Ունեցածը տալով է շատանում, մանավանդ՝ շռայլելով

Ունեցածը տալով է շատանում, մանավանդ՝ շռայլելով

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել մի ամբողջ շարք քաղաքական եւ հասարակական գործիչների մեդալներով պարգեւատրելու մասին։ Հրաշալի է:



Կարդում եմ առաջին անունը՝ Էդուարդ Հովսեփի Շարմազանով... Դաաաաա.... Ես միշտ ասել եմ, որ այս երիտասարդը դեռ շատ առաջ կգնա: Ահավասիկ՝ նախագահը նրա անունը տվել է Հովիկ Աբրահամյանից ու Գալուստ Սահակյանից առաջ...



Շարունակում եմ ընթերցումը: Հաջորդ անունը՝ Կարեն Կարլենի Ավագյան... Յաաա, էս հավերժ նախկին երիտասարդ ՀՀԿ-ական Կարենը չի՞: Հա էլի, պարզ գրված է՝ պատգամավոր: Սկսում եմ կասկածել՝ պատահաբար նախագահիս քեֆը լավ չի՞ եղել այս հրամանագիրն ստորագրելիս: Դե Նոր տարուն ո՞վ մի քանի բաժակ չի խմում: Իսկ նախագահի պարագայում, հասկանում ես, նախատոնական կորպորատիվներ, վաղուց «ճըտ» եղած լրագրողների ընդունելություն նախագահականում: Այդ տրամադրությամբ կարելի է ամեն տեսակ հրամանագրեր էլ ստորագրել:



Առաջ չանցնելով ասեմ, որ Հայֆեյսբուքը շատ կոպիտ էր արձագանքել այս շքանշանադրությանը: Մի ոչ անհայտ ֆեյսբուքահայ գրել էր՝ «պարգևատրել են անասնաֆերմային»: Դե լավ եք, էլի, մի քիչ ամոթ-աբուռ ունեցեք, հարգանք ունեցեք, վերջիվերջո Ամանոր է, հումոր ունեցեք: Ես, օրինակ, այսպիսի գրառում կանեի՝ Մխիթար Գոշին դրեցին Շարմազանովի և Կարեն Ավագյանի դոշին: Ի դեպ՝ շատ հետաքրքիր է, որ նույն Մխիթար Գոշին դրել են նաև Աղվան Գառնիկի Հովսեփյանի դոշին, և դա այն դեպքում, երբ Աղվան Գառնիկիչը պարտավոր էր Կարեն Կարլենիչին բանտ նստեցնել՝ անզգուշությամբ հարյուրավոր մարդկանց մարմնական վնասվածքներ հասցնելու հոդվածով: Բայց, ինչպես տեսնում ենք, նախագահի տրամադրությունն իրոք լավ է, հումորի զգացումն էլ՝ տեղը:



Շարունակելով ընթերցումը հասնում ենք նախարարաց դասին: Այստեղ մի ամբողջ խումբ նախարարներ, իսկ նրանց հետ ոչ այլ ոք, քան Իշխան Զաքարյանը, պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:



Միանգամից ասեմ, որ Առաջին աստիճանի մեդալը նախագահը տվել է Էդվարդ Նալբանդյանին: Եվ գիտե՞ք ինչու: Գլխի չե՞ք ընկնում: Ասեմ՝ որովհետև Էդվարդ Նալբանդյանը կարողացել է սահնակից կառչած մնալ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի կտրուկ շրջադարձերի ժամանակ: Այո, մեծատառով դիվանագետ պետք է լինել՝ Բրյուսելին և Մոսկվային նույն լրջությամբ համոզելու համար, որ մենք իրենցն ենք: Ինչևէ:



Հիմա՝ 2-րդ աստիճանի մասին: Այս խմբում, ինչպես ասացինք, Իշխան Զաքարյանն է՝ իր զոհերով, այսինքն՝ բյուջեն լափողներով: Թե ինչպես է Սերժ Սարգսյանը հաջողացրել վերահսկիչին պարգևատրել գերատեսչությունների ղեկավարների հետ, որոնց մոտ, մեղմ ասած, թալանի դեպքեր են արձանագրվել ամենաբարձր մակարդակով, դժվարանում ենք ասել: Երևի դարձյալ հումորն է խոսել մեջը:



Այս խմբում է նաև բանկիրների բանկիր Արթուր Յուրիի Ջավադյանը, ով, ճիշտ է, բյուջե չի լափում (եթե բյուջեի հույսին մնացած լիներ այդքան թարմ տեսք չէր ունենա), բայց բոլոր ճուտ բանկերին թույլ է տալիս ժողովրդի գրպանի պարունակությունը լափել՝ զանազան խաբեություններով: Դա, պարզվում է, հայրենիքին մատուցած ծառայություն է կոչվում և պարգևատրվում 2-րդ աստիճանով: Բայց ես, օրինակ, Ջավադյանին մեդալ տալու փոխարեն, կհարցնեի՝ պարոն Ջավադյան, չե՞ս տեսնում, թե ինչ խայտառակություն է կատարվում բանկերում: Տպավորություն է, որ Հայաստանում մնացել են միայն նրանք, ովքեր բանկի տոկոսի տակ են: Էս ի՞նչ տոկոսներ են, պարոն Ջավադյան: Ես անունն ի՞նչ դնեմ, որ քեզ մեդալ տամ:



Կարդում եմ՝  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել Կրթության եւ գիտության նախարար Արմեն Գեւորգի Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Ստեփանի Պողոսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հրանտի Հակոբյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարի Բեգլարյանը... Եթե սա լիներ ոչ թե Նոր տարվա, այլ հրաժեշտի երեկո, ես թերևս հասկանայի նախագահի հումորը:



Ախր այդ երբվանի՞ց է Ֆեյսբուքում ստատուս գրելն ու «ինչ, որտեղ, երբ» խաղալը հայրենիքին մատուցած ծառայություն համարվում: Կամ՝ ենթադրենք Գագիկ Բեգլարյանը Տուլայի վթարի զոհերին բերեց-հասցրեց տուն, իսկ Հրանուշն էլ մի քանի անգամ այցելեց «Իսլամական պետության» դեմ պայքարի առաջին գծում կանգնած մեր սիրիահայ հայրենակիցներին, իսկ ի՞նչ է արել հայրենիքի համար Հասմիկ Ստեփանովնան: Իսկ գուցե նախագահի ընտանիքին մի քանի տեղ ուղեկցելուն հիմա արդեն հայրենիքին մատուցած ծառայությո՞ւն են ասում:



Ինչ մեղքս թաքցնեմ, վաղուց այսքան չէինք խնդացել: Մեր կարծիքով՝ նախագահականում էլ գիտեին, որ խնդալու բան են անում, դրա համար էլ հրամանագիրը կայքում չէին դրել:



Ամեն դեպքում՝ շնորհավոր նոր՝ 2016 թվական: Մենք հեչ նախանձ չենք: Ինչքան շատ մարդ պարգևատրվի, այնքան լավ: Իսկ եթե ավելի լուրջ՝ վաղուց ժամանակն է՝ «Հայաստանում մնալու խիզախության համար» մեդալ սահմանելու:



Հ.Գ. Սրտանց շնորհավորում եմ նաև բոլոր արժանավորներին, որոնց անուններն այստեղ չտվեցինք, բայց որոնք հիրավի արժանի էին այդ մեդալներին և նախագահի ձեռքից էլ դրանք ընդունում են ամենայն լրջությամբ՝ որպես գնահատանք իրենց հայրենանվեր աշխատանքի: