ ասել նույնիսկ, որ իմ սպասածից ավելի քիչ էր, որովհետև սրանք (նկատի ունի իշխանություններին) վախեցած են»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց նա։



Հարցին՝ ինքը հիասթափություն նկատե՞լ է ժողովրդի շրջանում, կա՞ նման բան, պարոն Մակեյանն ասաց. «Ոչ թե հիասթափություն, ընդհակառակը, ժողովուրդը սպասում է, ուղղակի շատին սպասելուց ստացվում է ավելի քիչ։ Կարծում եմ՝ մի օրում էսկալացիա չի լինի, երկրորդ-երրորդ օրն արդեն պրոցեսը կգնա։ Այսօր ժամը 6-ին կնկատեք, որ ժողովուրդն ավելի շատ կլինի»։



Այս հարցում նա համեմատություն անցկացրեց սելավի հետ՝ նշելով, որ ոստիկանությունը, որը, ըստ նրա, այսօր գտնվում է օրենքից դուրս դաշտում, հասարակության ճնշման ներքո դուրս կգա ապօրինի դաշտից և աստիճանաբար կմտնի օրենքի դաշտ։ «Սելավը գիտե՞ք ինչ է, երբ որ ջրամբարի բանդան քանդվում է, սելավ է առաջանում, այ դրանից վախենալով իրենք հետ կքաշվեն»,-ասաց նա։



Հանրահավաքի կազմակերպիչները, սակայն, իրենց առջև ժամկետ են դրել, որ մինչև ամսի 6-ը պիտի կասեցնեն կամ չեղարկեն սահմանադրական հանրաքվեն, արդյոք կկարողանա՞ն այս 4 օրվա ընթացքում հասնել դրան։



«Մենք ժամկետ չենք դրել, Ժիրայրը լավ ասաց՝ իրականում կասեցված է, Սահմանադրության մասին այսօր ոչ ոք չի խոսում։ Իսկ դե ֆակտո, կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի համար դա լավագույն լուծումն է։ Իհարկե, մի քիչ ինքը կկոմպլեքսավորվի, բայց Սերժի և երկրի համար էս փուլում դա լավագույն տարբերակն է»,-նշեց նա։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ