ԱՄՆ-ը խզե՞լ է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունները

ԱՄՆ-ը խզե՞լ է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունները

Միացյալ Նահանգների Կոնգրեսում գալիք փետրվարի առաջին տասնօրյակում ամենայն հավանականությամբ կքննարկվի կոնգերսական Քրիս Սմիթի եւ սենատոր Ռոջեր Ուիքերի համահեղինակած՝ ՛՛Հանուն Ադրբեջանում ժողովրդավարության՛՛ անվանմամբ օրինագիծ, որը պատժամիջոցներ է սահմանում Ալիեւի եւ ռեժիմի մյուս պարագլուխների նկատմամբ, արգելափակում ԱՄՆ- Ադրբեջան տնտեսական եւ այլ կարգի հարաբերությունները, վերականգնում «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որով Ադրբեջանը փաստացի ճանաչված է ագրեսոր երկիր:



Կընդունվի՞ «Հանուն Ադրբեջանում ժողովրդավարության» օրինագիծը: Ինչպես haqqin.az-ն է ներկայացնում, Վաշինգտոնի փորձագիտական շրջանակների կարծիքով ՛՛հավանականությունը չափազանց մեծ է՛՛: Միաժամանակ կարծիք կա, որ օրինագիծը կընդունվի որոշակի փոփոխություններով: Պատժամիջոցներն ուղղակի չեն կիրառվի Ալիեւի եւ կառավարության անդամների դեմ, «անցանկալի անձանց» ցուցակում կընդգրկվեն պետական ապարատի ավելի ստորին օղակի պատասխանատուներ, իսկ տնտեսական հարաբերությունների սահմանափակումները կընդգրկեն ոչ ռազմավարական նշանակության ոլորտներ:



Փորձագետները միաժամանակ կարծում են, որ Միացյալ Նահանգները, «որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, չեն վերականգնի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, բայց Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցային գործընթացում կպնդեն դրա սկզբունքային կարեւորությունը»:



Վերջին ձեւակերպումը մի փոքր մշուշոտ է, սակայն հասկացվում է, որ ԱՄՆ- ը իրավականորեն Ադրբեջանին ագրեսոր ճանաչող ակտը գործողության մեջ չի դնի, սակայն դիվանագիտական խողովակներով դա կպնդի որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր: Ասվածն սկզբունքորեն ներգրվում է նաեւ մի խումբ կոնգրեսականների նախաձեռնությանը, որն Սպիտակ տանը հորդորում է Լեռնային Ղարաբաղում ստեղծել զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմներ:



Դժվար է ասել՝ ի՞նչ կտան կոնգրեսականների նախաձեռնությունները: Հնարավոր է, դրանք Ալիեւի ռեժիմին ուղղված ազդակներ են, որպեսզի վերջինս վերանայի Ռուսաստանի հետ հարաբերությունները: Բացառված չէ, որ Վաշինգտոնում փորձ է արվում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը վերադարձնել 2000-ական թվականների սկզբի վեկտորին: Այդպե՞ս է, թե՞ ոչ՝ պարզ կդառնա գալիք տարվա առաջին ամիսներին:



Այս պահի դրությամբ ուշագրավն այն է, որ ադրբեջանական մամուլը, մեկնաբանելով «Հանուն Ադրբեջանում ժողովրդավարության» օրինագծի շրջանառման դրդապատճառները, գուցե թե ակամա, բայց էական բացահայտում է արել: Պարզվում է, ավելի քան մեկ տարի է, ինչ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանը զրկված է պետական դեպարտամենտի որեւէ պաշտոնյայի ընդունելությանն արժանանալու հնարավորությունից: (http://haqqin.az/news/59936)



Լրատվամիջոցը դա բացատրում է պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի «հակաադրբեջանական կեցվածքով», բայց միամտություն է կարծել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը կառուցվում է այս կամ այն պաշտոնյայի նախասիրություններով: Ըստ էության, բացահայտվում է, որ 2015թ. փետրվարին Նուլանդի Բաքու այցը ձախողվել է Ալիեւի մեղքով, որից հետո պետդեպարտամենտը Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանին ոչ պաշտոնապես անցանկալի անձ է հայտարարել եւ նրա առջեւ փակել դռները:



Գործնականում դա հավասարազոր է ԱՄՆ- Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների միակողմանի խզման, որովհետեւ եթե դեսպան Սուլեյմանովը մուտք չունի պետդեպարտամենտ, ապա ի՞նչ այլ խողովակներով կարող է Ալիեւի ռեժիմը հարաբերվել Սպիտակ տան հետ: Այլ պաշտոնական խողովակներ չկան, պետական դեպարտամենտի պնդմամբ Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդին Վաշինգտոնում փակել է ՛՛ԱՄՆ- Ադրբեջան բարեկամության՛՛ ակումբը, հրեական լոբբին, նկատի ունենալով ԱՄՆ- Իսրայել, Իսրայել-Թուրքիա հարաբերությունների ներկայիս վիճակը, ձեռնպահ է մնում Բաքվի շահերն առաջ մղելու քայլերից, նավթային հետաքրքրություններն այլեւս այն չեն:



«Իրավիճակը շտկելու համար մնում է մեկ հնարավորություն՝ ԿՀՎ հետ սերտ կապեր ունեցող Ֆեթհուլլահ Գյուլենի օգնությունը, բայց հնարավո՞ր է, որ Գյուլենն աջակցի Ալիեւին այն դեպքում, երբ վերջինս Էրդողանի հետ համաձայնությամբ Ադրբեջանում արշավ է սկսել նրա հետեւորդների՝ նուրսիական ուսմունքի դեմ»,- եզրափակում է haqqin.az-ը: Իրոք, Ադրբեջանը որեւէ հնարավորությու՞ն ունի կանխելու պատժամիջոցներ սահմանող օրինագծի ընդունումը: Թվում է՝ այո: Դա Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունից հրաժարվելու մասին անձամբ Ալիեւի կողմից հայտարարությունը կարող է լինել: Բայց ի՞նչ կարժենա այդ հայտարարությունը՝ խնդիրը դա է:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ