Արգելված թեմաներ

Արգելված թեմաներ

Ես այն կարծիքին եմ, որ մամուլում կարելի է գրել ամեն ինչի մասին՝ անգամ արտաքուստ արգելված թեմաների․ սեքսի, սեռական փոքրամասնությունների, մարդկանց անձնական կյանքի, ապրումների, փոխհարաբերությունների։ Պարզապես՝ ամեն ինչին ձեւ կա, կարգ կա։ Ասենք, մի հայտնի սեքս-սկանդալի մասին նյութն առաջինը «Հրապարակն» էր գրել, սակայն գրելու իմաստը ոչ թե, լրագրողական լեզվով ասած, քլիքներ կորզելն էր՝ դիտումներ ապահովելը, այլ շատ լուրջ հարց էինք բարձրացրել այդ նյութում. մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության, մտերիմ ընկերուհիների փարիսեցիության, սրբի դիմակ հագնելու եւ իրենցից տարբերվողի վրա ոհմակով հարձակվելու։ Ցավոք, մեր խոսքը հնչեց որպես «ձայն բարբառո հանապատի», եւ անգամ այն անձը, որին փորձել էինք պաշտպանել, չընկալեց գրվածի իմաստը։ Բայց դրան նպաստեց նաեւ այն մթնոլորտը, որը տիրում է մեզանում եւ հատկապես ինտերնետ տիրույթում, որտեղ լեշի հոտ առած ցիների նման հարձակվում են «քլիք բերող» նյութի վրա, ապականում, ոչնչացնում, այլասերում ամեն ինչ։ Մի թարմ օրինակ բերեմ։



Օրեր առաջ մենք մի փոքրիկ նյութ էինք դրել կայքում (ընդ որում՝ մեծ թվով «թեթեւ ժանրի» նյութեր տեղադրվում են կայքում, բայց տեղ չեն գտնում թերթում)․ «Աստղային զույգեր, որոնք երկրորդ անգամ են փորձում կյանքը դասավորել» վերտառությամբ։ Հայտնի անձանց մասին էր նյութը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդու, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանի։ Գրել էինք՝ օրինակներ բերելով Պուտինի, Սարկոզիի կյանքից, որոնք կարծես ապացուցեցին, որ ամուսնալուծված լինելը չի կարող մարդու քաղաքական կենսագրության վրա բացասաբար ազդել, եւ հայտնիները եւս, ինչպես շարքային մահկանացուները, կարող են ամուսնալուծվել, կրկին ամուսնանալ եւ իրավունք ունեն երջանիկ լինելու։ Թեթեւ, բարի նյութ էր, որից, ի դեպ, մեր հրապարակման հերոսները չէին նեղացել։ Բայց այն, ինչ կատարվեց դրանից հետո, մեզ ստիպեց գրեթե փոշմանել, որ նման նյութ ենք գրել։ Ողջ լրատվադաշտը հարձակվեց այս անձանց վրա, սկսեց հետապնդել նրանց, պարզել, թե ով ում հետ է, երբվանից, երբ են ամուսնանալու, որտեղ են անցկացնելու մեղրամիսը, ինչպես են բաժանվել, ինչ հարաբերությունների մեջ են նախկին կողակցի հետ, որտեղ են հանդիպում։ Եվ այդ բոլորը՝ տգեղ, տհաճ որակումներով, մարդու անձնական կյանքը տրորելու, զզվեցնելու, սերն ու ամուսնությունն էժանացնելու գնով։ Այդ հորձանուտում այլեւս հնարավոր չէր թացը չորից զատել, տեքստային վերլուծություն անել, եւ, բնականաբար, մեղքի հիմնական բաժինը լուրն առաջինը գրողինն էր, եւ քննադատության մահակն էլ նրա ոչ այնքան մեղավոր մեջքին էր իջնելու։



Ա. Օ.