Շտաբը տեղափոխվում է Ազատության հրապարակ

Շտաբը տեղափոխվում է Ազատության հրապարակ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անելիքները կարծես անորոշ են։ Իրենց ծրագրերին մասին հարց լսելիս ճակատի անդամներն ընկնում են սար ու ձոր, «եթե»-ներով տեսական ենթադրություններ անում, ապա թեմայից շեղվում են ու սկսում քննադատել իշխանություններին։ Երեկ երեկոյան ժամը 18-ին նրանք ասուլիս էին հրավիրել Ազատության հրապարակում, եւ լրագրողները հարցեր էին տալիս՝ փորձելով հասկանալ, թե ինչ են պատրաստվում անել առաջիկայում։ Գարեգին Չուգասզյանն ու Ժիրայր Սեֆիլյանը, սակայն, այդպես էլ հստակ ոչինչ չասացին, միայն նշեցին, որ պետք է մոբիլիզացնեն ուժերը, որպեսզի նախ չեղարկեն դեկտեմբերի 6-ի հանրաքվեն, ապա գնան իշխանափոխության։ Իսկ թե ինչպես, քայլերի ինչ հաջորդականությամբ եւ ինչ մեխանիզմով, հստակություն չմտցվեց։ Նախօրեին Սեֆիլյանն ամբիոնից կոչ էր անում ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին գալ եւ միանալ իրենց։ Մենք հետաքրքրվեցինք Սեֆիլյանից, թե իր կոչին արձագանքեցի՞ն արդյոք վերոնշյալ քաղաքական գործիչները։



«Ձեր թվարկած անուններից, ինչքան որ տեղեկացել եմ, ՀԺԿ-ի ներկայացուցիչներն են մոտեցել, ես անձամբ էդ պահին զբաղված եմ եղել, մոտեցել են այլ պատասխանատուներին եւ իրենց աջակցությունն են հայտնել։ Իսկ մյուս անուններից տակավին տեղեկություն չկա»,-ասաց նա։ Մեր դիտարկմանը, թե շատերը չեն միանում իրենց այն պնդումով, որ այս հանրահավաքը եւս ժողովրդին հիասթափության է տանելու, ուստի ինչպե՞ս են ճեղքելու իրենք այդ հիասթափության պատը, պարոն Սեֆիլյանն ասաց. «Դա ես ավելորդ թեմա եմ համարում, մենք հուսահատեցնողը չենք, մենք շարունակելու ենք մեր պայքարը եւ համոզված ենք, որ հասնելու ենք մեր նպատակին»։



Այնուհետեւ Սեֆիլյանը նշեց, որ այսօրվանից իրենք շտաբն ամբողջությամբ տեղափոխում են Ազատության հրապարակ. «Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ մենք այստեղ իրենց սպասում ենք եւ սպասում ենք թե՛ ֆիզիկապես իրենց ներկայությանը, թե՛ տարբեր կազմակերպչական հարցերում իրենց օժանդակությանը։ Առաջին հերթին մարզերից եկած մեր քաղաքացիներին հյուրընկալելու, տեղավորելու հարցի հետ կապված՝ իրենք պետք է մեզ մոտ իրենց կոորդինատները թողնեն, առհասարակ՝ աջակիցների գրանցման մատյան է բացվում, եւ նույնանման այլ կազմակերպական հարցեր կան, եւ մենք պետք է օր օրի կազմակերպվենք»։ Սեֆիլյանի խոսքով՝ իրենց առաջիկայում ցուրտ օրեր են սպասվում, պետք է պատրաստվեն նաեւ դրան՝ պատսպարվելով ցրտից։ «Այս հարցում եւս մեր քաղաքացիները մեզ օժանդակելու խնդիր ունեն։ Մենք որեւէ ֆինանսական հովանավոր չունենք, մեր հովանավորը ժողովուրդն է, երեկվանից արդեն մենք ունենք արձագանքներ տարբեր օժանդակությունների։ Ես համոզված եմ, որ օր օրի դրանք շատանալու են, եւ մենք նաեւ տեխնիկապես մեր բոլոր հարցերն սկսելու ենք լուծել»,-նշեց նա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ