Մենք պե՞տք ենք, թե՞ ոչ՝ իշխանությունը կորոշի

Մենք պե՞տք ենք, թե՞ ոչ՝ իշխանությունը կորոշի

Մեր տեղեկություններով, սնանկացման եզրին հասած ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանին բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես «պարտք» են մնացել կատարած շինարարության մասով, որը բավականին լուրջ գումար է կազմում: Տալիս են Հովիկ Աբրահամյանի անունը. այդպե՞ս է` հարցրինք պարոն Ախոյանին։ «Ոչ-ոչ-ոչ. չկա նման բան,- վախեցած վրա բերեց նա,- իսկ որտեղի՞ց է Ձեզ այդ ինֆորմացիան»: Ագռավն ասաց «վերեւից», իսկ հնարավո՞ր է առաջիկայում ՀՀԿ-ին անդամագրվեք։ «Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, չնայած հաջորդ խորհրդարանում պատադիր չէ, որ կուսակցական լինես, պետք է որեւէ թիմի մեջ լինես»: Հիմա ո՞ր թիմի մեջ եք: «Ոչ, անկախ եմ»: Մասնակցո՞ւմ եք «այո»-ի քարոզարշավին: «Իհա՜րկե, անպայման»: Մեն-մենա՞կ։ «2 ընտրություն անցած մարդ եմ, Արագածոտնում ունեմ հարգանք, պատիվ»: Ձեր նախկին ոխերիմ բարեկամ Արագածոտնի մարզպետի հե՞տ եք համագործակցում: «Այսպես ասենք` «այո»-ի մարզային շտաբի հետ»։ Որ գնահատվեք-դառնաք պատգամավո՞ր։ «Իշխանությունները պետք է որոշեն՝ մենք պե՞տք ենք, թե՞ ոչ»։