Արփինեն Տիգրանին ասում է․ «Չէ»

Արփինեն Տիգրանին ասում է․ «Չէ»

Տիգրան Ուրիխանյանի գլուխը օրենսդրական նախաձեռնությունների անսպառ աղբյուր է։ «Ալյանս» կուսակցության ձևավորման պահից սկսած կուսակցության առաջնորդի նշված օրգանից «համարձակ» գաղափարներ են դուրս պրծնում՝ մեկը մյուսից բախտորոշ հայ ժողովրդի կյանքի համար։ Մեկ նա առաջարկում է ընտրատեղամասերը բացել-փակելուց պետական հիմն հնչեցնել, ցնցումների մեջ գցելով ընտրատեղամասերի հարակից շենքերի բնակիչներին, մեկ անգամ նրանց հիշեցնելով, թե որ երկրի քաղաքացիներն են իրենք։ Մեկ
«Ալյանսի» ղեկավարը որոշում է «բարեփոխել» ԱԺ կանոնակարգ օրենքը, պատգամավորներին իրավունք տալով անսահմանափակ հարցեր ուղղել կառավարության անդամներին, ոչ թե ամիսը 1 գրավոր և մեկ էլ բանավոր հարց տալ։ «Ալյանսի» դեպուտատը նաև ծանր է տանում այն հանգամանքը, որ պատգամավոները չեն հանդիպում քաղաքացիների հետ, որ քաղաքացիները ժամերով գալիս-սպասում են իրենց պատգամավորներին ԱԺ ընդունարանում, կամ իրենց գեղամեջում, բայց այդպես էլ նրանց երեսը չեն տեսնում։ Ուստի, Տիգրան Ուրիխանյանը առաջարկում է պարտադրել պատգամավորներին տեսնել իրենց ընտրողների դեմքերը։



Վերջերս առաջադեմ Ուրիխանյանը հայրենասիրության նոր պոռթկում ունեցավ։ Ինչո՞ւ պետք է հայ ժողովուրդը միայն Հ-1-ով կարողանա արտասահմանյան ֆիլմերը հայերեն դիտել, իսկ մյուս հեռուստաընկերությունները «դաղալություն» անեն ու ռուսերեն թարգմանությամբ ֆիլմերը պտտեցնեն։ Եւ ահա, Ուրիխանյանն առաջարկում է պարտադրել հայկական բոլոր հեռուստաալիքներին միայն հայերենով ֆիլմեր ցուցադրել։ Մեր մեջ ասած, ՀՀ քաղաքացիներից շատերին այնքան էլ դուր չի գալիս Հ1-ով հեռարձակվող կինոների թարգմանության որակը, և հազիվ թե նրանց սրտից է բխում Ուրիխանյանի նախաձեռնությունը։ Բայց կարևորը պրոցեսն է, մշտապես մի նոր բան առաջարկելու ու մերժվելու, որովհետև մերժվելով ես դառնում ընդդիմադիր։ Մերժողը, իհարկե, կառավարությունն է։ Տվյալ դեպքում՝ նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Հենց նրա ձեռքով է Ուրիխանյանը գնալով ավելի ընդդիմադիր կերպար ստանում։ Այսօր էլ նախարարը հերթական բացասական եզրակացությունը տվեց «Ալյանսի» նախագահի գաղափարի կապակցությամբ, և ցանկություն հայտնեց ԱԺ-ում ելույթ ունենալ հարակից զեկույցով։



Գործադիրն ընդունեց Արփինեի դիրքորոշումը՝ Արփինեն դեմ է, որպեսզի ՀՀ գործող բո­լոր հեռուստաընկերություններին եթերով հեռար­ձակվող կինոֆիլմերը պարտադրեն ցուցադրել պետական հայերեն լեզվով։ «Նախագիծը, նպատակ ունենալով ապահովել հայերենի պահ­պանումն ու զարգացումը, մյուս կողմից վտանգում է անձի` ցանկացած միջոցով տեղեկու­թյուն­ներ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը», - գրված է գեղեցկուհի-նախարարի հիմնավորումներում։ Նախարարը, պարզվում է, տեղեկատվության ազատության կողմնակից է, հենց այս իրավունքի սահմանափակում է նա տեսնում Ուրիխանյանի գրածներում. «Նախագծի ընդունման պարագայում հեռուստաընկերության վրա լրացուցիչ ֆինանսական բեռ կընկնի՝ ֆիլմերի թարգմանությունը, կամ թարգմանված ֆիլմերի ձեռքբերումը թանկ հաճույք է մասնավոր ընկերությունների համար։ Տվյալ հանգամանքը կարող է հանգեց­նել փոքր բյուջեով հեռուստաընկերությունների գործու­նե­ու­թյան դադարմանը: Իսկ հեռուստաընկե­րությունների գործունեության դադարման պայման­նե­րում սահմանափակվում է տվյալ հեռուստաընկերության` տեղեկատվություն և գաղափար­ներ տարածելու իրավունքը, որն էլ հանգեցնում է անձի` ցանկացած միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության շրջանակի սահմանա­փակ­մանը․․․»: Ահա այսպես։ Ուրիխանյանը Արփինե Հովհաննիսյանին է կայացման դաշտ տրամադրում, Արփինեն էլ Ուրիխանյանի ընդդիմադիր իմիջի ձևավորմանն է նպաստում։



Սյուզան Սիմոնյան