Ամոթ ինձ, եթե մի ընդդիմություն հայտնվի, որին ներքուստ հավատամ, բայց չանդամակցեմ

Ամոթ ինձ, եթե մի ընդդիմություն հայտնվի, որին ներքուստ հավատամ, բայց չանդամակցեմ

Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը դեկտեմբերի 6-ին «այո» է ասել նոր Սահմանադրությանը եւ կարծում է, որ եթե «ոչ» էլ քվեարկեր, ապա ոչ մեկին դա չէր հետաքրքրելու։



Ըստ նրա, արդյունքների կեղծումների մասին ոչ թե պետք է ենթադրություններ անել, այլ կազմակերպվել, բոլոր ընտրատեղամասերում ներկայացուցիչներ ունենալ։ «Եթե որեւէ քաղաքական կուսակցություն, թեկուզ աշխարհում, եթե այդքան կազմակերպվածություն չունի, որ ամեն տեղամասում մի մարդ ունենա, այդ մարդիկ ո՞նց կարան իշխանություն վերցնեն, նույնիսկ վտանգավոր էլ է այդ մարդկանց իշխանություն տալ, որովհետեւ այդքան քիչ ներկայացվածություն ունեցող մարդիկ ինչ կարան անեն, իրենք ոչ իշխանություն կարան կազմեն, ոչ կառավարություն, ընդամենը ուրիշի դրածոն են դառնալու։ Քառորդ դար է՝ անընդհատ ասում են, որ եթե այսօր այսինչը չլինի, ուշ կլինի, վաղը նոր Հայաստան չի լինի։ Պետք է մտածել, որ հանդարտ կյանքը իր ընթացքով գնում է, եւ պիտի համապատասխան կազմակերպչական այդ ձեւերի մեջ դրվել»։



Ինչ վերաբերում է նրան, որ տեսանյութեր, փաստեր կան, թե ինչպես էին գումարներ բաժանում ՀՀԿ շտաբների մոտ, մարդկանց ընտրատեղամասեր բերում, ինչպես էին քվեատուփերն անհետանում, ապա այն, ինչ ինքն է այդ օրը տեսել, իդեալական է եղել, գուցե ինչ-որ տեղ միտումնավոր բաներ եղել են, բայց թող դրանով հետաքննող լրագրողները, քննիչները զբաղվեն։



«Ես 2 կուսակցության մեջ եմ եղել՝ մեկ ՀՀՇ-ի մեջ, մեկ էլ՝ ՀՅԴ-ի մեջ, 2-ի մեջ էլ եղել եմ, երբ նրանք ընդդիմություն են եղել, եւ 2-ից էլ դուրս եմ եկել, երբ նրանք իշխանության մաս են կազմել, որովհետեւ այն ժամանակ ընդդիմություն եղել եմ՝ հավատալով, որ ինչ-որ բան կփոխեն երկրում։ Ամոթ ինձ, եթե այնպիսի մի ընդդիմություն հայտնվի, որ ներքուստ հավատամ՝ սա կարող է Հայաստանում մի բան փոխի, ու ես, ինչ-որ բանից վախենալով, չանդամակցեմ այդ ընդդիմությանը։ Ասում եմ՝ թող ամոթ լինի ինձ, ու մի լավ օր չտեսնեմ իմ կյանքում, եթե այդպես լինի։ Պարզապես այդպիսի ուժ չկա, դրա համար մարդիկ ասում են՝ եղած-չեղած, էլի գոնե որոշակի մի երաշխիք, կայունություն կա։ Իսկ այն, որ ընտրատեղամասում սա կփոխեն, նա կփոխեն, դա որակ չի ստեղծում, եւ դրանով բան չէր փոխվի»։



Դեւրիկյանը վախենում է, որ այն մարդիկ, ովքեր այսօր խոսում են, միտինգ են անում՝ չեն կարող իշխանության գալ ու եթե անգամ ինչ-որ բանում հաղթել են, գալու են ուրիշի դրածոն դառնան։ «Եվ այստեղ մի էական վտանգավոր միտում կա, որ այսօր, այսպես ասած, քաղաքական լարվածությունն իրականացվում է ոչ թե խորհրդարանական ուժերի, այլ արտախորհրդարանական ուժերի կողմից։ Խորհրդարանական ուժերից «Ժառանգությանը» եկեք բնորոշումներ չտանք, ու թե ինչքանով ներկայացվածություն ունի։ Ու եթե ՀԱԿ-ը հանենք, ըստ էության, մենք ընդդիմադիր քաղաքական ուժ խորհրդարանում չունենք, ու դա վտանգավոր է։ Դա բերում է տարբեր արկածախնդիրների, դեմագոգների, անգամ ազնիվ մղում ունեցող, բայց համապատասխան ինտելեկտ չունեցող մարդկանց։ Դա իմ ամենամեծ մտահոգությունն է՝ այսօրվա արտախորհրդարանական ընդդիմությունը, որ ընդդիմություն էլ չի, դա կամաց-կամաց այնպիսի մի զանգված է, որը դժբախտ, գազազած, չարացած մարդկանց կարող է իր շուրջը հավաքի, որոնց մարդկայնորեն ես հասկանում եմ։ Բայց այդ մարդիկ երկրում բան չեն կարող փոխել, այդ մարդկանց մասին իշխանությունները պետք է մտածեն։ Դրա համար մեր բոլոր հարցադրումները պարզ, սոցիալական խնդիրներից այն կողմ չեն անցնում, ավելի խորը ընդդիմադիր հարցադրումներ չկան, ասենք՝ երկրի զարգացումն ինչ կառավարման մոդելի լինի եւ այլն»։



Ինչ վերաբերում է ընդդիմության արդեն միավորված ճակատին, ապա Դեւրիկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերն է հիշեցնում, որն ասում էր՝ ազգափրկիչներին մի հավատացեք. «Պետք է ներքին բարեփոխումներ լինեն, ոչ թե այդպես արտաքին, ագրեսիվ ձեւերով։ Ի՞նչ է նշանակում քվեաթերթիկը պատռել եւ գցել. սա արհամարհական վերաբերմունք է, որպես ՀՀ քաղաքացի, ես ինձ վիրավորված զգացի։ Բազմաթիվ ընկերներ ունեմ, ովքեր «ոչ» են ասել, որոնք իրենց իրավունքն են արտահայտել, բայց մարդիկ չեն ուզել ինքնադրսեւորվեն, ինքնացուցադրվեն, հարգանք են ունեցել այդ քվեաթերթիկի հանդեպ եւ իրենց դիրքորոշումն են արտահայտել։ Այն մարդիկ, ովքեր այսօր հրապարակներում են, ընդունակ չեն ամենօրյա աշխատանքով երկրում ինչ-որ բան փոխելու, դա ինձ ցավ է պատճառում։ Սրանից մի 2-3 տարի առաջ ինչ ընդդիմադիր անուն ասում էին, բոլորին գիտեինք, հիմա անհայտ անուններ են հայտնվել, որ ես քչից-շատից գիր-գրականության հետ կապ ունեմ, ամեն օր առավոտները թերթ եմ կարդում, բայց մարդիկ կան, որ չգիտես որտեղից հայտնվեցին...»։ Ժիրայր Սեֆիլյանն անհա՞յտ անուն է։



«Ժիրայր Սեֆիլյանը հասկանալի է, որ անհայտ չի, նրա մասին չի խոսքը, բայց, օրինակ, երթերի առաջին շարքերի դեմքերի մեծ մասն անծանոթ են, իսկ առաջ 1-ին, 2-րդ, 3-րդ շարքն էլ գիտեի, հիմա չեմ կարա ասեմ, ե՞ս եմ հետ մնացել, թե՞ ինչ-որ պատահական մարդիկ են հայտնվել։ Այդ մարդիկ այսօր ավելի շատ ընդդիմություն են ժողովրդի հանդեպ, քան իշխանությունների, եւ մրցակցություն ունեն համար առաջին ընդդիմություն լինելու համար։ Վերջին 7-8 տարիներին ես այն տպավորությունն եմ ստանում, որ ընդդիմությունը պայքարում է ոչ թե իշխանություն գալու համար, այլ ընդդիմադիրների մեջ առաջին տեղ գրավելու համար։ Այսինքն՝ իրանք իրար դեմ են պայքարում, ոչ թե իշխանության դեմ»։



Վարդան Դեւրիկյանը չէր ցանկանա, որ իշխանափոխություն լինի, բայց, անկախ դրանից, կողմ է եղել իշխանության բարեփոխմանը. «Եթե որեւէ մեկը Հայաստանում ցանկանում է իշխանափոխություն անի, պետք է հետեւի Նիկոլ Փաշինյանի այն կետերին, որ նա նշել էր։ Սար ու ձոր կա իմ ու Նիկոլի հայացքների մեջ, բայց ես իրեն Հայաստանում փոփոխությունների առաքյալ կարող եմ համարել, ինքն ընտրել է ամենաանշնորհակալ ճանապարհը՝ օրինական ընտրություններով փորձել տեր կանգնել ձայներին։ Բոլոր այդ երթերը, հոգեցունց բաները ժողովրդին իրական պարտության են տանում։ Դա շատ դժվար է, բայց Նիկոլն ընտրել է մի ճանապարհ, որի անհաջողության դեպքում պարտվողն ինքն է լինելու եւ ոչ թե ժողովուրդը»։